Արցախի ներկայացուցիչները Կանադայի խորհրդարանում Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստեր են ներկայացրել
 |armenpress.am|
15:10 - 26 հունվարի, 2023

Արցախի ներկայացուցիչները Կանադայի խորհրդարանում Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների վերաբերյալ փաստեր են ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Կանադայի Համանյքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման մշտական հանձնաժողովը հունվարի 25-ին գումարել է երկու առանձին նիտեր։

Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, նիստերը գումարվել են՝ համաձայն հանձնաժողովի կողմից նախորդ շաբաթ միաձայն ընդունված որոշման: Որոշման նախագիծը ներկայացվել էր «Քվեբեկի բլոկ» խմբակցության անդամ Սթեֆան Բերգերոյի կողմից, որը պահանջել էր նվազագույնը երեք հանդիպում, որոնց ընթացքում հանձնաժողովի անդամները հնարավորություն կունենան լսելու Արցախի Հանրապետությունը ներկայացնող անձանց, ինչպես նաև՝ փորձագետների և կանադահայ համայնքի ներկայացուցիչների։

Կանադական խորհրդարանում կայացած նիստերի բացառիկ բնույթն ու պատմականությունը նրանում է, որ առաջին անգամ Արցախի Հանրապետության պետական ներկայացուցիչները հանդես եկան կանադական խորհրդարանի առջև և ներկայացրեցին Արցախի բնակչության պայքարը հանուն արժանապատիվ կյանքի։ Առաջին հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի համանախագահ Շահեն Միրաքյանը, դոկտոր Թալին Փափազյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Երկրորդ հանդիպմանը մասնակցել են «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը և Վինդսորի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Վոթերսը։

Հրավիրյալները, յուրաքանչյուրն իր մասով, հանգամանորեն անդրադարձել են ստեղծված իրավիճակին։ Կարևորվել է Կանադայի կողմից Ադրբեջանի վրա միջազգային ճնշման իրականացումը, որպեսզի վերջինս վերջ տա իր ցեղասպան քաղաքականությանը։

Արցախի Հանրապետության ներկայացուցիչները հանձնաժողովի անդամներին ներկայացրել են իրական փաստեր՝ կապված մարդասիրական ծանր հետևանքների և Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայի հետևանքների հետ, ինչպես նաև Արցախի Հանրապետության առաջնահերթություններն ու ազատ ու անկախ կյանքի տեսլականը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում խորհրդարանական հանձնաժողովի անդամներին այս կարևոր հարցում օժանդակության համար և հասատատակամ է շարունակելու ջանքերը՝ Արցախի շրջափակմանը վերջ դնելու և Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել