Կիևը պատասխանել է Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու՝ Թբիլիսիից հնչած մեղադրանքներին

 |factor.am|
18:10 - 13 մարտի, 2023

Կիևը պատասխանել է Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու՝ Թբիլիսիից հնչած մեղադրանքներին |factor.am|

factor.am: Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն հերքել է այն տեղեկությունը, թե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները Թբիլիսի են ուղարկվել՝ ցույցերին մասնակցելու համար։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին հայտարարել էր, որ բողոքի ակցիաների ֆոնին Սաակաշվիլիի մի խումբ կողմնակիցներ, ովքեր կռվել են Ուկրաինայի կողմից, ժամանել են երկիր՝ հեղափոխական սցենար իրականացնելու համար, փոխանցում է korrespondent-ը։

«Վրացական իշխանությունների ներկայացուցիչները մեղադրում են Ուկրաինային Վրաստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու, նրան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու, քաղաքացիական պատերազմ հրահրելու համար ուժեր ուղարկելու մեջ: Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները, որոնք ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ»,- գրել է Նիկոլենկոն ֆեյսբուքյան իր էջում։

Նա վստահեցրել է, որ Ուկրաինան կմնա «վրաց ժողովրդի բարեկամը, որին մաղթում է կանգ չառնել եվրոպական ապագայի զարգացման հարցում:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել