ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է իր քաղաքացիներին ահաբեկիչների կողմից Ստամբուլում կամ այլ վայրերում եկեղեցիների, սինագոգների և դիվանագիտական առաքելությունների դեմ ուղղված հնարավոր անմիջական պատասխան հարձակումների մասին, հատկապես Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ և Իսթիքլալ շրջաններում: Նման հայտարարություն է տարածել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ Թուրքիայի իշխանությունները հետաքննում են այս հարցը։
Այս հաղորդագրությունը թարմացնում է 2023 թվականի հունվարի 27-ի նախազգուշացումը, որը կապված էր Եվրոպայում Ղուրանի այրման միջադեպերի հետ:
Հիշեցնենք՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ծայրահեղականներից մեկն այրել էր Ղուրանը՝ նախապես իշխանություններից թույլտվություն ստանալով ցույցն անցկացնելու համար: Նույն օրը Թուրքիայի ԱԳՆ-ն տեղի ունեցածը որակել էր ահաբեկչական կազմակերպությունների քարոզչությունը կանխելու համար Շվեդիայի ստորագրած եռակողմ հուշագրի պարտավորությունների ակնհայտ խախտում։ Իսկ Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Ստոկհոլմն այլևս չպետք է հույս դնի Անկարայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի հարցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է «տարբեր կերպ» արձագանքել Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, ինչը կարող է «ցնցել» Շվեդիային։
comment.count (0)