ՍԴ նախագահ կընտրվի ՍԴ  երեք   դատավորներիթափուր պաշտոնների համալրումից հետո ՝ տասօրյա ժամկետում․ Սուրեն Գրիգորյան
12:05 - 30 հունիսի, 2020

ՍԴ նախագահ կընտրվի ՍԴ երեք դատավորներիթափուր պաշտոնների համալրումից հետո ՝ տասօրյա ժամկետում․ Սուրեն Գրիգորյան

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում  քննարկվում ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթն եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն է։ Վերջինս իր խոսքում ներկայացրեց կատարվող փոփոխությունները․

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում  և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ նախատեսող   փաթեթով նախատեսվում են  հետևյալ փոփոխությունները՝ փոփոխվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող  մարմինների առաջադրման հերթականությունը և առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ հանրապետության  նախագահի կողմից, երրորդ՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ 
ՍԴ-ում այս պահին առկա երեք թափուր պաշտոնների համար այդ առաջադրումները կատարվելու են վերոնշյալ հերթականությամբ։ Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հերթականությունները պահպանվեն գործող խմբագրությամբ, ինչպես սահմանված է, այն է՝ հանրապետության նախագահ, դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն , սրանով ըստ էության կխախտվի սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջը, որ առաջադրող երեք սուբյեկտները երեքական թեկնածու են առաջադրում։

Միևնույն ժամանակ նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ չնայած սահմանված հաջորդականության՝ առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե կոնկրետ մարմնի կողմից առաջադրած և կոնկրետ պահին պաշտոնավարող դատավորների թիվը հավասար է երեքի։

Ուժը կորցրած է ճանաչվում նաև 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է միաժամանակյա  մի քանի թափուր պաշտոնի առաջադրման դեպքում համալրման ընդհանուր կանոնը։  Փոփոխություններ և լրացումներ են կատարվում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածում, որում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից ընդունված և նույն թվականի հունիսի 26-ին ուժի մեջ մտած՝ սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխություններով։ 
Այս հոդվածում ուժը կորցրած են համարվում այն դրույթները, որոնք ի սկզբանե նախատեսում էին և խորհրդարանի կողմից ընդունած օրենքի նախագծերով՝ այս կամ այն կերպ հնարավորություն էին տալիս դատավորներին գնալ վաղ կենսաթոշակի։ Հոդվածում  կատարվում են նաև հետևյալ լրացումները՝ ամրագրվում է , որ ՍԴ  այն անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարեցվել են վերջին փոփոխություններով՝ վերջինիս նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով։ Ամրագրվում է, որ այն դատավորներինը, ումը չի դադարում, սակայն իրենց պաշտոնավարման ժամնակահատվածը կրճատվում է  և սահմանվում է 12 տարի՝ հաշվարկվում է արդեն իսկ պաշտոնավարած տարիները նույնպես, թե որպես ՍԴ անդամ, թե որպես դատավոր։

Կառավարության, հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորների թափուր պաշտոնի համար առաջադրումները կատարվում են փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամանակահատվածում։ ՍԴ նախագահ ընտրվում է այդ երեք թափուր պաշտոնների համալրումից հետո ՝ տասօրյա ժամկետում։ Հաշվի առնելով, որ այն երեք դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են վերջին սահմանադրական փոփոխություններով, հնավոր է, որ նրանց մակագրված լինեն ընթացիկ վարույթ  ընդունված գործեր, նախատեսվում է, որ սահմանված ժամկետում  կհրավիրվի  աշխատակարգային նիստ, որպեսզի իրենց մակագրված գործերը վերամակագրվեն և նոր  զեկուցողներ նշանակվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել