Դրանք չգործող զորամասեր են եղել․ Գեղամ Մանուկյանը՝ Օհանյանի կողմից զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման միջնորդագրի մասին |news.am|
13:26 - 07 փետրվարի, 2023

Դրանք չգործող զորամասեր են եղել․ Գեղամ Մանուկյանը՝ Օհանյանի կողմից զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման միջնորդագրի մասին |news.am|

news.am: Հիմնական շեշտը դնում են նրա վրա, որ տեսեք՝ զորամասեր են վաճառվել, բայց դատախազը այսօր նշեց, որ դրանք չգործող զորամասեր են եղել, հետեւաբար տեղի չէ շեշտադրումը, որ Նախիջեւանի սահմանին զորամաս է վաճառվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու հարցին, որով ԱԺ է եկել գլխավոր դատախազը:

«Ես բերել եմ մի փաստաթուղթ, 2022-ի ապրիլի 15-ի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ: ՊՆ-ի թվով 71 գույք փոխանցվում է պետական գույքի կառավարման կոմիտեին, որ հետո օտարվի, վաճառվի: Այստեղ 71 զորամասի հասցե է, «ստալիչնի պոլկ»-ն էլ մեջը, տարբեր քաղաքների զորամասեր:  Հիմա ի՞նչ հայտարարենք, որ զորամասեր են վաճառվո՞ւմ: Ոչ, պարզապես այս զորամասերը չգործող են եւ նույնիսկ  դրանց պահպանությունը ՊՆ-ի համար բեռ է, դրա համար  դրվել է վաճառքի»,-ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ գլխավոր դատախազը հայտարարեց, որ դրանք պետական շահի տեսանկյունից չեն օտարվել, Մանուկյանն ասաց. «Արշակունյաց պողոտաի վրա եղած 6 հեկտարանոց զորամասը վաճառվելը պետական շահի տեսանկյունի՞ց է, թե ոչ: Կրկնում եմ՝ խոսքը երկու չգործող փոքր զորամասի մասին է: Շատերը Արարատի ճանապարհին կտեսնեն, մինչեւ հիմա անխնամ մնացել են, որոնք իրենց ֆունկցիան վաղուց ավարտած են եղել: Դրանք համարենք պետական շահին վնա՞ս, թե ոչ: Սա պարզապես շոու է: Հիմա ես հրապարակեմ 71 անուն գույք ու ասեմ՝ Սուրեն Պապիկյանը վաճառե՞լ է: Քանի որ չգործող զորամաս է, ՊՆ-ն նպատակահարմար չի գտնում իր հաշվեկշռում պահել՝ հոսանք ծախսի, պահակ պահի»:

Ինչ վեաբերում է նրան, որ շոիկայականից անհամեմատ ցածր գնով է վաճառվել, Գեղամ Մանուկյանն ասաց. «Չեմ ուզենա մանրանալ, ավելի լավ է կադաստրի մասնագետներին դիմել: նորից եմ վերահաստատում, Ազատ գյուղում տեղի նունեցած ողբերգության հաջորդ օրը գլխավոր դատախազը եկել էր Սեյրան Օհանյանի, եւ մի քանի օր հետո Արմեն Չարչյանի միջնորդությամբ: Երկու շաբաթ իրենք որեւէ իրավական գործընթաց չէին արել, այսօր միայն ԱԺ-ն կարող էր այդ հարցը քննարկել, ինչո՞ւ երկու շաբաթ առաջ եկան: Հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Տարիներ կանցնի, Աննա Վարդապետյանի փոխարեն կլինի երեւի Վիշինսկայա ազգանունով դատախազը, եւ Սուրեն Պապիկյանին Նիկոլ Փաշինյանի հետ կգամի անարգանքի սյունին՝ «ստալիչնի պոլկը» վաճառելու համար, որը անարդար է: Դա Աստված, հետագայում Հայաստանում նման էժանագին շոուներով իշխանությունը չծանրաբեռնի իր աշխատանքը»:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը չի գնա Սեյրան Օհանյանի կալանավորմանը. «Խելագարության սահման կա: Իշխանությունները խելագարության սահմանները շատ են անցել, բայց կարծում եմ՝ այս դեպքում չեն անցնի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել