Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ
12:55 - 28 դեկտեմբերի, 2022

Հրատապ մարդասիրական աջակցություն Արցախին. տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ

Դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով, որը վարել է Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նիստին տեսակապի միջոցով մասնակցել են հոգաբարձուների խորհրդի 20 անդամներ, ինչպես նաև հիմնադրամի տեղական մարմինների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված  հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։

Նիստի մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը, շեշտվել է Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբման անհրաժեշտությունը: Ներկայացվել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով դրամահավաք-արշավների կազմակերպման, հիմնադրամի՝ Արցախում իրականացվող ընթացիկ ծրագրերի վերաուղղորդման հնարավորությունները, ինչպես նաև հիմնադրամի կողմից միջազգային տարբեր կառույցներին դիմելու անհրաժեշտությունը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել՝ իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:  

ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2021-2022 թթ. ընթացքում հիմնադրամը Արցախում արդեն իսկ իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքերին։

Կառուցվել և շահագործման են հանձնվել հարյուրավոր բնակարաններ ու առանձնատներ, ավելի քան 52 կմ տարբեր ռազմավարական ճանապարհներ և մի քանի համայնքներում խմելու ջրի ցանցեր, ինչպես նաև ֆինանսավորվել են առողջապահական, կրթական, մշակութային և այլ կարևոր ոլորտների զարգացման տասնյակ ծրագրեր: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել