armtimes.com: Այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ վերջին շրջանում դիմորդներից բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Նա ասաց, որ կան բազմաթիվ դիմորդներ, որոնք վարակակիր են եւ կոնտակտավոր, ինչի հետեւանքով էլ այս ուսումնական տարում զրկված են ուսանող լինելուց։ Նա հարցրեց, թե ի՞նչ է անում Կառավարությունն այս խնդիրը լուծելու համար։

Ավինյանը պատասխանեց, որ ԿԳՄՍՆ-ին համապատասխան ցուցում է տրված, որ հնարավորություն տրվի նման անձանց մասնացկել ընդունելության քննությանը։ Նա հայտնեց, որ հիմա ճշտում են վարակակիր կամ կոնտակտավոր անձանց քանակը, որպեսզի նրանց համար նույնպես կազմակերպվի ընդունելության քննություն։

Թովմասյանը հավելեց, որ ԿԳՄՍՆ դիմում է ուղարկել կոնկրետ մարդու դեպքով, սակայն նախարարությունից ստացել է շատ կոշտ պատասխան։ «Իրենք կտրուկ ասում են, որ չի կարող լինել, եւ այդպիսի հնարավորություն չի տրվելու»,- ասաց պատգամավորը։

Ավինյանն ի պատասխան՝ հայտնեց Կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ նմանատիպ մարդկանց տրվելու է հնարավորություն։