{Չհաստատված} Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով
12:13 - 17 հունվարի, 2023

{Չհաստատված} Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարով

Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ առնվազն երկու տարով։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ «Ազատության» աղբյուրի՝ դեռ անցած շաբաթ այս նախագիծն ընդունվել է Եվրոպական խորհրդի Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում, երեկ էլ հաստատվել դիտորդական առաքելություններով զբաղվող հիմնական կառույցում՝ Ճգնաժամերի կառավարման քաղաքացիական հարցերի հանձնախմբում:

Infocom.am-ի հայաստանյան աղբյուրը հաստատում է տեղեկությունը, որ նախագիծը ընդունվել է կառույցում։

Ըստ Ազատության՝ ի տարբերություն անցած հոկտեմբերին ուղարկված քառասուն հոգանոց խմբի, որը տեղակայվել էր հայ-ադրբեջանական սահմանին, այս անգամ եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում: Նախորդ առաքելության նման, այս անգամ էլ նրանք անզեն կլինեն:

Infocom.am-ի աղբյուրը, մեկնաբանելով այն, որ «եվրոպացի դիտորդները պարեկություն կանեն Հայաստանի ողջ տարածքում», նշում է, որ խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է։

Դեռևս պաշտոնապես դեռ չի հաղորդվում, թե կոնկրետ քանի դիտորդ է ժամանելու, սակայն, ըստ «Ազատության» տեղեկությունների, սակայն, նոր առաքելության կազմում կլինի մոտավորապես երկու հարյուր եվրոպացի մասնագետ:

«Նրանց առաջնահերթությունն է նպաստել, որ Հայաստանի սահմանային գոտիներում ու հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերը նվազեն, այդ տարածքներում ապրողների համար վտանգները կրճատվեն, և դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասված է հանձնախմբի եզրակացության մեջ:

Կառույցն առաջարկել է ԵՄ արտաքին գործերի նախարարությանը առաջիկա օրերին մշակել գործողությունների հատուկ պլան, որը կհստակեցնի՝ ինչ միջոցներով է երաշխավորվելու առաքելության անվտանգությունը, ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչ պաշտպանիչ սարքավորումներ են տրամադրվելու, և կամ անհրաժեշտության դեպքում ինչպես է կազմակերպվելու դիտորդների տարհանումը:

Բացի այդ՝ առաջարկվում է հստակեցնել Հայաստանի իշխանություններից սպասվող աջակցությունը: Բրյուսելը, մասնավորապես, ակնկալում է, որ Երևանը կստանձնի ռուսական ստորաբաժանումների հետ եվրոպացիների շփումների կամ միջադեպերի կառավարման պատասխանատվությունը, ինչպես նաև անհրաժեշտ անձեռնմխելիություն ու արտոնություն կտա դիտորդներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել