Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար․Ստոլտենբերգ |azatutyun.am|
10:50 - 04 ապրիլի, 2023

Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար․Ստոլտենբերգ |azatutyun.am|

azatutyun.am: «Պուտինի հաղթանակը ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, վտանգավոր՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար», - Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգն այս մասին հայտարարեց «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանին» տված բացառիկ հարցազրույցում։

Ուկրաինայում ավերիչ պատերազմի մեկնարկից 13 ամիս անց էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վերահաստատում է՝ կշարունակեն աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հավատում է, որ Ուկրաինան կկարողանա ռազմական ճանապարհով ազատագրել Ղրիմը, և պատրա՞ստ են այդ հարցում ևս քաղաքական ու գործնական աջակցություն տրամադրել Կիևին, Ստոլտենբերգն արձագանքեց․ - «Մենք աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության կամ Ուկրաինայի տարածքը պաշտպանելու իրավունքին, և մենք պատրաստ ենք աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։

Թեև վերջին շաբաթներին ռուսական կողմն ակտիվ հարձակողական գործողություններ է իրականացնում Ուկրաինայի արևելքում միանգամից մի քանի ուղղություններով, Ուկրաինայի զինվորական ղեկավարությունը հայտարարում է առաջիկա շաբաթներին նոր հակահարձակման պլանների մասին։ Թե ինչով կպսակվեն Կիևի ծրագրերը, Ստոլտենբերգը խուսափեց կանխատեսումներ անել. - «Պատերազմներն իրենց էությամբ անկանխատեսելի են։ Կարծում եմ՝ հիմա ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես և երբ կավարտվի այս պատերազմը և ինչպես այն կզարգանա ընթացիկ տարում»:

Արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարը միևնույն ժամանակ հավաստիացրեց՝ այդ հակահարձակումը սկսելու համար ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուկրաինային անհրաժեշտ օգնություն են տրամադրում. - «Տրամադրելով ռազմական աջակցություն, ինչպես նաև ապահովելով ամենաբարձր մակարդակի վարժանքներ, որպեսզի ուկրաինացիները կարողանան կիրառել բոլոր նոր, ամենաժամանակակից զենքերը, որոնք ստանում են դաշնակիցների կողմից՝ այդ թվում մարտական տանկերը»։

Հարցին , թե որքանո՞վ է հավանական ներկայիս ճակատային գիծը սառեցնելու սցենարը, և ինչպե՞ս դա կազդի պատերազմի ընթացքի վրա, ՅԵնս Ստոլտենբերգը պատասխանեց՝ Կիևի դաշնակիցների պարտականությունն է թույլ չտալ նման սցենար։

«Քանի որ մենք կցանկանայինք, իհարկե, որպեսզի Ուկրաինան ի վիճակի լինի ազատագրել ավելի շատ տարածքներ և դուրս մղի նախագահ Պուտինի զինվորներին, և այդ ժամանակ դա կարող է ինչ-որ բանակցությունների համար պայմաններ ստեղծել։ Կրկին, Ուկրաինան է որոշողը, թե որոնք են ընդունելի պայմանները բանակցությունների համար, ինչն է ընդունելի արդյունքը: Բայց մենք գիտենք, որ այն, ինչ տեղի է ունենում բանակցային սեղանի շուրջ, անմիջականորեն կապված է մարտադաշտի հզորության հետ: Այնպես որ, եթե մենք ցանկանում ենք բանակցային լուծում, որի դեպքում Ուկրաինան հաղթանակ կտոնի որպես անկախ ինքնիշխան պետություն, ուրեմն մենք այսօր պետք է ռազմական աջակցություն ցուցաբերենք», - հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը ուկրաինացի զինվորականների մասին խոսելիս հիացմունքը չթաքցեց՝ « խիզախ», «լավ պատրաստված», «վճռական»։ Մինչդեռ հակառակորդի բանակում, հավելեց Ստոլտենբերգը, «մարտական ոգին ցածր է», սարքավորումները, սպառազինությունը հիմնականում վատն է, զինվորների մարզական վիճակը՝ ոչ այնքան տպավորիչ:

ՆԱՏՕ-ի ղեկավարն, այդուհանդերձ, հորդորեց չթերագնահատել ռուսական բանակը, որը, նրա խոսքով, որակը քանակով է լրացնում և պատրաստ է մարտադաշտ նետել տասնյակ հազարավոր նոր զինվորականների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել