Ինժեներական քաղաքում շինարարական աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև համատեղ ծրագրեր են իրականացվում

18:12 - 12 մարտի, 2023

Արդեն մի քանի տարի է, ինչ խոսակցություններ կան Հայաստանում Ինժեներական քաղաք ստեղծելու մասին։ Ինժեներական քաղաք ծրագիրը Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համատեղ նախաձեռնությունն է։ Ծրագրի նպատակն է ինժեներական կլաստեր ձևավորել, որը կմիավորի ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններին։ 

Ինժեներական քաղաքը ներկայացված էր «Դիջիթեք 2022» ցուցահանդեսին։


Ինժեներական քաղաքի տաղավարը «Դիջիթեք 2022» ցուցահանդեսում

Քաղաքի շինարարական աշխատանքներն արդեն պիտի ավարտված լինեին, սակայն համավարակի, պատերազմի և այլ պատճառներով դրանք դեռ ընթացքի մեջ են։ Անցած տարի ավարտվել են տարածքի բարեկարգման աշխատանքները, այս պահին շենքերն են կառուցվում։

Անդրանիկ Աղաջանյանը, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի՝ Ինժեներական քաղաքում գործող բազային ամբիոնի վարիչն է, նշում է՝ իրենք փորձում են հնարավորինս շուտ ավարտել աշխատանքներն ու տեղափոխվել նոր շենքեր։ 

10-ից ավելի ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություններ Ինժեներական քաղաքում արդեն ռեզիդենտի կարգավիճակ են ձեռք բերել, բայց տեղեր դեռևս կան։

«Այնտեղ էկոհամակարգ է գործում, կան ընդհանուր օգտագործման հաստոցներ, շատ յուրահատուկ սարքավորումներ, որոնք շատ դժվար է սկսնակ ընկերություններին ձեռք բերել, նույնիսկ արդեն կայացած ընկերություններին երբեմն դժվար է նման սարքեր ձեռք բերել։ Մյուս կողմից, կարևոր է այն համայնքը, որը ձևավորված է, որովհետև տարիներ շարունակ փորձ և գիտելիք են կուտակվել այնտեղ, և դա ինժեներական գործունեության համար շատ կարևոր մի բան է»,- ասում է Անդրանիկ Աղաջանյանը։


Անդրանիկ Աղաջանյանը ցուցահանդեսի մասնակիցներին պատմում է ծրագրի մասին

Չնայած Ինժեներական քաղաքը դեռ պատրաստ չէ, այնտեղ ռեզիդենտի կարգավիճակ ունեցող ընկերություններն արդեն իսկ համատեղ ծրագրեր են իրականացրել, որոշ ծրագրեր էլ ընթացքում են։ 

«Ինժեներական ուղղությունները շատ բազմազան են, և որևէ մի բարդ համակարգ սարքելու համար երբեմն մի ընկերությունը կարող է բավարար չլինել։ Ինժեներական քաղաքի առավելություններից մեկն այն է, որ այդ ընկերություններն իրար մեջ կապված են, կարող են համատեղ իրականացնել այդ աշխատանքները․ օրինակ՝ մեկն ավելի մասնագիտացած է մեխանիկական լուծումների ուղղությամբ, լուծի այդ խնդիրները, մյուսը՝ էլեկտրոնիկայի ուղղությամբ, մյուսը՝ ռադիոտեխնիկայի, մեկ ուրիշը՝ ծրագրավորման և այլն։ Մենք կարողանում ենք շատ հաջող ձևով համագործակցել այս միջավայրում»,- ասում է Անդրանիկ Աղաջանյանը։

«Դիջիթեք 2022»-ին ներկայացված էին նաև Ինժեներական քաղաքում նախագծված և արտադրված սարքերից որոշ նմուշներ։ Դրանցից մեկն, օրինակ, էլեկտրոնային սարք է, որը հաստոցների անվտանգության համակարգն է ապահովում․ երբ մարդը ձեռքն անթույլատրելի տեղ է տանում, հաստոցն ավտոմատ անջատում է։

Ինժեներական քաղաքում նախագծված և արտադրված սարքերի նմուշները

Անդրանիկ Աղաջանյանը կարևորում է նաև իրենց կրթական ծրագրերը։ Ինժեներական քաղաքում, արդեն երեք տարի է, գործում է Պոլիտեխնիկական համասարանի «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը։ Ուսանողներն այստեղ ոչ միայն կրթություն են ստանում, այլ նաև մասնակցում Ինժեներական քաղաքի նախագծերին։ 

«Ուսանողների դիպլոմային աշխատանքները կապված են լինում այդ նախագծերին․ նրանց աշխատանքները շատ ակտուալ են։ Լինելով այդ նախագծերի մեջ՝ նրանք կարծես ոչ միայն սովորում են այն, ինչ որ բուհական ծրագիրը թույլ է տալիս, այլև կարողանում են մտքում կապել այդ ամբողջ ինժեներական գործունեության էությունը»,- ասում է Անդրանիկ Աղաջանյանը։ 

Նա առանձնացնում է նաև «Ինժեներական դպրոց» ծրագիրը․ «Խոսքը դասական դպրոցի մասին չէ, այլ սա պարզապես ծրագիր է, որին կարող են մասնակցել ավագ դպրոցի աշակերտներ։ Ընդունվելու համար քննություն են հանձնում, այնուհետև հարցազրույց են անցնում։ Դասընթացները 6 ամիս տևողություն ունեն, աշակերտների համար ամբողջովին անվճար են։ Մենք փորձում ենք մեր աշակերտներին ցույց տալ ինժեներության բնագավառը, որը խիստ կարևոր է հիմա Հայաստանի համար և շատ զարգացող մի ուղղություն է։ Շատ դիմորդներ, որոնք մասնագիտության ընտրության առջև են կանգնած, երբեմն չգիտեն, որ նման բաներ գոյություն ունեն։ Հասկանալի պատճառներով ծրագրավորումն ավելի ծանոթ է նրանց, ավելի շատ մարդկանց գիտեն, որոնք աշխատում են այդ ոլորտում, մեդիայով ավելի շատ է խոսվում»։ 

Անդրանիկ Աղաջանյանի խոսքով իրենք կարևորում են նաև Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների հետ համագործակցությունը․ «Եթե մի պրոյեկտ կա, որը որոշակի գիտական բաղադրիչ է պարունակում, մենք աշխատում ենք Ակադեմիայի տարբեր ինստիտուտների հետ»։

Խոսելով Հայաստանում ինժեներական ոլորտի հեռանկարներից՝ Անդրանիկ Աղաջանյանը նշում է՝ սա այն ոլորտներից է, որը Հայաստանում զարգացնելը կարևոր է․ «Ես շատ ուրախ կլինեի, որ տեսնեինք [այս ոլորտ եկող] այնպիսի երիտասարդների, որ ոչ թե ուղղակի գալիս են մի հեշտ տեղ, որն արդեն զարգացած է, կայացած է, այլ պատրաստ են նաև իրենք զարգացնել»։ 

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել