Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չհասավ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման․ Լևոն Զուրաբյան |news.am|
12:48 - 24 դեկտեմբերի, 2022

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չհասավ Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունման․ Լևոն Զուրաբյան |news.am|

news.am: Հաշվի առնելով այն, որ ՄԱԿ- ի ԱԽ մշտական հինգ անդամների շրջանում կար կոնսենսուս առ այն, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է անհապաղ դադարեցվի, ՀՀ ներկայացուցիչը պետք է հասներ բանաձևի ընդունման, ինչը լուրջ փաստաթուղթ կդառնար։ Այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նրա գնահատմամբ՝ դա Լաչինի միջանցքի հարցը կվերածեր միջազգային իրավունքի տարի, ինչը երկարաժամկետ հեռանկարում կարևոր ազդեցություն կունենար, հնարավոր կլիներ հղում կատարել միակ իրական միջազգային փաստաթղթի։

«Սակայն ՀՀ իշխանությունը, չգիտես ինչու, դա չարեց։ Մինչ օրս պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչու դա չարվեց։ Պատճառը կարող է լինել իշխանության թույլ պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև այն, որ իշխանությունը որոշ երկրների հետ համաձայնության է եկել, և այդ երկրներն ասել են, որ նման ճնշումը չափազանց մեծ կլինի Ադրբեջանի համար, և, հնարավոր է, խոստացել են հարցի այլ լուծում։ Սակայն ոչ մի լուծում դեռ չենք տեսնում»,- նշեց Զուրաբյանը։

Նա համոզված է, որ կան լծակներ, որոնք միջազգային հանրությունը կարող է կիրառել Ադրբեջանի և Ռուսաստանի դեմ, այսինքն՝ դրանք կան և՛ ԱՄՆ- ի, և՛ եվրոպական երկրների մոտ։ Զուրաբյանը պարզաբանեց, որ Արևմուտքը կարող էր սպառնալ տնտեսական պատժամիջոցներով և Ադրբեջանի հետ պայմանագրերից հրաժարվելով, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ կան առավել խորը շահեր․ Արևմուտքը փնտրում է այլընտրանքային գործընկերներ էներգառեսուրսների շուկայում, և նման գործընկեր կարող է դառնալ Բաքուն։

«Իր հերթին, Ռուսաստանը չի կարող և չի ուզում կոշտ առճակատում Ադրբեջանի հետ և հասկանում է, որ դա կարող է ռազմական բախման հանգեցնել։ Իսկ դա կհանգեցնի նաև Թուրքիայի հետ բախման, որն այսօր կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար՝ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին։ Մենք կարող ենք դժգոհել Ռուսաստանից ու Արևմուտքից, սակայն կարևոր է հասկանալ այն պատճառները, թե ինչու աշխարհում չկան դաշնակիցներ և ուժեր, որոնք պատրաստ են մեզ հետ լուծել մեր ազգային շահերին վերաբերող հարցերը։ Սա իշխանության ոչ ադեկվատ քաղաքականության արդյունքն է։ Վստահության լուրջ կրեդիտ ունենալով՝ Փաշինյանը կարող էր ուժի դիրքից առանց պատերազմի լուծել հարցը։ Կարելի էր տալ հինգ շրջանները և այնտեղ խաղաղապահների տեղակայել։ Նման դեպքում անվտանգության տեսանկյունից իրավիաճակն ավելի բարենպաստ կլիներ, քան այսօր»,- հավելեց Զուրաբյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել