Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ. Հրաչյա Սարգսյանը Ալիռեզա Զաքանին հրավիրել է Հայաստան
19:35 - 18 հունվարի, 2023

Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ. Հրաչյա Սարգսյանը Ալիռեզա Զաքանին հրավիրել է Հայաստան

Պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի հետ:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Ընդգծելով երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցության կարևորությունը՝ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին նկատել են, որ հարաբերությունների ներուժը զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի:

Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է Երևանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

Մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով հրավերի ու ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետը Թեհրանի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել