Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ Հիմնադրամի կայքում սույն թվականի հուլիսի 22-ին հրապարակվել էր The Jerusalem Post պարբերականի հոդվածի թարգմանությունը՝ հուլիսյան զարգացումների վերաբերյալ։ Հոդվածի հեղինակը Սեթ Ֆրանցմանն է (SETH J. FRANTZMAN): Նա կասկածի տակ է դնում իսրայելական դրոնները խոցելու՝ հայկական կողմի պնդումները՝ նշելով, թե Հայաստանն ամբողջ պատմությունը չի ներկայացնում։ Հոդվածը, որը վերնագրված է «Իսրայելը հեղափոխություն է կատարել Ադրբեջանի անօդաչուների զինանոցում»։ 

Նշված հոդվածը, որ հրապարակվել է Իսրայելի պահպանողական ուղղություն ունեցող, ֆրանսերենով և անգլերենով տպագրվող հեղինակավոր պարբերականում, որի տպագիր տարբերակը տեղում ունի մինչև 80 000, իսկ արտասահմանում՝ մինչև 40 000 շրջանառություն, զուր է դուրս մնացել հայկական փորձագիտական շրջանակների ուշադրությունից։

Հեղինակը հայտնի է իր «Իսլամական պետության դեմ պատերազմը, Գազայի երեք պատերազմները, Ուկրաինայի հակամարտությունը, փախստականների ճգնաժամերը՝ Արևելյան Եվրոպայում» թեմաներով լուսաբանումներով, և զեկույցներ է ունեցել՝ Իրաքից, Թուրքիայից, Հորդանանից, Եգիպտոսից, Սենեգալից, ԱՄԷ-ից, Ուկրաինայից և Ռուսաստանից: Այսինքն, ըստ էության, գործ ունենք բազմափորձ ռազմական վերլուծական հոդվածներ լույս ընծայող հեղինակի հետ։

Վերջինս իր խոսքը սկսում է մեր խոցած ԱԹՍ-ների՝ պաշտպանության նախարարության կազմակերպած ցուցադրության մասից, այնուհետ հավելում, որ ցուցադրված կտորները սոցիալական ցանցերում նույնականացվել են՝ որպես իսրայելական արտադրության։ Հոդվածագիրը հատուկ նշում է, որ ԱԹՍ-ները կործանվել են երկու կողմում էլ։ Այնուհետև, շարունակելով միտքը, հավելում է՝ «Սակայն դրոնների և պաշտպանական ընկերությունների արտահանման ստվերային աշխարհում դժվար խնդիր է որոշելը, թե որտեղից են հայտնվել և որքան են խոցվել դրանք»։

Այս նախադասությամբ էլ հոդվածը սկսեց գրավել ուշադրությունս։ Հետաքրքրեց նաև այլ բան․ ինչքանո՞վ է ակնհայտ քարոզչությունը փաստարկված և հիմնավոր։ Նախևառաջ պարզվեց, որ Սեթ Ֆրանցմանն ուսումնասիրել է հայկական սոցիալական ցանցի տիրույթը, ինչն ավելի հետաքրքական դարձրեց նյութը։ Հարցը հետևյալն է․ ինչո՞ւ հիմնավորումները չսկսել փաստերից, այլ սոցիալական ցանցերի տիրույթից։

Երկրորդ․ որպես հերքման հիմնավորման սկիզբ՝ հոդվածում դրվել է այն վարկածը, թե իբր խոցված ԱԹՍ-ների կտորները կարող են լինել նաև հայկական արտադրության, իսկ եթե ոչ, ապա ինչ-որ սև շուկայից գնված սարքեր կամ դրանց կտորներ։

Բարձր տեխնոլոգիանների սև շուկա՞․ չեմ բացառում, գուցե այս դեպքում էլ է հնարավոր, դատեք ինքներդ։ Անդրադառնանք մեր խոցած կամ վնասազերծած անօդաչուներին․ դրանցից առաջինը Hermes 900-ն է, որն արտադրում է իսրայելական Elbit Systems կազմակերպությունը։ Հայտնի է, որ այս ընկերությունը նշված տեսակի անօդաչու սարքերից պաշտոնապես վաճառել է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Կոլումիբիային, Մեքսիկային, իսկ շվեցարական կողմի հետ կնքել է միայն 200 միլոն ԱՄՆ դոլար արժողությամբ գործարք։

Հարց է ծագում․ արդեն հեղինակավոր ընկերության գերժամանակակից արտադրանքը ինչպե՞ս պետք է հայտնվի սև շուկայում։ Ենթադրվում է, որ եթե շուկան կա, ապա այն ձեռնտու է արտադրող կողմին, ուրեմն այն պետք է գործարկեն երրորդ երկրները։ Լա՛վ, կրկին ենթադրենք, թե Չիլին այն հանել է սև շուկա, այդ դեպքում այն ի՞նչ կապ ունի Hermes 900-ի հետ, որի բեկորները օբյեկտիվ պատճառներով չեն ցուցադրվել, քանի որ դրանք ընկել են հակառակորդի տարածքում։ Մնում է միայն առանց որևէ հիմնավորման՝ «հաջակցություն» հեղինակի ավելացնել, որ 3-րդ երկրի կողմից Hermes 900-ը հատուկ քանդվել է պահեստամասերի և շուրջ 30 միլիոն արժողությամբ անօդաչու այդ սարքը տրամադրվել է մեզ մաս առ մաս կամ մի քանի մասերով, որոնք մենք հատուկ վնասել ենք, այն էլ՝ ցուցադրության համար։ Նույն եզրահանգումը վերաբերելի է նաև Orbiter հետախուզական և SkyStriker կամիկաձե տեսակի, բայց արդեն անվնաս ցուցադրված ԱԹՍ-ներին։ Ավելին՝ անհավանական կթվա այն վարկածը, որ հենց իսրայեալական կողմն ինքն իր արտադրանքը վարկաբեկելու համար դրա պահեստամասերը վնասված և վառված տրամադրել է հայկական կողմին։

Ընդ որում՝ Orbiter-3 անօդաչուների վերջնական տեսքը ստանում են Ադրբեջանում։ Այնուհանդերձ, հետաքրքիր կլիներ նաև այն, որ ադրբեջանական կողմը սև շուկայում իրականում վաճառում է համատեղ արտադրված իսրայելական անօդաչու սարքեր։

Հետևությունը մեկն է․ հեղինակն ընդամենը ակնարկում է Հայաստանի Հանրապետության՝ սև շուկայից ռազմամթերք ձեռք բերելու մասին, այն էլ՝ բավականին անհաջող և չփաստարկված։

Ի դեպ՝ հեղինակը որևէ փաստով չի հերքել, որ խոցվել է շուրջ 14 ԱԹՍ, որից մեկը՝ ՊԲ-ում, դրանցից մոտ տասը՝ հարվածային, երեք-չորսը՝ հետախուզական։

Հատկանշական է, որ հակառակորդի օգտագործած Spyke տեսակի ժամանակակից հրթիռների մասին, որոնք հավանաբար արձակվել են ուղղաթիռից և նշանակետերը չեն խոցել, հոդվածում անդրադարձ չկա․ սոսկ խոսվում է, որ Ադրբեջանն այս ընթացքում հայտարարել է ընդամենը մեկ խոցված անօդաչու սարքի մասին (ըստ երևույթին՝ դրա մասին տեղեկությունը վերցված է բաց աղբյուրներից

Հրապարակված նյութի վերջաբանում կատարաված նպատակը մեկն է՝ արդարացնել Ադրբեջանի՝ իսրայելական արտադրության ռազմամթերքի ձեռք բերումը։ Չէ՞ որ գնվել են ոչ միայն ԱԹՍ-ներ, այլ նաև հեռահար գերճշգրիտ հրթիռներ և իսրայելական ՀՕՊ համակարգեր, որոնցից պետք է առանձնացնել Lora տիպի երկիր-երկիր օպերատիվ-մարտավարական հրթիռները և «Երկաթե գմբեթ» կոչվող հակահրթիռային համակարգը։ Սրանք, միանշանակ, թանկարժեք ձեռքբերումներ են, որոնց համընդհանուր արժեքը տարբեր գնահատականներով հավասարվում է ամենաքիչը 2մլրդ․ ԱՄՆ դոլարի։

Եկեք պատկերացնենք այն պահը, երբ մի քանի տասնյակ միլիոն արժեցող անօդաչուն խոցվում է հայկական կողմի արդիականացված, սակայն մի քանի հարյուր անգամ էժան հակաօդային հրթիռով։ Իսրայելցի լրագրողը ոչ միայն չի համակերպվում այս մտքի հետ, այլ նաև, հատուկ շեշտելով ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների նկարահանման որակը, ընդգծում է, որ, չնայած իսրայելական կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել ինչպես ԱԹՍ-ների վերաբերյալ, այնպես էլ՝ դրանց որակական հատկանիշների, այնուամենայնիվ, իսրայելական անօդաչու սարքերի տեխնիկական առավելությունն ակնհայտ է։  Եվ, ընդամենը հղում կատարելով նկարահանված կադրերի վրա, հոդվածագիրը եզրակացնում է՝ «Ադրբեջանն արդյունավետ օգտագործել է դրանք հրետանային հարվածներին աջակցելու, ինչպես նաև Հայաստանի դեմ տեղեկատվական պատերազմում իր հնարավորությունները ցուցադրելու համար»։

Դեմ չեմ, հնարավոր է, որ նկարահանող, օպտիկական սարքավորումները հակառակորդի մոտ ավելի որակյալ են։ Բայց այդ դեպքում հեղինակն ինչո՞ւ է հոդվածի միջնամասում տարբեր օրինակներով փորձում հիմնավորել, որ ԱԹՍ կործանելը այդքան էլ հեշտ չէ։ Ի՞նչ է սա, եթե ոչ միայն սեփական արտադրության ռազմամթերքի վարկանիշը պահելու փորձ։ Հենց այդպես էլ կարելի է ասել, որ հնարավոր է՝ հայկական արտադրության անօդաչու սարքերի որոշ դետալներ որակային առումով ավելի ցածր են, և դա բնական կարելի է համարել, բայց որ մի կողմից գովերգում ես սեփական զենք-զինամթերքը, մյուս կողմից ինչո՞ւ ես հարցի տակ դնում ռուսական կամ խորհրդային ՀՕՊ ներգործության միջոցները և խոցելու ցածր հավանականությունը՝ տարբեր երկրների ԱԹՍ-ներ խոցելու հարցում։ Միանշանակ մեկ նպատակով, որպեսզի համեմատության մեջ ի ցույց դրվի, որ ցածր տեխնոլոգիական արտադրություն ունեցող երկիրը (այսինքն՝ Հայաստանը), որի ՀՕՊ սպառազինությունը միայն ռուսական է, անգամ տեղական արդիականացման պայմաններում հնարավորություն չունի արդյունավետ հակազդել ցանկացած ԱԹՍ համակարգի, առավել ևս չի կարող, հնարավություն էլ չունի հակազդել իրենց արտադրության ամենաբարձր տեխնոլոգիաներով արտադրված անօդաչու սարքերին։ Սա ի՞նչ է, եթե ոչ իսրայելական հեղինակավոր պարբերականի միջոցով բարդույթների հաղթահարման, իսրայելական ամբողջ մի արդյունաբերական ոլորտի ինքնապաշտպանական չհաջողված փորձ։ Ավելին՝ աշխարհին ուղղված կոչ՝ «գնեք մեր զենքը, այն հայերը չեն ոչնչացրել, տեսեք՝ խաբում են ձեզ»։ Որպեսզի հավելյալ հարցեր չառաջանան, անհրաժեշտ եմ համարում ասել, որ հոդվածում հրապարակված թվերը՝ Սիրիայում, Լիբիայում և այլ երկրներում խոցված անօդաչու սարքերի մասին, վերցված են մեկ կենտրոնից կառավարվող աղբյուրից։

Ինչ վերաբերվում է ԱԹՍ-ների խոցած ՀՕՊ համակարգերին, ապա օրինակ բերեմ մեկ դրվագ։ Ինչպես թուրքական, այնպես էլ իսրայելական արտադրության անօդաչու սարքավորումերը խոցել են հիմնականում ռուսական Պանցիր-Ս տեսակի ՀՕՊ կայաններ։ Սա, հավանաբար, պայմանավորած է, թե՛ այդ կայանների ռադարային համակարգի թերություններով, թե՛ անձնակազմի ցածր պատրաստվածությամբ։ Թեկուզ այն փաստը, որ Պանցիր-Ս տեսակի ՀՕՊ համակարգը ուղղակի ցուցված է աշխատել 4 միասնական կայաններով, իսկ խոցված համակարգերը թիրախավորման պահին գործել են որպես միայնակ աշխատող կայաններ, արդեն խոսուն հիմնավորում է դրանց ոչ ճիշտ կիրառման մասին։

Հայկական կողմը չունի նշված Պանցիր-Ս ՀՕՊ կայաններ, և դրա փոխարեն օգտագործվել են ԱՍԱ-ԱԿՍ հայրենական ռազմարդյունաբերության կողմից արդիականացված համակարգերը։ Բացի այդ՝ տեղանքի առանձնահատկությունները, ըստ ինձ, թույլ են տալիս ոչ միայն կիրառել սեփական ՀՕՊ կայանները, որոնք բազմաթիվ են, այլ նաև օգտագործել մեր կողմից ձեռք բերված շարժական ռադիոլոկացիոն հայտնաբերման, ինչպես նաև, չեմ բացառում, ռուսական հեռահար հայտնաբերման ռազմավարական նշանակության կայանների կողմից որոշակի նպատականշման և տեղեկատվական հնարավորությունները։ 

Որպես վերջաբան՝ հավելեմ, որ կարելի է առանձին նյութ պատրաստել ինչպես հայկական արտադրության անօդաչու սարքվորումների, այնպես էլ՝ ռադիոլոկացիոն և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների մասին, որը կներկայացվի հաջորդիվ։

The Jerusalem Post հոդվածը՝ https://www.jpost.com/jpost-tech/israel-revolutionized-azerbaijans-drone-arsenal-are-the-weapons-working-635829։

Ծանոթություն՝ սույն հոդվածի վրա աշխատելիս, այս համատեքստում, աչքի ընկավ Օրբելի կենտրոնի ուշագրավ հոդվածը։

Նարեկ Ներսիսյան