Այսօր Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը. ՄԻՊ
18:59 - 12 հունվարի, 2023

Այսօր Արցախում դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման 32-րդ օրը: Այսօր դադարեցվել են ֆիքսված հեռախոսակապն ու ինտերնետ կապը։ Տեղական ինտերնետ-պրովայդերը պնդում է, որ այն շրջանը, որտեղ «վնասվել է» մալուխը, գտնվում է Լաչինի միջանցքում, որտեղ Ադրբեջանի իշխանությունները մոբիլիզացրել են կեղծ «էկոակտիվիստներին»»,- նշել է Գրիգորյանը:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, իսկ ինտերնետ կապի մատակարարումն ընդհատված է մալուխի վնասվելու պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել