Նիդերլանդները հաստատում է, որ ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի |armenpress.am|
10:56 - 14 փետրվարի, 2023

Նիդերլանդները հաստատում է, որ ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Վոբկե Հոկստրան նման մտահոգություն է հայտնել՝ պատասխանելով պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Այս մասին հաղորդում է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնության տարածած հաղորդագրությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ 2023 թ. փետրվարի 10-ի խորհրդարանին ուղղված իր նամակում ԱԳ նախարար Հոկստրան նշել է, որ Նիդերլանդները մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին ԵՄ-ի միջոցով՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ, քանի որ միայն ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով մուտք ունի Լեռնային Ղարաբաղ:

Նախարարը գրել է, որ Նիդերլանդները տարբեր բանակցությունների և հայտարարությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել եռակողմ համաձայնագրի դրույթները:

«2023 թ. հունվարի 19-ին ես հեռախոսով խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ես փոխանցել եմ հումանիտար իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգությունները և խնդրել ադրբեջանական կողմին ապահովել ազատ տեղաշարժը: Նույն օրը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում վարչապետը նույն ուղերձն է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին», - Վոբկե Հոկստրայի խոսքերն է մեջբերում Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը։

Նախարարը հավելել է, որ Սեդերի և Մալդերի միջնորդության համաձայն՝ կաբինետը նաև դիտարկում է, թե եվրոպական մակարդակով հետագա ինչ տարբերակներ կան՝ համոզելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել շրջափակումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել