«3+3» ձևաչափով նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին․ Լավրով
16:35 - 23 դեկտեմբերի, 2022

«3+3» ձևաչափով նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին․ Լավրով

Ռուսաստանը, հավանաբար, առավել քան որևէ մեկը, շահագրգռված է տարածաշրջանում երկու բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն, արդար խաղաղության հաստատմամբ և հակամարտությունների՝ անցյալի դրսևորումների ցանկացած կրկնության հուսալի վերացման համար: Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսում ասել է Սերգեյ Լավրովը՝ նշելով նաև, որ ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը օրակարգից հանված չէ․ Ռուսաստանը պատրաստ է ընդունել այն։

Լավրովը հայտնել է նաև, որ «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան) ձևաչափով՝ նախարարների մակարդակով, նոր հանդիպում է համաձայնեցվում՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտարարել էր, «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին՝ նշելով՝ «դատելով ձևաչափի մասնակից երկրների տրամադրությունից՝ հանդիպման հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստան»։

Նշենք, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել