Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին
 |armenpress.am|
12:02 - 30 հունվարի, 2023

Ֆինլանդիան Թուրքիայից ոչ մի ապացույց չի ստացել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իրենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում առաջընթացի ոչ մի ապացույց չեն ստացել Թուրքիայից:

Այդ մասին տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից: «Արտաքին գործերի նախարարությունը որևէ ապացույց չի ստացել այն մասին, որ Թուրքիան առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման հարցում... Բացի այդ, ես կցանկանայի ասել, որ մինչ այժմ մենք որևէ կոնկրետ քայլ չենք տեսել Թուրքիայի կողմից», - կիրակի օրը Yle հարթակին ասել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի քաղաքական վարչության գլխավոր տնօրեն Պիրիտա Ասունմաան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի խոսքերն այն մասին, որ Անկարան կարող է Շվեդիայից առանձին դիտարկել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտը։

Ըստ արտաքին քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Թոնի Ալարանտի՝ Թուրքիան պետք է պաշտոնական հայտարարությամբ հանդես գա այն մասին, որ Ֆինլանդիան կատարել է անդամակցության համար համաձայնեցված բոլոր պայմանները, և որ ոչ մի նոր պայմաններ չեն լինի։ Ալարանտան հավելել է, որ դեռևս դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունի էրդողանն՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը կդիտարկվի Շվեդիայից առանձին:

«Միտքդ է գալիս «բաժանիր և տիրիր» քաղաքականության գաղափարը», - նշել է նա։

Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել