Երևակայական Մարս՝ Հայաստանում․ AMADEE-24 ծրագիրը կանցկացվի Հայաստանում
16:47 - 13 մարտի, 2023

Երևակայական Մարս՝ Հայաստանում․ AMADEE-24 ծրագիրը կանցկացվի Հայաստանում

Երբ Երկրից առաքելություն ուղարկվի Մարս, ի՞նչ որոշումներ կկայացնեն տիեզերագնացները տեղում, ինչպե՞ս կապ կհաստատեն Երկրի հետ, և ինչպե՞ս ռոբոտները կուսումնասիրեն Կարմիր մոլորակը։ Այս ամենին տիեզերագնացները պիտի պատրաստ լինեն, քանի որ Մարս առաքելություն ուղարկելը սարերի հետևում չէ։

Ավստրիական տիեզերական ֆորումը 2 տարին մեկ իրականացնում է AMADEE Մարսի անալոգային գիտական առաքելությունը, որի նպատակը դեպի Մարս իրական առաքելությանը պատրաստվելն է։ Ծրագրի շրջանակում որևէ երկրում ընտրվում է տեղանք, այնտեղ տեղակայվում է բազա։ Բազայում տիեզերագնացներն իրականացնում են հետազոտություններ, որոնք հետագայում՝ իրական առաքելության ժամանակ, նրանց կօգնեն։


Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տաղավարը՝ «Դիջիթեք-2022» ցուցահանդեսում

Հաջորդ տարի անցկացվելու է AMADEE-24 ծրագիրը, որի շրջանակում բազա է տեղակայվելու Հայաստանում։ Ավստրիական տիեզերական ֆորումի հետ բանակցել և նման համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը։ Կենտրոնն այս ծրագրով ներկայացված էր մարտի 10-12-ն անցկացված «Դիջիթեք-2022» ցուցահանդեսին։

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը պատմում է, որ ծրագրի մասին իմացել են Եվրոպական տիեզերական գործակալության գործընկերներից, կապ հաստատել Ավստրիական տիեզերական ֆորումի հետ և խնդրել, որ որպես 2024-ի անալոգային առաքելության վայր դիտարկվի նաև Հայաստանը։

Ֆորումից եկել են Հայաստան, նրանց այստեղ ներկայացվել են մեր գիտական ժառանգությունը, ինչպես նաև առաքելության համար մի քանի մարզեր, և որոշում է կայացվել 2024-ին ծրագիրն իրականացնել հենց Հայաստանում։

Հայկ Մարգարյանի խոսքով այս տարվա ապրիլին արդեն կստորագրվի պաշտոնական փաստաթուղթը, ինչպես նաև կհայտարարվի, թե որ մարզում է տեղակայվելու բազան։


Հայկ Մարգարյանը

Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի ղեկավար Արման Դարբինյանը նշում է, որ AMADEE-24-ն ունի երկու բաղադրիչ՝ կրթական և հետազոտական։ Կրթական ծրագրի առաջին փուլում ներգրավված կլինեն Հայաստանի բոլոր բուհերից ուսանողներ․ նրանք այս տարի հեռավար դասընթացների կմասնակցեն։ Արդեն երկրորդ փուլում մինչև 15 ուսանող կմեկնի Ավստրիա։ Կրթական ծրագիրն, իհարկե, կվերաբերի դեպի Մարս առաքելությանը, և երբ 2024-ին Հայաստանում ստեղծվի բազան, ուսանողներն այնտեղ հետազոտություններ անելու համար համապատասխան գիտելիքներ կունենան։

Հետզոտական բաղադրիչում կներգրավվեն Հայաստանի համալսարաններն ու գիտական ինստիտուտները։ Արման Դարբինյանը նշում է, որ իրենք հրավերներ կուղարկեն համալսարաններին և ինստիտուտներին, որպեսզի այնտեղի գիտաշխատողները հետազոտական թեմաներ ներկայացնեն։ Թեմաները պիտի վերաբերեն Մարս կատարվելիք առաքելությանը։

Օրինակ, ուսումնասիրության թեմա կարող է դառնալ այն, թե ինչպես է հնարավոր Երկրից բույսեր տանել ու աճեցնել Մարսի պայմաններում։ Այստեղ՝ բազայում, կարող են ստեղծվել այնպիսի պայմաններ, ինչպիսիք, ենթադրվում է, որ կլինեն Մարսում, և բույսերը աճեցնել։ Կարևորն այն է, որ Հայաստանում տեղակայվող բազայում իրականացվելիք հետազոտություններն օգտակար լինեն դեպի Մարս իրական առաքելության ժամանակ։ Գաղափարների հավաքումից հետո ավստրիացի գործընկերների հետ համագործակցությամբ կընտրվեն դրանցից ամենաակտուալները։

Հայկ Մարգարյանի խոսքով իրենք նպատակ ունեն, որ ստեղծվելիք բազան նորարական լինի, և այնտեղ շինարարական նոր տեխնոլոգիաներ օգտագործվեն։ Իսկ ծրագրի ավարտից հետո բազան, ինչպես նաև այնտեղ տեղակայված սարքերի մի մասը մնալու են Հայաստանում։

Ծրագրի շրջանակում 5 տարբեր երկրներից 6 անալոգ տիեզերագնացներ են գալու Հայաստան։ Արման Դարբինյանի խոսքով հայ հետազոտողները, մասնակցելով ծրագրին, կարևոր առավելություններ կունենան․ կշփվեն միջազգային փորձառու մասնագետների հետ, ինչպես նաև իրենց հետազոտությունները կներդնեն ծրագրում։

Հայկ Մարգարյանն էլ  նշում է, որ հայկական կողմից առաջարկ է եղել նաև, որ ծրագրի շրջանակում գիտությանը, տիեզերքին վերաբերող փառատոներ անցկացվեն։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել