Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 2 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ
12:43 - 19 հունվարի, 2023

Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 2 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ

Այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ ևս երկու բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով»ախտորոշումներով, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ»,- նշված է Արցախի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ 

Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 36 հիվանդ։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Միայն հունվարի 17-ին 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։

Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել