ՀՀ ու Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները
14:40 - 23 փետրվարի, 2023

ՀՀ ու Սիրիայի ԱԳ նախարարները հանդիպել են․ օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները

Փետրվարի 23-ին Դամասկոսում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը մեկնում է Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։

ԱԳՆ-ից նշում են, որ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ուղարկված փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով, որ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ:

«Արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սիրիական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն արձանագրել են, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են հայ և սիրիացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա: Այս առումով ընդգծվել է, որ Սիրիայի հայկական համայնքը յուրահատուկ կամուրջի դեր է խաղում երկու երկրների միջև:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնել էր նաև, որ սպասվում է Արարատ Միրզոյանի ու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հանդիպումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել