Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել
18:21 - 28 սեպտեմբերի, 2020

Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին․ ադրբեջանական լրատվամիջոցներն ապատեղեկատվություն են տարածել

Ադրբեջանական մեդիատիրույթում այսօր տեղեկություն է տարածվել, ըստ որի՝ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ անդամ պետություններին՝ արցախա-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողություններում աջակցություն ստանալու համար։ 

Մասնավորապես, կայքերից մեկը հղում է տալիս ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շեւչենկոյին, որը յութուբյան իր վիդեոբլոգում ասել է, թե, իր տեղեկությունների համաձայն, Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով դիմել է Ռուսաստանին՝ օգնություն տրամադրելու համար։ Սակայն Մոսկվան հրաժարվել է տրամադրել աջակցություն, քանի որ մարտերն ընթանում են ոչ թե Հայաստանի, այլ Արցախի սահմանին։

Հոդվածի հեղինակը խոսել է նաեւ վրացի, ռուս եւ բելառուս փորձագետների հետ, որոնք նույնպես փաստել են, որ Հայաստանը չի կարող դիմել ՀԱՊԿ անդամ պետությունների օգնությանը։

Հայաստանը կարո՞ղ է դիմել ՀԱՊԿ օգնությանը 

Համաձայն ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի՝ եթե մասնակից պետություններից մեկը (այս դեպքում Հայաստանը) ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։

Ցանկացած մասնակից պետության վրա հարձակում կատարելու դեպքում (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) մյուս բոլոր մասնակից պետությունները այդ մասնակից պետության խնդրանքով անհապաղ կտրամադրեն նրան անհրաժեշտ օգնությունը, ներառյալ ռազմական, ինչպես նաև իրենց տրամադրության տակ եղած միջոցներով կաջակցեն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն խմբակային պաշտպանություն իրագործելու հարցում։

Գործող հոդվածի հիման վրա ձեռնարկված միջոցառումների մասին մասնակից պետությունները անհապաղ կհայտնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։  Այդ միջոցառումների իրագործման պայմաններում մասնակից պետությունները հավատարիմ կմնան ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան դրույթներին։

Այս պարագայում քանի որ մարտական գործողությունները ծավալվում են Արցախյան սահմանի երկայնքով, իսկ Արցախը միջազգայնորեն ճանաչված պետություն չէ, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետություն չէ, չի կարող դիմել ՀԱՊԿ-ին։ Սակայն Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, բացի այդ՝ հարձակումներ եւ ռմբակոծություններ եղել են ոչ միայն Արցախի սահմանին եւ խաղաղ բնակչության ուղղությամբ, այլ նաեւ Հայաստանի տարածքում, ինչի ապացույցն է Վարդենիսի շրջանում՝ ավելի կոնկրետ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի հարակից տարածքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն, ինչպես նաեւ Վարդենիսի դիրքերի ուղղությամբ պարբերաբար արձակված կրակոցները։

Բացի այս, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ռիա նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կդիմի Ռուսաստանին՝ ռուսական զենքի նոր մատակարարումների հարցով, սակայն այդ մասին խոսակցություն առայժմ չկա․ «Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զարգանում է, զենքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումն ընթանում է նորմալ ռեժիմով: Այսօրվա դրությամբ իրավիճակը փոխվում է, մենք այս պահին երրորդ կողմ ունենք՝ Թուրքիան: Եթե անհրաժեշտ լինի, կդիմենք և կլուծենք հարցերը` (զենքի լրացուցիչ մատակարարումների վերաբերյալ,-հեղ.) առաջին հերթին Ռուսաստանին»,- ասել է Տողանյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ կառույցին դիմելուն, ապա Տողանյանն ասել է, որ Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին․ «Արցախում իրավիճակի սրման հետ կապված Հայաստանը չի պատրաստվում դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը»,- ասել է նա։ 

Ավելի վաղ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել միջամտելու իրավիճակի կարգավորմանը, սակայն Հայաստանը չի դիմել միջամտության խնդրանքով։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանը չի դիմել եւ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ օգնությանը՝ Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ, իսկ անմիջապես Ռուսաստանին, ինչպես հայտարարել է Տողանյանը, կդիմենք՝ ըստ անհրաժեշտության։ Ըստ այդմ՝ տարածվող լուրերը, թե Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, չի համապատասխանում իրականությանը։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել