ԱԺ-ում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, հիշեցնելով տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին, հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են իրականացվում հին շենքերը նոր շենքերով փոխարինելու համար։ Ի պատասխան, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց․
«Մեր գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ նախկինում կառուցված շենք-շինությունների սեյսմիկ հզորությունը և հետագա ուսումնասիրությունները իրար որոշակիորեն չեն համընկնում։ Նախկինում կարծիք է եղել, որ մեզ մոտ հիմնական ուժգնությունը կարող է մինչև 7 բալ լինել, և մեր շատ շենքեր կառուցվել են այդպիսի կարգավորումներով, բայց հետո Սպիտակի դեպքերը ցույց տվեցին, որ մեզ մոտ ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժեր կարող են լինել, և ստացվում է, որ մեր շատ շենքեր ստանդարտների հետ որոշակի անհամապատսխանությունը, ինչպես նաև տարիքի, մաշվածության խնդիրներ կան»։
Անդրադառնալով հարցին, թե ինչ է արվում այժմ, Սանոսյանը նշեց, որ այդ առումով մի շարք իրավական գործընթացներ կան․
«Ոլորտը քաղաքաշինական է, ես շատ դետալներ կարող է հիմա չկարողանամ ասել, բայց գիտեմ, որ և 2019 և 2020 թթ․-երին որոշակի օրենսդրական փոփոխություններ են արվել, և այսօր մեր ընդհանուր շինարարության մեջ այդ նորմատիկվները հաշվի են առնվում»։
Պատգամավորի ճշտող հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր են իրականացվում հին շենքերը նորերով փոխարինելու ուղղությամբ, Սանոսյանն ասաց, որ նման շենքեր կան հանրապետության տարբեր տարածքներում, բայց դրանց հիմնական մասը Երևանում է։ «Որոշակի շենքերում պարբերաբար վիճակից ելնելով իրականացվել է աշխատանք, մարդիկ դուրս են բերվել և այլ տեղերում տեղակայվել են, բայց այս պահին ավելի խոշոր ծրագիր է իրականացվում, երբ գույքագրվում է, որ ոչ թե մեկ, այլ մի քանի շենք այդպիսի կարգավիճակ ունեն, և Երևանի քաղաքապետարանը առաջարկում է կառուցապատողներին իրականացնել ծրագիր՝ վթարային շենքերը քանդել, այդ շենքերի տեղում կառուցել նոր շենքեր, առաջին հերթին այդ նոր շենքերում բնակարան հատկացնել նախկին շենքերում ապրող մեր հայրենակիցներին, իսկ եթե բնակֆոնդը ավելին է, ապա որոշակի տնտեսական կամ որոշակի սոցիալական ծրագիր իրականացնել»։
Լուսանկարը՝ Արմենպրեսի
comment.count (0)