armenpress.am: Մոսկվան ակնկալում է, որ մոտ ժամանակներս կհաջողվի հանդիպում կազմակերպել Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Մոսկվան կարևոր նշանակություն է տալիս Ռուսաստան-Ադրբեջան-Իրան ձևաչափին։
«Այն արդեն իրեն դրսևորել է որպես փոխգործակցության արդյունավետ հարթակ՝ շեշտը դնելով տնտեսության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համատեղ նախագծերի գործնական իրականացման վրա։ Մենք ակնկալում ենք, որ եռակողմ համագործակցությունը այսուհետ ևս ծանրակշիռ ավանդ կներդնի մեր երկրների միջև փոխշահավետ կապերի ամրապնդման և արդի պայմաններում մեծ պահանջարկ ունեցող կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծման բնագավառում, ներառյալ՝ Հյուսիս-Հարավ միջազգային փոխադրամիջանցքը», - ասել է Զախարովան:
Դիվանագետը նշել է, որ «դա կարևոր է ինչպես «եռյակի» ապրանքաշրջանառության հետագա մեծացման, այնպես էլ անխափան տարանցիկ փոխադրումների ապահովման տեսանկյունից՝ ելնելով երեք պետությունների շահերից»:
comment.count (0)