azatutyun.am: Ֆինլանդիան երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Վաղը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացվի Ֆինլանդիայի դրոշը։ Դա լավ նորություն է Ֆինլանդիայի, Հյուսիսային Եվրոպայի պետությունների, մեր ողջ դաշինքի համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունն «ավելի անվտանգ կդարձնի նաև հարևան Շվեդիան»։
Ֆինլանդիայի անդամակցության ճանապարհին վերջին խոչընդոտները հաղթահարվեցին անցած շաբաթավերջին, երբ Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց այս երկրի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության մասին համաձայնագիրը։
Ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայի անդամակցության հարցում, Անկարայի առարկությունները շարունակում են ուժի մեջ մնալ։
comment.count (0)