Ոչ միայն Գվատեմալա․ հայկական դիվանագիտության 4 օրը
22:30 - 16 հուլիսի, 2020

Ոչ միայն Գվատեմալա․ հայկական դիվանագիտության 4 օրը

Այսօր՝ հուլիսի 16-ի առավոտյան, «Հրապարակ» օրաթերթի կայքը հրապարակել է «Ագրեսորին չմատնանշեցին» վերտառությամբ նյութ, որտեղ անանուն մի նախկին ուժայինի եւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի խոսքերով ներկայացնում է, թե մենք հերթական անգամ թերացանք մեր ռազմական հաղթանակը միջազգային դիվանագիտական ոլորտում մատուցելու գործում, որ աշխարհը հասկանա՝ նախահարձակն Ադրբեջանն է։

«Հրապարակ»-ը, մասնավորապես, մեջբերել է իրենց զրույցում նախկին ուժայինի ասած միտքը, ըստ որի՝ «մեր ԱԳՆ-ի ուշացած հայտարարությունը, ի տարբերություն Ադրբեջանի հայտարարության, անատամ էր եւ խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին, հետո էլ, չգիտես ինչու, անիմաստ ուրախանում, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է։ Այսինքն` դիվանագիտորեն ձախողված ենք, թեեւ բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են»:

Այս հրապարակմամբ ընթերցողին ենք ներկայացնում մեր արտաքին գերատեսչության, անհատ պատգամավորների, պետական այլ կառույցների հրապարակային արձագանքը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ, միջազգային կառույցների հետ վարվող կոմունիկացիան եւ այդ կառույցների, տարբեր երկրների ներկայացուցիչների հայտարարությունները։

Այսպիսով, հուլիսի 12-ին, ժամը 17։00-ի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նույն օրը, ժամը 12։30-ի սահմաններում Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ։ Հարկ է ընդգծել, որ Ստեփանյանն այդ գրառման մեջ նշել է՝ «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել»: Մոտ մեկ ժամ անց Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հակառակորդը հրետակոծությունը վերսկսել է երեկոյան 23։00-ի շրջանակներում։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանում լարվածության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել հուլիսի 13-ին․ լույս 13-ի գիշերը՝ ժամը 01։38-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական գործողությունների վերաբերյալ հայտարարությունը՝ նշելով, որ խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով եւ հրետանու կիրառմամբ։ 

Բացի ներթափանցման փորձ որակելուց՝ ՀՀ ԱԳՆ-ն շեշտել է, հայկական կողմը համարժեք գործողությունների շնորհիվ արդյունավետորեն զսպել է այդ սադրիչ գործողությունները:

ԱԳՆ հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ Ադրբեջանը շարունակաբար հանդես է գալիս ուժի կիրառման եւ ռազմական էսկալացիայի սպառնալիքներով, եւ այդ սպառնալիքների պամաններում իրականացված սադրիչ գործողության հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Սա դեռեւս միայն ԱԳՆ-ի առաջին պաշտոնական հայտարարությունն է։ Դրանից հետո՝ հուլիսի լույս 13-ի գիշերը՝ ժամը 02։00-ի շրջանակներում, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Այդ օրը զրույցի ընթացքում նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռեւս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչեւ նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում

Հուլիսի 13-ին՝ ժամը 15։00-ի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը եւ այն հաղթահարելու ուղիները: Զրույցում ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:

Նույն օրը ժամը 16։00-ի շրջանակներում էլ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին՝ նշելով, որ այս գործողությունները Ադրբեջանի անընդունելի ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են եւ լրջորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ուղղակիորեն հակասում են ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում աշխարհի բոլոր անկյուններում ռազմական գործողություններից զերծ մնալու կոչերին։

Հուլիսի 13-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-Ի, ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի եւ միջազգային խորհրդարանական մյուս գործընկերներին տարբեր ձեւաչափերով տեղեկացրել են սահմանին Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների մասին: Ռուբինյանն անձամբ նամակներ է հղել նաեւ ԵԽ գլխավոր քարտուղարին ու ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին:

Երկու օր անց Ռուբինյանը տեսակապով զրուցել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի Միջազգային գործերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխի հետ ու ներկայացրել վերջին օրերի իրադարձությունները՝ կապված ադրբեջանական սադրանքների հետ։ 

Հուլիսի 13-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայ-ադրբեջանական միջպետական սահմանին Ադրբեջանի նախաձեռնած սադրանքների վերաբերյալ խմբակցության պաշտոնական գնահատականն է ուղարկել ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի անդամներին։ Նույն թեմայով Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ։

Նույն օրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գայանե Աբրահամյանը հայտնել է, որ դեռ հուլիսի 12-ից մշտական կապի մեջ է միջազգային տարբեր հարթակների գործընկերների հետ, ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի համանախագահներին, բյուրոյի անդամներին, վեհաժողովի հիմնական գործընկերներին ոչ միայն նամակներ է հղել, այլ նաեւ հեռախոսազրույցների միջոցով տեղեկացրել է Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ գործողությունների, սահմանին տիրող լարվածության ու խաղաղ բնակչության դեմ սանձազերծված անընդունելի, հակամարդկային գործողությունների վերաբերյալ։ Աբրահամյանը տեղեկություններ է փոխանակել նաեւ միջազգային լրատվամիջոցների նախկին գործընկերների հետ։

Հուլիսի 13-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նամակներով դիմել է ԵԱՀԿ ԽՎ անդամ 55 երկրների պատվիրակությունների ղեկավարներին, գլխավոր քարտուղարին եւ հանձնաժողովների ղեկավար կազմին՝ ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների վերաբերյալ։ Կոնջորյանն ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպես նաեւ ոտնահարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ հայտարարելու գլոբալ զինադադար՝ պայմանավորված համավարակով։ Պատգամավորը միջազգային գործընկերներին կոչ է արել խստորեն դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ռազմատենչ հռետորաբանությունը։

Հուլիսի 13-ին, դարձյալ ժամը 16։00-ի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությանը, որով վերջինս անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։

ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը եւ Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Մեր արտաքին գերատեսչությունը խստորեն դատապարտել է մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը եւ հաստատել, որ ՀՀ-ն շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:

Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, նրան մանրամասն տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաեւ իրադրության հետագա սրման հետեւանքների մասին: Մնացականյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը:

ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ապա նաեւ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։

Նույն օրը Մնացականյանը  հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեֆ Բորելի հետ, ներկայացրել իրադրությունը, եւ ընդգծել, որ ՀՀ-ն հաստատակամորեն պաշտպանելով իր սահմանները եւ բնակչությանը՝ հանդես է գալիս լարվածության թուլացման դիրքերից: ՀՀ արտգործնախարարը դատապարտել է Թուրքիայի՝ տարածաշրջանային անվտանգության խաթարման փորձերը:

Հուլիսի 13-ի առավոտյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միջազգային կառույցներին է ուղարկել Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-ին եւ 13-ին ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը՝ անգլերենով, որը, ի դեպ, կազմվել է հուլիսի 12-ի, լույս 13-ի գիշերը։ Առանձին ընթացակարգով զեկույցն ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: ՄԻՊ-ը հատուկ նշել է, որ այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:

Հաջորդիվ, երբ ադրբեջանը շարունակել է ռազմական գործողություններ հրահրել, Արտգործնախարարությունը հանդես է եկել ավելի կոշտ հայտարարություններով։

Մասնավորապես, հուլիսի 13-ի երեկոյան՝ ժամը 21։30-ի շրջանակներում, ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում կատարեց՝ հայտարարելով, որ խստորեն դատապարտում ենք լարվածությունը պահպանելու՝ Ադրբեջանի շարունակական փորձերը եւ այդ նպատակով Տավուշի մարզի Չինարի եւ Այգեպար գյուղերի քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության հանցավոր թիրախավորումը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ խախտում է:

Հուլիսի 14-ի առավոտյան, երբ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ի միջոցով հրետակոծման էր ենթարկվել Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները, Աննա Նաղդալյանը գրել է, որ ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը, որի ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Հուլիսի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Նախարար Մնացականյանը մանրամասն տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, այդ թվում վերջինիս կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների եւ բնակչության թիրախավորման վերաբերյալ: Այս առնչությամբ Կիպրոսի ԱԳ նախարարը դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:

Նույն օրը Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, որի ժամանակ երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման, հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը՝ մանրամասն անդրադառնալով Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով իրադրության լարմանը: Տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման անհրաժեշտության հարցերի համատեքստում ՀՀ մշտական ներկայացուցիչ Բիյագովը ՀԱՊԿ անդամ-երկրների ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրեց Թուրքիայի ԱԳՆ հայտարարության վրա՝ նշելով, որ Հայաստանը խստագույնս դատապարտում է Թուրքիայի՝ մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու փորձերը:

Հուլիսի 14-ին՝ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունից հետո, որտեղ ասված էր, որ այս պետությունը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ՀՀ ԱԳՆ է հրավիրվել Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, որին ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Վերջինս դեսպանին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ գնահատականը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության առնչությամբ, տեղեկատվություն փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտումների, քաղաքացիական ենթակառուցվածքների ու խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման, ինչպես նաեւ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակի մասին

Բացի Արտաքին գործերի նախարարությունից եւ խորհրդարանական իշխող խմբակցության պատգամավորներից՝ նաեւ ընդդիմադիր ֆրակցիաների պատգամավորներն են կապ հաստատել միջազգային գործընկերների հետ։

Մասնավորապես, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հուլիսի 14-ին հրապարակային գրառմամբ դիմել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին, ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչին՝ շեշտելով, որ ռազմական այս սադրանքները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետեւողական ռազմատենչ հռետորաբանության շարունակությունն են, ինչը լրջորեն խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքները։ Ադրբեջանը հետեւողականորեն արհամարհում է իր իսկ ստանձնած միջազգային բոլոր պարտավորություններն ու իր իսկ ստորագրած կոնվենցիաները՝ շարունակելով թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու խաղաղ բնակիչներին։ Զոհրաբյանը միջազգային հիշյալ գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի սադրիչ գործողություններին՝ նշելով, որ իրավիճակի լարման հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Էդմոն Մարուքյանն էլ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից հուլիսի 14-ին հաղորդագրություն է ուղարկել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին եւ Ժելյանա Զովկոյին, ինչպես նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, «Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Միլտիադիս Վարվիցիոտիսին, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերեթելիին, նույն վեհաժողովի փոխնախագահներին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին, Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ-ում «Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների» դաշինքի ղեկավարներին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության նախագահությանը, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Աթիլա Մեշտերհազիին եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռուքսանդրա Պոպային։ 

Մարուքյանը հույս է հայտնել, որ այս պաշտոնյաները կօգտագործեն իրենց քաղաքական ազդեցությունը ներքին եւ միջազգային մակարդակում` Ադրբեջանի գործողությունները դատապարտելու եւ արգելելու վերջինիս կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները:

Երեկ՝ հուլիսի 15-ին, Էդմոն Մարուքյանը՝ որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի նախագահ, նամակով դիմել է Լյուքսեմբուրգի Դեպուտատների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենին՝ միջազգային գործընկերներին խնդրելով խստորեն դատապարտել ՀՀ սահմանին Ադրբեջանի սադրանքներն ու Ադրբեջանի ղեկավարության եւ նրա համախոհի անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները։

Մարուքյանը դիմել է նաեւ Բահրեյնի Թագավորության Ներկայացուցիչների խորհրդի Բահրեյն-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Իբրահիմ Խալիդ Ալ-Նեֆաեիին։

Դարձյալ վերադառնալով Արտաքին գործերի նախարարությանը՝ նշենք, որ Թուրքիայի հայտարարությունների վերաբերյալ նախարարության երեկվա արձագանքը այս օրերին ամենակոշտ դիտարկումներից էր։

ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ թուրքական կողմի հայտարարություններում առկա են ոչ միայն Ադրբեջանին անվերապահ աջակցության հանձնառություն, այլեւ Հարավային Կովկասի հանդեպ անթաքույց տարածաշրջանային հավակնություններ, որոնք Թուրքիայի նախագահը եւ նրան ձայնակցող պաշտոնյաները փորձում են հիմնավորել մեր տարածաշրջանում Թուրքիայի «պատմական առաքելության» վկայակոչմամբ:

«Պատմական առաքելության եւ էթնիկ կամ կրոնական ընդհանրությունների վկայակոչմամբ Թուրքիան արդեն իսկ ապակայունացրել է իրավիճակը  հարեւան մի շարք տարածաշրջաններում՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Միջերկրականում եւ Հյուսիսային Աֆրիկայում՝ անասելի տառապանքներ պատճառելով այդ տարածաշրջանների ժողովուրդներին: Պետք է արձանագրել, որ 21-րդ դարում Թուրքիան մեր տարածաշրջանի հանդեպ քաղաքականությունը կառուցում է ցեղային ընդհանրությունների եւ Հայոց ցեղասպանության արդարացման եւ այդ հանցանքի անպատժելիության ավանդույթների վրա:

Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ փաստում է, որ Թուրքիան միջազգային՝ նախեւառաջ ԵԱՀԿ, շրջանակներում չի կարող որեւէ ներգրավում ունենալ հակամարտության առնչվող գործընթացներում։ Թուրքիան այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի եւ մեր տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը, որի դիմակայումը պահանջում է լայն տարածաշրջանային եւ միջազգային համագործակցություն»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հուլիսի 15-ի առավոտյան Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ միջանկյալ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին՝ կապված Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ հուլիսի 12-14-ի ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների եւ գնդակոծությունների հետ։ Հատուկ շեշտադրումներ են արվել քաղաքացիական բնակավայրերի, նրանց բնակիչների առողջության, կյանքի ու սեփականության պաշտպանության մասով։ Ինչպես նախորդը, այս զեկույցն էլ առանձին ընթացակարգով ուղարկվել է նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին: 

Այս գիշեր, երբ հակառակորդը դարձյալ վերսկսել է ռազմական գործողությունները՝ հրետանակոծելով Տավուշի մարզի Այգեպար եւ Մովսես գյուղերը, ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը դարձյալ կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ, ներկայացրել ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ եւ զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով եւ միջոցներով տապալվում են։

Արձագանքելով գիշերը վերսկսած գործողություններին՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը գրառում է կատարել՝ Մովսես եւ Այգեպար գյուղերի հատվածում հակառակորդի գործողությունները որակելով հանցավոր, եւ նշելով, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ եւ սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո․

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում եւ այժմ ձեռնարկում է արկածախնդիր եւ ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաեւ սեփական ժողովրդի առջեւ»,- ասված է հայտարարության մեջ։

Այսօր՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ ադրբեջանական բանակի ամենաարդիական հրթիռային համակարգերը թույլ են տալիս մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ատոմակայանին, ինչը, նրա խոսքով, Հայաստանին մեծ աղետի կհանգեցնի։ Այս մասին գրել է ադրբեջանական haqqin.az-ը։ Դարգյախլին այսպես է արձագանքել այն ենթադրյալ քննարկումներին, թե Հայաստանը կարող է հարվածել ադրբեջանական Մինգեչաուրի ջրամբարին:

Նշենք, որ ՀՀ պաշտոնատար անձանց կողմից, ըստ էության, երբեւէ հայտարարություն չի եղել Մինգեչաուրին հարվածելու մասին։

Սրան, իհարկե, արձագանքեցին անհատ քաղաքական գործիչները, պատգամավորները, սակայն արդեն հուլիսի 16-ի երեկոյան ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի հնչեցրած միջուկային սպառնալիքները, որոնք, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, վկայում են միջազգային հանրության այդ անդամի ողջամտության եւ պատասխանատվության բացարձակ բացակայության մասին․

«Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու՝ Ադրբեջանի ՊՆ-ի հնչեցրած սպառնալիքը վկայում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հուսահատության մակարդակի եւ մտքի ճգնաժամի մասին: 

Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են  ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի եւ, մասնավորապես, Ժնեւյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները  պետական ահաբեկչության ուղղակի դրսեւորում են եւ արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները: 

Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություններով հանդես է գալիս որպես սպառնալիք տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ սեփական ժողովրդի համար: Ադրբեջանը պետք է օր առաջ հրապարակայնորեն հրաժարվի այս սպառնալիքներից»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Հուլիսի 16-ի երեկոյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հերթական նամակներով դիմել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին, գլխավոր քարտուղարին եւ 55 երկրի ավելի քան 300 պատգամավորների՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Կոնջորյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակը փաստացի սպառնացել է, որ Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին՝ աղետի հանգեցնելով ամբողջ տարածաշրջանը։ Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի նման ահաբեկչական սպառնալիքները ուղեկցվում են վերջինիս կողմից միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով՝ այս օրերին թիրախի տակ վերցնելով քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքները։ Կոնջորյանը կոչ է արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան եւ ռազմատենչ հռետորաբանությունը։ 

Հուլիսի 16-ի ուշ երեկոյան էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Ֆրանսիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են տարածել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով առաջացած լարվածության վերաբերյալ՝ շեշտելով, որ ընդդեմ Ադրբեջանի՝ սատարել Հայաստանին՝ նշանակում է սատարել ապրելու իրավունքը։

Ֆրանսիացի խորհրդարանականները խոր մտահոգություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված թշնամական գործողությունների կապակցությամբ։ Նրանք ընդգծել են, որ սոսկ դատապարտել այս բախումները՝ առանց մեղադրելու դրանց պատասխանատուներին, կնշանակի չասել ոչինչ։ 

«Մենք բոլորս գիտենք, որ բախումների վերսկսումն ուղղակի հետեւանք է Ադրբեջանի բռնակալ Իլհամ Ալիեւի ցանկացած եւ վարվող լարվածության սրման ռազմավարության։ Տարիներ ի վեր, բացահայտորեն առաջ մղելով հայատյաց դաստիարակությունը, ներկայումս, Ադրբեջանի նախագահի համար շատ հարմար է ուղղորդելու իր ժողովրդի հիասթափությունները՝ ահագնացած նաեւ նավթի գնանկումով, դեպի ժառանգական թշնամի նշանակված հարեւան ժողովուրդը»,- նշել են խորհրդարանականները՝ հավելելով, որ խստորեն դատապարտում են նաեւ ադրբեջանական ռազմատենչ ձեռնարկումներին Թուրքիայի ցուցաբերած հանցավոր աջակցությունը (ֆրանսիացի խորհրդարանականների հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ

Ինչպես նշեցինք՝ ըստ «Հրապարակի» անանուն զրուցակցի՝ մեր դիվանագիտությունը ձախողել է, մեր ԱԳՆ-ի հայտարարությունն անատամ էր եւ խոսում էր ընդամենը «ներթափանցման» մասին։ Այս հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը դիվանագիտորեն պարտվել է Ադրբեջանին եւ որ Ադրբեջանի արտգործնախարարությունը գործում է առավել արդյունավետ՝ ի տարբերություն Հայաստանի ԱԳՆ-ի: 

Սակայն երեկ՝ հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության նիստում կոշտ քննադատություն է հնչեցրել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հասցեին: Ալիեւը դժգոհություն է հայտնել արտգործնախարարի աշխատանքից՝ պնդելով, թե հուլիսի 12-ին բոլոր նախարարները եղել են աշխատասենյակում, բացի Մամեդյարովից:  

«Ես նրան հարցրի՝ ինչո՞ւ եք տանը, պետք է աշխատասենյակում լինեք եւ կատարեք նախագահի հանձնարարությունները»,- պատմել է վարչապետը: Ի պատասխան՝ Իլհամ Ալիեւը ասել է, որ «Էլմար Մամեդյարովը հայկական կողմի հետ քննարկում էր կորոնավիրուսի պայքարի հարցով համագործակցությանը վերաբերող հարցեր»։ «Հայաստանի հետ ի՞նչ համագործակցության մասին է խոսքը»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիեւի՝ ԱԳ նախարարին հայտնած դժգոհությունն ու կոշտ քննադատությունը Ադրբեջանի ԱԳՆ-ի արդյունավետ աշխատանքի համար չէ: Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-ի շրջանակներում հաստատվեց լուրը, որ Մամեդյարովն ազատվել է պաշտոնից։ Ադրբեջանի ԱԳ նախարար է նշանակվել Ջեյհուլ Բայրամովը։

Ինչ վերաբերում է «անիմաստ ուրախանալուն, որ Գվատեմալան Հայաստանի կողքին է», ապա պետք է նշել, որ բացի Գվատեմալայից Ադրբեջանական սադրիչ եւ ռազմատենչ գործողությունները դատապարտել են նաեւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն, Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի, ԱՄՆ կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանն, ԱՄՆ սենատի անդամ Էդուարդ Մարքին, Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը, Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերնը եւ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդեւինդը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն, ով նաեւ ԵԽԽՎ պատգամավոր է, թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել, որով դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանի վրա` մասնավորապես քաղաքացիական եւ ոչ ռազմական նշանակության օբյեկտների վրա: Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին, Կիպրոսի Սոցիալ-դեմոկրատական շարժման  մամլո գրասենյակը հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես նշում են, որ իրենց աջակցությունն են հայտնում հայ եղբայրներին եւ դատապարտում են ադրբեջանական հարձակումները: «Մենք դատապարտում ենք Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնք հիմնականում ուղղված են ոչ ռազմական թիրախներին»,- նշված է սոցիալ-դեմոկրատական շարժման մամլո գրասենյակի հայտարարության մեջ:

Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում դատապարտել է Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան:

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսն իր թվիթերյան էջում գրառում է կատարել, նշելով, որ անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով եւ նոր բախումներով: Սիլուրիսն ընգծել է, որ սատարում են հայ ժողովրդին եւ հուսով են, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։

Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն էլ թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է․ «Մինչ աշխարհը կոչ է անում երկխոսության եւ բանակցությունների, Ադրբեջանը նախընտրում է հարձակվել Հայաստանի վրա: Բավ է բռնությունն ու սադրանքը»։

Հայաստան-Նիդեռլանդներ բարեկամության շրջանակի համանախագահ Ջոել Ֆորդեւինդը եւս միացել է տարբեր երկրների խորհրդարանականներին, որոնք դատապատում են սահմանին Ադրբեջանի կողմից իրավիճակի սրումը․

«Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել եւ վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,- գրել է Ֆորդեւինդը։

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխխոսնակ, հայ-շվեդական բարեկամական խմբի անդամ Բյորն Սյոդերն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին` կոչ անելով աշխարհին դատապարտել Ադրբեջանի շարունական հարձակումները․

«Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին՝ նպատակաուղղված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներն ու բնակչությանը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը:

Այսօր Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքը գնդակոծվել է անօդաչու թռչող սարքերով: Հայաստանի քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ այս ագրեսիան համարժեք պատասխան կստանա, որի համար ադրբեջանական կողմը լիարժեք պատասխանատվություն է կրում»,- գրել է Սյոդերը:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Պետական եւ Պաշտպանության քարտուղարներին կոչ է անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան, մարտահրավեր նետել Թուրքիայի հակահայկական հռետորաբանությանը եւ վերանայել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը՝ ահագնացող թշնամանք դրսեւորող Ադրբեջանի կառավարությանը:

«Միացյալ Նահանգները որեւէ հիմնավորմամբ չպետք է օգնի եւ քաջալերի Ադրբեջանի նման անխոհեմ, ավտորիտար պետությանը, հատկապես ոչ այն դեպքում, երբ վերջինս սպառնում է Հայաստանի նման ժողովրդավարական գործընկերոջը»: - կոնգրեսականներ Ֆրենկ Փելոուն, Ադամ Շիֆ, Գուս Բիլիրակիս եւ Ջեքի Սփայեր:

Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին: Սենատորի խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Արցախում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը:

ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանն էլ անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Կոնգրեսականները նշել են, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլեւ խաղաղ քաղաքացիների կյանքը:

ԱՄՆ կոնգրեսմեն Ջուդի Չուն եւս թվիթերյան գրառում է արել՝ իր աջակցությունը հայտնելով հայերին․ «Իմ մտքերն անմեղ հայերի հետ են, որոնք տառապում են այս բռնությունից: Ադրբեջանի շարունակական բռնությունը հայ ժողովրդի նկատմամբ պետք է դադարի: Այդ պատճառով ամեն տարի ես կոչ եմ անում դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունը Ադրբեջանին, որն էլ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ագրեսիան»:

Հայաստանին իր աջակցությունն է հայտնել նաեւ ԱՄՆ Սենատի անդամ Էդուրադ Մարքին։ Նա թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Արցախում հայ ժողովրդի ձգտումներն ու անհապաղ կայունացնեն իրավիճակը:

ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը եւ Բրեդ Շերմանը նույնպես անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ, ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Կոնգրեսականները նշել են, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլեւ խաղաղ քաղաքացիների կյանքը:

Իսկ ահա ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի՝ «Հրապարակ»-ին տված մեկնաբանությունը, թե «միջազգային արձագանքը վկայում է, որ նրանք տարբերության նշան չդրեցին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», ըստ ամենայնի, վերաբերում է ՀԱՊԿ-ի, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը։

Թեեւ հակառակորդը ռազմական գործողությունները սկսել էր հուլիսի 12-ին, սակայն ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր անդամ է Հայաստանը, կրակը դադարեցնելու կոչ արեց միայն երեկ՝ հուլիսի 14-ին՝ հայտարարելով, որ կազմակերպության քարտուղարությունում լուրջ անհանգստություն են արտահայտում՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարվածության կապակցությամբ։ 

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում իրավիճակի կարգավորմանը երկու հարեւան երկրների սահմաններում, որոնցից մեկը՝ ՀՀ-ն, ՀԱՊԿ անդամ պետություն է»,- ասված էր հայտարարության մեջ։

Այս հայտարարությունը թույլ է տալիս պնդել, որ Արմեն Աշոտյանի հայտարարությունը ոչ միանշանակ է, քանի որ ՀԱՊԿ-ը, չնայած ուշացած եւ հիմնականում չեզոք արձագանքի մեջ, ամեն դեպքում, շեշտված է, որ Հայաստանը այս կառույցի անդամ է։

Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրան եւս հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ հայտնել էր իրենց մտահոգությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին զարգացումների առնչությամբբ․ «Մենք միանում ենք բոլոր կողմերին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հետագա լարումը կանխելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան: 

Այս հայտարարության չեզոք դիրքորոշումնը հասկանալի է, քանի որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը չեն հանդիսանում այս կառույցի անդամ։

Հայ-ադրբեջանական սահմանի լարվածության առնչությամբ հայտարարությամբ են հանդես եկել նաեւ ղարաբաղյան միջնորդները․ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցավով արձանագրել է, որ կորուստներ կան, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները եւ կողմերին կոչ անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հետագա լարվածությունը կանխելու համար։

Այսպիսով, լրատվամիջոցում տեղ գտած պնդումը, թե՝ թեեւ բանակն իր գործը փայլուն է անում, բայց մյուս կառույցներն անգործունակ են ու մենք դիվանագիտորեն ձախողված ենք, մանիպուլյատիվ է եւ խնդրահարույց, քանի որ ե՛ւ ԱԳՆ-ն, եւ ՊՆ-ն, ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները, ե՛ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելու առաջին օրվանից արձագանքել են տեղի ունեցողին եւ փորձել են միջազգային գործընկերների հետ մշտական կապ պահել։

Հայարփի Բաղդասարյան, Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել