Ավտոբուսը գետն է ընկել 5 մետր բարձրությունից. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից
17:15 - 10 մարտի, 2023

Ավտոբուսը գետն է ընկել 5 մետր բարձրությունից. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում վթարից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:

ՆԳՆ Փրկարար ծառայությունը մանրմասներ է հայտնել տեղի ունեցած վթարից. 

«Մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոբուսը շրջվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.)  դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: 

Փրկարարները 7 տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։

Թվով 25 տուժած (ավտոբուսի վարորդը, դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ) հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը: 

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս է բերվել գետից»,- նշված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել