Մեծ հաշվով Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա գրված է՝ սեւով սպիտակի վրա․ վարչապետ Փաշինյան
13:48 - 10 հունվարի, 2023

Մեծ հաշվով Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա գրված է՝ սեւով սպիտակի վրա․ վարչապետ Փաշինյան

Մամուլի ասուլինի ժամանակ լրագրողներից մեկը հիշեցրեց, որ նախորդ տարի խոսվում էր, թե հնարավոր է՝ մինչեւ տարվա վերջ կնքվի խաղաղության պայմանագիր, բայց փաստերն այլ բան են ցույց տալիս, Ադրբեջանն այլ բան է ուզում, և հարց հնչեցրեց, որ այս փուլում, երբ Ադրբեջանն ու ՌԴ-ն չեն կատարում եռակողմ համաձայնագրի իրենց պարտավորությունները Լաչինի միջանցքի մասով, երբ կարծես թե ելքը չի երեւում, Նիկոլ Փաշինյանը՝ որպես պետության ղեկավար, ունի՞ իր տեսլականը, պատկերացնու՞մ է՝ ոնց է այդ հարցը լուծվելու, ի՞նչ ենք անելու մենք, եթե ադրբեջանցի «բնապահպանները» չբացեն ճանապարհը։

«Ադրբեջանն այլ բան է ուզում։ Այս համատեքստում ես կանեմ մի շարք հայտարարություններ, որոնք սուր կլինեն, բայց ես կուզենայի, որ այդ սուր հայտարարություններին վերաբերվեինք աշխատանքային տրամաբանության մեջ։ Օրինակ՝ ի՞նչ է ուզում Ադրբեջանը, երբ ասացիք՝ այլ բան է ուզում։ Օրինակ՝ կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը։ Նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետեւ տեսնում եք՝ ինչ խոսույթ է զարգացում Ադրբեջանը, մասնավորապես ինչ-որ կազմակերպություններ, նախաձեռնություններ, «պատմական փաստեր» եւ այլն։

Ինչո՞ւ է Ադրբեջանն այնպես վարվում, երբ մենք փորձում ենք հասկանալ՝ ինչու է այդպես վարվում, կան մարդիկ, փորձագետներ, որոնք հետեւյալն են ասում, որ Ադրբեջանն այդպես վարվում է, որովհետեւ մտածում է, որ ՀՀ-ն կամ հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը։ Եւ այդ փորձագետներն էլ ասում են, որ Ադրբեջանն էլ իր համար ունի հիմնավորումներ այդ համատեքստը զարգացնելու համար»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակաբար, այդ թվում կրթական համակարգով ատելության խոսք է զարգացնում, եւ այլն։

«Երբ մենք ուզում ենք հասկանալ՝ ինչու են նրանք այդպես վարվում, փորձագետներն ասում են, որ նրանք էլ մեր գործողություններում եւ պատմության մեջ են տեսնում որոշակի այդպիսի դրսեւորումներ եւ այլն։

Թվում է՝ պարզ հարց է դրված նաեւ եռակողմ հայտարարության տիրույթում, երբ խնդիր է դրվում կարգավորել հարաբերությունները եւ խաղաղություն հաստատել, դա կարող է տեղի ունենալ մի քանի հենքերի վրա․ մասնավորապես փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Երբ հարց է հնչում, թե արդյոք ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանն այո-ն է, մեծ հաշվով ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը ասում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հաջորդ պահին փորձագիտական եւ այլ մակադրակներում հնչում է երկրորդ հարցը՝ իսկ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, եւ ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։

Եվ սա է հաջորդ թեմաներից մեկը, որից ես ուզում եմ մենք էն աղբյուրները ֆիքսենք, որտեղից էդ ջրերը հոսում են։ Հարցի համատեքստը հետեւյալն է։ Մենք էս հարցերին պետք է վերաբերվենք մեծ ընդհանուր պատկերի մեջ։ Այս հարցերի պատասխաններից է կախված ընդհանրապես ապագան»,- նշեց Փաշինյանը։ 

Խոսելով տեսլականի մասին Նիկոլ Փաշինյանը ասաց․ «Մեծ հաշվով Լաչինի միջանցքի հետ կապված իրադրությունը թղթի վրա գրված է՝ սեւով սպիտակի վրա։ Ես ուզում եմ ցավով նշել․ մենք անընդհատ հղում ենք անում (ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը) նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։ Իսկ 2020-ի նոյեմբերի 10-ին այդ մարդկանց մի մասն այդ փաստաթուղթը համարում էր բացարձակապես մեր շահերին չհամապատասխանող դավաճանություն եւ այլն։ Չնայած՝ մենք էլ ենք ասել, որ դա մեր երազանքի փաստաթուղթը չէր։ Մեր տեսլականն այն է, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն։ Մենք էս հարցին պետք է այլ տեսակետից էլ նայենք։ Սա նաեւ մեծ հաշվով սադրանք է, որն ունի երկու նպատակ․ առաջինը՝ կոտրել ԼՂ մեր հայրենակիցների կամքը՝ ապրել սեփական տանը, սեփական հայրենիքում, երկրորդը՝ Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։ Մենք այս հարցին պետք է հետեւողական եւ մտածված քայլերով արձագանքենք, առաջինը՝ այն միջազգային արձագանքը, որ կա, պետք է փորձենք կապիտալիզացնել հենց ԼՂ-ում, հենց Լաչինի միջանցքում։ Այստեղ, իհարկե, շատ կարեւոր է ՌԴ դիրքորոշումը եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեությունը։ Ես վերջին հարցազրույցներից մեկում ասել եմ, որ եթե պարզվի, որ ՌԴ-ն այդ պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամ՝ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ, բազմազգ առաքելություն, որը կապահովի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը։ Սա է մեր ճանապարհը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել