Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն է․ Արարատ Միրզոյան
16:44 - 07 փետրվարի, 2023

Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն է․ Արարատ Միրզոյան

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որից հետո նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Ասուլիսի սկզբում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը իրենց ցավակցությունները հայտնեցին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, ինչի առթիվ Արարատ Միրզոյանը նշեց․ «Չնայած հարաբերությունների և իրողությունների ողջ բարդությանը ՀՀ-ն իր օգնության ձեռքն է մեկնել և հումանիտար աջակցության պատրաստակամություն է հայտնել և Թուրքիային և Սիրիային։ Մենք ինքներս՝ որպես 1988 թվականին ավերիչ երկրաշարժ տեսած ազգ, կարևորում ենք, որ բնական աղետների ժամանակ որևէ հասարակություն միայնակ չմնա»։

Արարատ Միրզոյանը իր ելույթում նշեց, որ իր գործընկերոջ հետ անդրադարձել են տարածաշրջանային մի շարք հարցերի․

«Այսօր գործընկերոջս ներկայացրել եմ այն էքզիստենցիալ մարտահրավերներն ու վտանգները, որոնց այս շրջանում բախվում է թե ՀՀ-ն, թե ԼՂ ժողովուրդը։ Այս պահին, երբ մենք խոսում ենք, ԼՂ շուրջ 120 հազար բնակիչ ապրում է տոտալ շրջափակման մեջ՝ կտրված ամբողջ աշխարհից և սա շարունակվում է արդեն երկու ամիս։ Կարող եք պատկերացնել արդյոք՝ երկու ամիս մարդիկ զրկված են իրենց ազատ տեղաշարժի հիմնարար իրավունքից, ամբողջ աշխարհի հայացքների ներքո ԼՂ-ն կանգնած է հումանիտար աղետի առջև։ Ցրտաշունչ ձմռան պայմաններում գազի ու էլեկտրաէներգիայի գրեթե ամենօրյա անջատումներ, բլոկադայի տարբեր կողմերում հայտնված ընտանիքներ, կրթության իրավունքից զրկված երեխաներ, թերսնման, անհրաժեշտ բժշկական օգնության կարիք ունեցող և այն չստացող մարդկային կյանքեր։ Այս ամենը հետևանք է նրա, որ Ադրբեջանը նենգափոխելով գլոբալ բնապահպանական օրակարգը և կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանիր ստանձնած պարտավորությունները, փակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչպես նաև դրան նախորդող այլ ագրեսիվ գործողություններ, օրինակ՝ ՀՀ  ինքնիշխան տարածաք ադրբեջանական ԶՈՒ ներխուժումը և կենսագործունեության համար անտանելի պայմանների ստեղծումը ԼՂ-ում, ունի մեկ նպատակ․ ստիպել ԼՂ հայ բնակչությանը լքել իրենց տները և նրանց զրկել հայրենիքում ապրելու իրավունքից։ Սա բնորոշել այլ կերպ, քան էթնիկ զտումների քաղաքականություն, թերևս հնարավոր չէ։ Սա է Ադրբեջանի պատասխանը ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու միջազգային հանրության կոչերին։ 

Ցանկանում եմ հերթական անգամ ընդգծել՝ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ-ի սկզբունքն ու ռազմավարությունն է։ Այս համատեքստում մենք կարևորում ենք Գերմանիայի՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների, համամարդկային արժեքների ջատագով երկրի և որ ոչ պակաս կարևոր է՝ որպես ԵԱՀԿ ՄԽ անդամի հստակ դիրքորոշումը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության ուղղված ջանքերում»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել