Ֆրանսիական բարեփոխումներ. Մակրոնը հրաժարվում է զիջել, բողոքի ակցիաների ալիքը՝ մեծանում
13:36 - 23 մարտի, 2023

Ֆրանսիական բարեփոխումներ. Մակրոնը հրաժարվում է զիջել, բողոքի ակցիաների ալիքը՝ մեծանում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 16-ին Ֆրանսիայի կառավարությունը խորհրդարանում կիրառել է երկրի Սահմանադրության 49.3-րդ հոդվածի արտակարգ դրույթը և ընդունել կենսաթոշակային բարեփոխում՝ շրջանցելով խորհրդարանի քվեարկությունը։

Ֆրանսիայի կառավարության՝ այս տարվա հունվարի 10-ին ներկայացրած նախագծով նախատեսվում է կենսաթոշակային տարիքի բարձրացում 62-ից մինչև 64 տարեկան, ինչպես նաև պարտադիր 43 տարվա աշխատանքային ստաժ մինչև լիարժեք կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ստանալը:

Լուսանկարը՝ Liberation.fr / Ֆրանսիայի խորհրդարանում ձախակողմյան NUPES կոալիցիայի պատգամավորները բողոքում են վարչապետ Էլիզաբեթ Բորնի դեմ

 

Սահմանադրական դրույթների համաձայն՝ օրինագիծը վավերացված կհամարվեր, եթե ընդդիմությունը 49.3-րդ հոդվածը վկայակոչելուց հետո 24 ժամվա ընթացքում խորհրդարանում չներկայացներ և չընդուներ կառավարությանն անվստահության հարց։

Ֆրանսիայի խորհրդարանում երկու անգամ մերժվել է նախագիծը, որով պատգամավորները անվստահություն էին հայտնում կառավարությանը։

Առաջին քվեարկությունը 278 կողմ ձայն է ստացել անհրաժեշտ 287 ձայնի փոխարեն։ Երկրորդ անվստահության միջնորդությունը նույնպես չի անցել։ Եթե այն հաջող լիներ, նախագահ Էմանուել Մակրոնը պետք է նոր կառավարություն կամ նոր ընտրություններ նշանակեր։ 

Լուսանկարը՝ Reuters-ի / ցուցարարները՝ կենսաթոշակային բարեփոխումների ընդունումից հետո, երբ Ֆրանսիայի խորհրդարանը մերժեց կառավարությանն անվստահություն հայտնելու երկու միջնորդություն / Փարիզ, 22.03.2023 

 

Reuters-ի փոխանցմամբ հարյուր հազարավոր մարդիկ այսօր՝ մարտի 23-ին, դարձյալ փողոցում են ու շարունակում են բողոքի ակցիաները, քանի որ Մակրոնը խոստացել է շարունակել բարեփոխումները՝ չնայած երկրում աճող զայրույթին: Ակցիաները կազմակերպել են աշխատավորական արհմիությունները, որոնց ներկայացուցիչները նշում են, որ հինգշաբթի իններորդ համազգային ակցիան կներգրավի ավելի շատ ժողովրդի՝ ընդդեմ Մակրոնի, իրենց խոսքով, «արհամարհանքի» և «ստերի»:

«Լավագույն պատասխանը, որ մենք կարող ենք տալ նախագահին, այն է, որ միլիոնավոր մարդիկ գործադուլ են անում ու փողոցներում են»,- ասել է արհմիություններից մեկի ղեկավար Ֆիլիպ Մարտինեզը։

Ինչպես փոխանցում է BBC-ն, չորեքշաբթի օրը Մակրոնը երկու լրատվամիջոցի տված հարցազրույցում ասել է, որ «այս բարեփոխումը ճոխություն չէ, հաճույք չէ, այն անհրաժեշտություն է»։

Ֆրանսիայի նախագահի խոսքով բողոքի ակցիա իրականացնողները իրավունք ունեն փողոցներ դուրս գալու, և նրանց զայրույթը հաշվի կառնվի, բայց անընդունելի է, որ նրանք անկանոն բռնությունների են դիմում։

«Դուք կարծում եք՝ ինձ հաճելի՞ է այս բարեփոխումն իրականացնելը։ Ոչ»,- ասել է նա։

Նպատակ ունենալով օրենքն ուժի մեջ մտցնել մինչև այս տարվա վերջ՝ Մակրոնը նշել է, որ պատասխանատվություն ունի այս խնդիրը մենակ չթողնելու՝ չնայած նրան, որ ժողովրդի մեծ մասը դեմ է։

Ֆրանսիայում գործող կենսաթոշակային համակարգի կարգավորումների համաձայն՝ աշխատողները վճարում են թոշակառուների համար: Մակրոնը նշել է, որ երբ ինքը սկսել է աշխատել, կար 10 միլիոն ֆրանսիացի թոշակառու, իսկ այժմ՝ 17 միլիոն:

Այս օրենքի նախագիծը կարելի է համարել Մակրոնի ամենառիսկային քաղաքական որոշումը «դեղին բաճկոնների» ակցիաներից հետո։ Սակայն եթե այն ժամանակ նա մեծամասնություն ուներ ԱԺ-ում, այժմ ղեկավարում է փոքրամասնության կառավարություն, և կենսաթոշակային բարեփոխումները մեծ ժողովրդականություն չեն վայելում:

 

Գլխավոր լուսանկարը՝ Reuters-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել