Կարմիր Խաչի միջնորդությամբ շտապ բուժօգնության կարիք ունեցող 7 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան
16:59 - 11 փետրվարի, 2023

Կարմիր Խաչի միջնորդությամբ շտապ բուժօգնության կարիք ունեցող 7 անձ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 7 անձ այսօր՝ փետրվարի 11-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

1 բուժառու, ով պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողի հետ վերադարձել է Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 90 հիվանդ։

 

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել