«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին․ Դենիս Գոնչար
10:48 - 10 դեկտեմբերի, 2022

«3+3» ձևաչափով համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին․ Դենիս Գոնչար

«3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա ամիսներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Ներկայումս մշակվում են «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական տարբերակները։ Հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտակա ամիսներին։ Դատելով ձևաչափի մասնակից երկրների տրամադրությունից՝ հանդիպման հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստան»,- նշել է Գոնչարը։

Գոնչարն նշել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացմանը, ինչին կնպաստի տրանսպորտային երթուղիների վերականգնումը: 
 
«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքի արդիականացման գործում համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի ոլորտում: Դա կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը՝ տարածաշրջանային բազմակողմանի կապերի հաստատման միջոցով, կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»,- ասել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի նոր նիստը նախապատրաստվում է, ժամկետներն ու օրակարգն այժմ համաձայնեցվում են։ 

Նշենք, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին նիստը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների, ինչպես նաև Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի մասնակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել