Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
15:31 - 24 մարտի, 2023

Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում, որն ուղղված է եղել հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը:

Միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում կողմերն արժևորել են բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արդյունավետ է համարել նախորդ տարի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի` Լեհաստան այցի ընթացքում լեհ գործընկերների հետ կայացած հանդիպումները:

Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ, Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի կառավարությանը` առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու գործում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պավել Չեպլակը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացումը:

Հանդիպման ավարտին քննարկվել են նաև առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր:
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել