ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները |hetq.am|
11:09 - 27 դեկտեմբերի, 2022

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները |hetq.am|

hetq.am: Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) դադարեցրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմել էր արդարադատության նախարար (դիմելու պահին՝ նախարարի լիազորությունները կատարող) Գրիգոր Մինասյանը։

Ըստ ԲԴԽ որոշման՝ դատավոր Փիլոսյանը չորս քաղաքացիների վճիռները տրամադրել է սահմանված ժամկետից 1-2 տարի ուշացումով, ինչն էլ համարվել է էական խախտում։

ԲԴԽ 9 անդամներից հարցի քննությանը մասնակցել է 8-ը։ Բոլորն էլ միակարծիք են եղել, որ Աննա Փիլոսյանը կարգապահական խախտում է թույլ տվել։ Միայն ԲԴԽ անդամներ Դավիթ Խաչատուրյանն ու Անի Մխիթարյանն են դեմ եղել խիստ պատասխանատվությանը՝ լիազորությունները դադարեցնելուն։

Աննա Փիլոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲԴԽ որոշմանը։ Փիլոսյանը նշել է, որ հեռանալով դատական իշխանությունից՝ ցանկանում է շնորհակալություն հայտնել ՀՀ երրորդ նախագահին՝ իր հրամանագրով իրեն դատավոր նշանակելու համար, Արդարադատության խորհրդի՝ 2013 թվականի կազմին՝ վստահության, հայրենիքին ու արդարադատությանը ծառայելու բացառիկ հնարավորություն ընձեռելու համար:

«Պաշտոնավարող ու ինձ փոխարինող դատավորներին մաղթում եմ մնալ ամուր, արժանապատիվ ու բարձր կոչմանը հավատարիմ»,-նշել է Ա. Փիլոսյանը: Արդեն նախկին դատավորը շնորհակալություն է հայտնել նաե Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, անդամներ Հայկ Գրիգորյանին, Վիգեն Քոչարյանին, Երանուհի Թումանյանցին, Նաիրա Հովսեփյանին, Մեսրոպ Մակյանին՝ թեկուզ ծայրահեղ անարդար ձևով, իրեն ընտանիքին ու երեխաներին վերադարձնելու համար:

Իսկ ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանին ու Դավիթ Խաչատուրյանին շնորհակալ է իրենց քվեարկության համար: «Կարծում եմ՝ իրավունք վաստակել եմ հայտարարելու, որ հեռանում եմ այնպես, ինչպես եկել եմ՝ խիղճս մաքուր ու ճակատս պարզ»,-եզրափակել է Աննա Փիլոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել