Գարնանային մեդիա շաբաթ Նոյեմբերյանում․ մեդիագրագիտության դասընթաց պատանիների համար
16:47 - 09 մայիսի, 2021

Գարնանային մեդիա շաբաթ Նոյեմբերյանում․ մեդիագրագիտության դասընթաց պատանիների համար

 
Ապրիլի 30-ից Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում մեկնարկել է «Գարնանային մեդիա շաբաթ Նոյեմբերյանում» մեդիագրագիտության դասընթացը, որին մասնակցել է 14-17 տարեկան տասը պատանի՝ Նոյեմբերյանից և հարակից համայնքներից։ Նախաձեռնության ղեկավար Ամալյա Մարգարյանը Infocom.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախաձեռնություն իրականացնելու գաղափարը կար վաղուց, երբ ինքը դեռ սովորում էր համալսարանում։ Մարգարյանի խոսքով՝ երբ ավարտել է ուսումը, հասկացել է, որ պետք է մարզերում ապրող երեխաների կյանքը մի փոքր ավելի ակտիվացնել։
Վերջինիս համոզմամբ՝ հիմա, իր դպրոցական տարիների համեմատ, շատ բաներ տարբեր են, որովհետև համայնքում կան խմբակներ, լաբորատորիաներ, ռոբոտաշինության դասեր և այլն, բայց հիմա որոշ դասերի վերաբերյալ կան բացեր, որոնցից մեկն էլ մեդիաոլորտն է։
«Անհրաժեշտություն կար խոսել մեդիայի մասին, բացատրել, թե ովքեր են մեդիասպառողները, ինչ է մեդիան և այն։ Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով։ Երբ արդեն սկսել էինք դասընթացը, ես հարցրի մասնակցիներին, թե ըստ իրենց՝ ի՞նչ է մեդիան, իրենցից շատերի համար դա շատ խորթ, անգլերեն տերմին էր, հետո միասին սկսեցինք բացահայտել մեդիան, թե ինչ է, ինչպես է արվում դրա կոդավորումը, ինչ հաղորդագրություններ են ուղարկվում հանրությանը։ Դասընթացներն ամենօրյա ռեժիմով էին, ունեցանք նաև հանդիպումներ մի քանի բանախոսների հետ, որոնց շնորհիվ մասնակիցները սովորեցին, օրինակ, թե ինչպես կարելի է փաստերի ստուգում իրականացնել, տարբերել կարևորը և այն առանձնացնել երկրորդականից»,- պատմեց նախաձեռնության ղեկավարը՝ հավելելով, որ մեկ այլ բանախոսի հետ ունեցել են լրագրության ժանրերի վերաբերյալ դասընթաց, ինչպես նաև մասնկացիները սովորել են հարցազրույց անելու և ռեպորտաժ նկարելու մի քանի նրբություններ։ Դասընթացից հետո երեխաներն իրենց ստացած գիտելիքները կիրառել են գործնական աշխատանքում։
Մարգարյանը պատմեց, որ իր հիմնական նպատակներից մեկն էլ այն էր, որ պատանիները չվախենան իրենց համայնքում եղած խնդիրները բարձրաձայնել, և կարողանան ճիշտ ներկայացնել դրանք։ Ծրագրի շրջանակում մասնակցիները ուսումնասիրել են նաև ՏԻՄ-ի աշխատանքը, համայնքների կառավարումը, տարբերակել, թե ինչ դեր ունեն համայնքի ղեկավարը, ավագանին և այլն։ Խոսելով հանրության մոտ ձևավորված կարծրատիպերի մասին՝ Մարգարյանը նշեց․
«Երբ հայտարարեցինք ծրագրի մասին, մի քանի հոգի մերժեցին՝ ասելով, որ չեն ուզում լրագրող դառնալ։ Մեր նպատակը բոլորին լրագրող դարձնելը չէ, բայց քանի որ մենք ապրում ենք մեդիականացված աշխարհում, և կապ չունի, թե ինչ ոլորտում ենք աշխատում, մենք մտնում ենք սոցցանցեր, գրառումներ ենք անում և դառնում ենք դրա մի մասը։ Շատ կարևոր է, որ երիտասարդները կարողանան ճիշտ ներկայացնել, օրինակ, իրենց գրառումները։ Մասնակիցներից երկուսը ուզում են դառնալ լրագրող, և մեկ տղա, որն արդեն ունի վլոգ և ուզում է դառնալ սպորտային մեկնաբան։ Մի աղջիկ կա, որը շատ յուրահատուկ լրագրողական աչք ունի, ու ինքն ասում է՝ «ես ուզում էի դառնալ լրագրող, բայց ինձ տանն ասել են, որ այդքան էլ լավ մասնագիտութուն չէ, արի իրավաբանություն փորձիր»։ Ես հիմա փորձում եմ նաև այդ կարծրատիպերը կոտրել, որ լրագրող լինելը դժվար է, բայց նաև հաճելի։ Երբ երեխաները գործնական աշխատանքից վերադառնում են, իրենք էլ են ասում, որ շատ հաճելի աշխատանք է։ Փորձում ենք հասկանալ և՛ լրագրողական աշխատանքի դժվարությունները, և՛ հետաքրքրությունները»։
 
Ամալյան նշում է, որ շատ է մտածել ծրագրի շարունակականության մասին, բայց այս պահին պետք է սահմանափակվել այս մեկով, սակայն նա տեսնում է նաև ծրագիրը տարբեր տեղերում իրականացնելու անհրաժեշտություն։ Ծրագրի ղեկավարը հույս ունի, որ հետագայում հնարավորություն կլինի շարունակականությունն ապահովել։ Ծրագիրը հետաքրքրություն է առաջացրել նաև մեծահասակների մոտ, նրանից շատերը նույնպես ցանկություն են հայտնել միանալ դասերին, համայնքում մեծ ոգևորություն ու հետաքրքրություն կա դասերի հանդեպ։
«Մենք ունենք ֆեյսբուքյան էջ, որը մեկ շաբաթում բավականին մեծ լսարան ձեռք բերեց, և այդտեղ անգամ ուղիղ եթերներով երեխաները պատմում էին, թե ինչ է կատարվում իրենց մեջքի ետևում։ Անգամ սոցիալական հարթակներից էինք զգում ոգևորությունը և հետաքրքրությունը դասերի հանդեպ»,- եզարփակեց ծրագրի ղեկավարը։
 
Դասընթացն ավարտվել է այս շաբաթ, ծրագրի մասնակցիները դիտել են իրենց պատրաստած ռեպորտաժները։ Վերջիններիս հետ հանդիպել է նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը և իր շնորհակալական խոսքը հայտնել նման նախաձեռնություն իրականացնելու և համայնքային խնդիրներին ուշադրութուն դարձենլու համար։
 
«Գարնանային մեդիա շաբաթ Նոյեմբերյանում» համայնքային ծրագիրն իրականացվում է «Տեղական ժողովրդավարության դպրոց» ծրագրի շրջանակում՝ Համայնքների ֆինանսիստների միավորման, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Տեղեկատվական համակարգերի զարգացման, վերապատրաստման կենտրոնի կողմից «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ։ ՏԺԴ-ը Տավուշի մարզում իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ գործընկերությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել