azatutyun.am: Արևմուտքի ու Հայաստանի հասցեին քննադատական ձևակերպումներով Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան խանդի տեսարան, վստահ է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը.
«Ավելի շատ այդ տեքսը խանդի տեսարան է, քան բովանդակային որևէ պարունակություն ունի», - ասաց Խաչատրյանը։
Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության քաղաքացիական մոնիթորինգային առաքելության ստեղծման մասին ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ «այն կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։
«Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու Եվրամիության փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում»,- ասված էր հաղորդագրությունում։
Մոսկվան համոզված է՝ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը։
Իշխանական պատգամավորը կարծում է՝ ռուսական կողմը պարզապես իր անգործությունն է փորձում արդարացնել.
«Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը բոլոր հնարավորությունն ունեն իրենց առաքելությունը կատարելու և վաղուց կարող էին ինչ-որ պետք է անեին ու ոչինչ չեն արել։ Եթե իրենք իրենց պարտականությունները կատարեին, նման խնդիր չէր առաջանա ընդհանրապես», - ասաց Խաչատրյանը։
Արտգործնախարարությունը նաև նշել էր, որ «ռուս սահմանապահները կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը»։
Պաշտոնական Մոսկվան արձանագրում է, որ «Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի»:
«Ընդհանրապես կոռեկտ չի, որ իրենք փորձում են մեր արտաքին քաղաքականությանը գնահատականներ տալ, դա ես համարում եմ ոչ դիվանագիտական լեզու», - ասաց իշխանական պատգամավորը։
Նշենք, որ Հայաստանի արտաքին գերատեսչությունը դեռևս չի արձագանքել ՌԴ ԱԳՆ հայտարարությանը։
comment.count (0)