tert.am: Գիշերը Երուսաղեմի Տաճարի լեռան վրա բախումներ են տեղի ունեցել, որոնք հանգեցրել են Գազայի հատվածից հրթիռների արձակմանը։ Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առնվազն 350 մարդ է բերման ենթարկվել։ Այս մասին ապրիլի 5-ին հայտնել է Yedioth Ahronoth թերթը։
Նշվում է, որ հարյուրավոր մուսուլմաններ երեկոյան աղոթքից հետո բարիկադավորվել են մզկիթի աղոթասրահում։ Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ անվտանգության ուժերը բռնի ուժով մտել են համալիր այն բանից հետո, երբ ներսում գտնվողները սկսել են քարեր նետել, պայթուցիկներ կիրառել:
Լրատվամիջոցների տվյալներով՝ մի խումբ պաղեստինցիներ բարիկադավորվել են Ալ Աքսա աղոթասրահում այն բանից հետո, երբ հրեա վերաբնակիչները փորձել են մտնել սրբավայր՝ հրեական Պասեքի տոնի (Պեսախ) կապակցությամբ ծիսակատարություն կատարելու։
Նշվում է, որ Տասնյակ պաղեստինցիներ դուրս են եկել փողոց՝ ի նշան բողոքի իսրայելական անվտանգության ուժերի կողմից Հորդանանի Արևմտյան ափի Բեյթ Ումար գյուղում իրականացված գրոհի։
comment.count (0)