Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) նախկին դասախոս, դոցենտ Արայիկ Գյոզալյանն աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար դատական հայց է ներկայացրել բուհի դեմ:

2001թ․-ից բուհում նախ դասախոս, ապա դոցենտ աշխատած Արայիկ Գյոզալյանի խոսքով՝ 2020թ․-ի սեպտեմբերին ինքն աշխատանքը կորցրել է անհիմն կերպով, բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի պաշտոնեական դիրքի չարաշահման, կամայականության արդյունքում: Արայիկ Գյոզալյանի և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի համոզմաբ՝ տեղի է ունեցել աշխատանքային իրավախախտում, ինչից ելնելով՝ 2020թ․-ի հոկտեմբերին դատական հայց է ներկայացվել բուհի դեմ՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջով: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է հայցադիմումը վարույթ ընդունել: Գործի շրջանակում 2020թ․-ի դեկտեմբերին դատական նիստեր են տեղի ունեցել: Դատական հաջորդ նիստը նշանակվել է ս.թ․ հունվարի 13-ին:

 

Իրավիճակ

2019թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Դավիթ Խիթարյանին: Ինչպես հայտնում է բուհի նախկին աշխատակից Արայիկ Գյոզալյանը՝ նա գիտական խորհրդին է ներկայացրել բարեփոխումների իր ծրագիրը, որտեղ հստակ նշվել է, որ կադրային ջարդ չի լինելու, պարզապես պետք է նորովի աշխատեն: «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի գաղափարն էր Ֆրանսիական համալսարանի կառավարման մոդելը ամբողջովին տեղայնացնել ՀՖԿՍՊԻ-ում»,- պատմեց բուհի նախկին աշխատակիցը:

Արայիկ Գյոզալյանը, 2007թ․-ից լինելով բուհի որակի ապահովման (ՈԱ) բաժնի ղեկավար (նախկինում՝ կրթական համակարգի զարգացման և կառավարման բաժին), մի քանի անգամ հորդորել է, որ այդ որոշումը լուրջ խնդիրներ կառաջացնի, առանց ռիսկերը գնահատելու պետք չէ գնալ նման լայնամասշտաբ բարեփոխումների, քանի որ, լինելով պետական, հավատարմագրված բուհ, իրենք պարտավորություններ ունեն իրենց շահակիցների հանդեպ:

Արդյունքում՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի և Գյոզալյանի միջև աշխատանքային տարաձայնություններ են սկսվել: Հետագա խնդիրներից խուսափելու համար Արայիկ Գյոզալյանը 2019թ. հոկտեմբերին ինքնակամ դիմում է գրել ու ազատվել ՈԱ բաժնի ղեկավարի պաշտոնից՝ աշխատանքը շարունակելով սպորտային մենեջմենտի և հասարակական գիտությունների ամբիոնում՝ որպես դոցենտ: Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ին, զրկվել է նաև այս աշխատանքից:

 

Աշխատանքային տարակարծություններ

Արայիկ Գյոզալյանը ՀՖԿՍՊԻ հիմնադրամի հետ աշխատանքային պայմանագիր է կնքել ոչ միայն որպես բուհի որակի ապահովման բաժնի ղեկավար, այլև որպես ամբիոնի դոցենտ: Սա արվել է ներքին համատեղմամբ (վարչական աշխատողն առնվազն 0.5 դրույք պետք է ունենա գիտամանկավարժական գործունեություն):

Նրա՝ ամբիոնի դոցենտի մեկամյա աշխատանքային պայմանագիրը կնքվել է նախ 2017թ․-ին, սակայն հետագայում չի վերակնքվել ու դարձել է անորոշ ժամկետով, քանի որ ինքն արդեն դոցենտ էր ու իր կատարած գիտամանկավարժական, հասարակական աշխատանքի հիման վրա 5 տարի ժամկետով իրավունք ուներ աշխատել այդ պաշտոնում՝ առանց մրցույթի անցկացման։

Սակայն, ըստ Գյոզալյանի, Դավիթ Խիթարյանի պաշտոնավարումից սկսած՝ բուհի կառուցվածքային փոփոխությունների անվան տակ լուծվել են մի շարք աշխատակիցների՝ ժամկետների մեջ գտնվող պայմանագրերը, այդ թվում՝ իրենը: Փոխարենն իրենց հետ պայմանագրեր են կնքվել մեկամյա ժամկետով՝ բացառությամբ առանձին դեպքերի:

Այդպիսով՝ 2019թ․-ի սեպտեմբերի 2-ին մեկ այլ պայմանագրի հիման վրա Արայիկ Գյոզալյանը նշանակվել է ամբիոնի դոցենտի պաշտոնում, իսկ պայմանագրի գործողության ժամկետ սահմանվել է մինչև 2020թ. հուլիսի 1-ը: Սակայն, ըստ Գյոզալյանի, ինքը նախապես օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի ծանուցվել այս պայմանագրի լուծման մասին: Սրանից բացի՝ նշված խնդրի առնչությամբ մատնանշում է մեկ այլ խախտում, ըստ որի՝ յուրաքանչյուր մասնագիտական թողարկող ամբիոն լիցենզիայի կարգի համաձայն պետք է ունենա որոշակի գիտական հաստիքներ (առնվազն 50%, եթե բակալավր և 75%, եթե մագիստրոսական կրթական ծրագիր է իրականացնում), և պայմանագրի լուծարումից առաջ բուհը պարտավոր էր գործող օրենսդրության համաձայն նախապես բաց մրցույթ հայտարարել, ինչը չի արվել:

«2020թ. հուլիսի 6-ին ստացել եմ հրաման, ըստ որի՝ մինչև օգոստոսի 24-ը գտնվելու եմ ամենամյա արձակուրդում: Սակայն օգոստոսի 19-ին ստանում եմ ծանուցում, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 2020-ի սեպտեմբերի 1-ին, որից հետո պայմանագիրը լուծված կհամարվի: Օգոստոսի 24-ին ներկայանում եմ աշխատանքի՝ համաձայն իմ պայմանագրի, հանդիպում ամբիոնի նորանշանակ վարիչին և ինչպես կարգն է հետաքրքրվում ինձ՝ որպես ամբիոնի դոցենտի տրամադրվող ժամերի մասին: Ամբիոնի վարիչն ինձ պատասխանում է, որ այդ հարցով դիմեմ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Հանդիպում եմ նրան և նա հաստատում է իր դիրքորոշումը, որ ես այլևս չեմ աշխատելու ինստիտուտում, ասելով՝ դու ունես մարզիչ-մանկավարժի որակավորում ու իրավունք չունես դասավանդելու մագիստրատուրայում»,- պատմեց Արայիկ Գյոզալյանը:

Վերջինս մանրամասնեց, որ ավելի քան 10 տարի բակալավրիատի կրթական ծրագրում դասավանդել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մենեջմենտ» առարկայական դասընթացը: 2017-2018 ուստարվանից սկսած՝ դասավանդել է նաև մագիստրատուրայում՝ «սպորտի կառավարում» մասնագիտական կրթական ծրագրով: Հետևաբար, համարում է, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի այսօրինակ մոտեցումը ոչ թե իր մասնագիտական կարողությունների օբյեկտիվ գնահատման արդյունքն է, այլ անձնական տրամադրվածություն իր հանդեպ:

«Իհարկե, ես հակադարձել եմ և ներկայացրել ներկայիս կագավիճակը և գիտամանկավարժական փորձը, որը լիովին բավարարում է տվյալ կրթական ծրագրի համար նախատեսված դասավանդողի պահանջներին, բայց, ի վերջո, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պնդեց, որ ինքն է որոշում՝ ում հետ աշխատի, ով կարող է լինել իր թիմում և այլն»:

Արայիկ Գյոզալյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը գործատուի որոշումը ոչ իրավաչափ է համարում: «Գործի շրջանակներում պատասխանողը որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, որի գործողության ժամկետը պայմանագրով նախատեսված է եղել մինչև 2020-ի հուլիսի 1-ը, լուծել է 2020-ի սեպտեմբերի 1-ին: ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն՝ գործատուն կարող է լուծել իր և աշխատողի միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը՝ այդ մասին գրավոր ծանուցելով աշխատողին առնվազն տասն օր առաջ, մինչդեռ 2020-ի հուլիսի 1-ից առնվազն 10 օր առաջ հայցվորը չի ծանուցվել, պայմանագիրը չի լուծվել 2020-ի հուլիսի 1-ին: Հայցվորը ծանուցվել է օգոստոսի 19-ին, իսկ պայմանագիրը լուծվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին: Ելնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասից՝ ակնհայտ է դառնում, որ հայցվորի և պատասխանողի միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը պետք է համարվեր անորոշ ժամկետով կնքված, քանի որ պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չէր լուծվել»:

Գյոզալյանի հավաստմամբ՝ իրեն աշխատանքից ազատել են ՈԱ բաժնի ղեկավարի պայմանագրի հիման վրա, այնինչ այդ պաշտոնից ազատվելու դիմումն ինքնակամ է գրել: «Նույնիսկ ազատման հրամանը հղվել է ոչ թե ամբիոնի դոցենտի, այլ ՈԱ բաժնի պայմանագրին: Ստացվում է՝ լուծված պայմանագրի հիման վրա ինձ հետ նորից համաձայնագիր է կնքվել»։

 

Պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահումներ

«2021թ-ի փետրվարին լրանալու է իմ գիտամանկավարժական աշխատանքի 20 տարին, որից հետո կարող էի դիմել Բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ)՝ պրոֆեսորի գիտական կոչում ստանալու համար: Սակայն, ըստ կարգի, վերջին 5 տարվա աշխատավայրից պետք է դիմում ներկայացնեմ, իսկ եթե ընդհատվել է ներկայիս աշխատանքը, ապա ևս 5 տարի պետք է աշխատեմ, որ իրավունք ունենամ հայտ ներկայացնելու»: Այսպիսով, ըստ Գյոզալյանի՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը պաշտոնեական դիրքը չարաշահելով և իրեն աշխատանքից հեռացնելով՝ միտումնավոր խոչնդոտել է նաև իր՝ պրոֆեսորի գիտական կոչում ստանալուն:

Արայիկ Գյոզալյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում է ոչ միայն պաշտոնեական դիրքի չարաշահման, ինստիտուտն անօրինական կերպով կառուցվածքային (չհիմնավորված) փոփոխությունների ենթարկելու, այլ նաև դասախոսներին անհիմն կերպով աշխատանքից ազատելու, նոր ստորաբաժանումներ ու հաստիքներ ավելացնելու, աշխատակիցների ոչ օբյեկտիվ ընտրության ու պաշտոնի տեղակալման (առանց բաց մրցույթների), վարչական աշխատողների շրջանում արտաքին համատեղմամբ աշխատանք չկատարելու պահանջների չպահպանման և այլ իրավախախտումների մեջ:

«Մինչ օրս օրենքով նախատեսված, ըստ պաշտոնի, (պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ) բաց մրցույթ չի կատարվել, մինչդեռ դրանք ընտրովի պաշտոններ են և 5 տարին լրանալուն պես պիտի բաց մրցույթ հայտարարվի: Հետևաբար, ստեղծված իրավիճակը հակասում է ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքի այն դրույթին, ըստ որի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպությունում գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը պիտի իրականացվի ըստ աշխատանքային պայմանագրի, 5 տարի ժամկետով, իսկ այդ աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդելու է բաց մրցութային ընտրությունը»,- ներկայացրեց նա:

Նշենք, որ պրոֆեսորադասախոսական աշխատանքի իրականացման համար բաց մրցութային ընտրության անցկացումը ամրագրված է նաև բուհի կանոնադրությամբ:

Միևնույն ժամանակ, ըստ վերոնշյալ օրենքի, աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական աշխատողի հետ կարող է կնքվել աշխատանքային նոր պայմանագիր՝ մինչև 5 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության արդյունքների գնահատման հիման վրա:

Արայիկ Գյոզալյանի խոսքով՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու առաջին իսկ օրվանից Դավիթ Խիթարյանը և մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարը պնդում էին, որ վարչական ապարատի աշխատողներն իրավունք չունեն արտաքին համատեղությամբ աշխատելու, բայց նա մատնանշում է մի շարք դեպքեր, երբ բուհում վարչական պաշտոն զբաղեցնող անձինք (պրոռեկտոր, դեկան, ամբիոնի վարիչ) համատեղությամբ աշխատում են նաև այլ կառույցներում: 

«Ստեղծվել է իրավական բաժին ու բաժնի ղեկավար Օֆելյա Պետրոսյանը աշխատում է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում՝ որպես իրավաբան, գնումների համակարգող: Նա՝ որպես ՀՖԿՍՊԻ իրավաբան, պատասխանատու է բոլոր նորմատիվ իրավական փաստաթղթերի իրավական կողմի ապահովման համար, իսկ ինստիտուտն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացում է, և այդ գործընթացի պատասխանատուն ու համակարգողը ՈԱԱԿ-ն է: Իմ կարծիքով՝ սա շահերի 100 տոկոսանոց բախում է, իսկ ինձ անընդհատ ասում էին, որ ՈԱ բաժնում շահերի բախում կա, քանի որ կինս, լինելով ՈԱ առաջատար մասնագետ, աշխատում էր իմ ենթակայության ներքո»,- ասաց Գյոզալյանը:

Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք նաև բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանին: Վերջինս մանրամասներ չհայտնեց՝ ուղղորդելով ինստիտուտի իրավական ապահովման բաժին: Բաժնի պետ Օֆելյա Պետրոսյանը մեզ հետ զրույցի ընթացքում անհիմն որակեց Արայիկ Գյոզալյանի ներկայացրած հայցադիմումը՝ նշելով, որ դրան ի պատասխան իրենք ներկայացրել են իրենց հիմնավորումները:

Թե ինչու է աշխատանքային պայմանագիրը լուծվել օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ՝ Օֆելյա Պետրոսյանն ասաց, որ Արայիկ Գյոզալյանն ինքն է իրավիճակն այդպես ներկայացնում, իսկ ինչ վերաբերում է վերջինիս հնչեցրած մեղադրանքներին՝ նշեց, որ կարիք չի տեսնում դրանք մեկնաբանելու. «Դատական քննության փուլում գտնվող գործերը մենք իրավունք չունենք բացահայտելու: Հունվարին արդեն կտեսնենք դատարանն ինչ որոշում կկայացնի»,- եզրափակեց նա:

Հավելենք, որ այս ժամանակահատվածում նախատեսվում է նաև բուհի ռեկտորի ընտրություն անցկացնել: 2020թ․ դեկտեմբերի 25-ին ավարտվել է ՀՖԿՍՊԻ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Հայտագրվել է երեք թեկնածու, այդ թվում՝ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: ՀՖԿՍՊԻ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա հունվարի 11-ին:

 

Մարջան Չոբանյան