Ներքին գործերի նախարարություն

2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքով Հայաստանում ստեղծվել է Ներքին գործերի նախարարություն։ 

Նախարարությունը ներառում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը։

ՆԳ նախարարի պաշտոնը այժմ զբաղեցնում է Արփինե Սարգսյանը։ 

Նորաստեղծ նախարարության առաջին ղեկավարը եղել է Վահե Ղազարյանը։

 

Բանկերի նկատմամբ պարտավորությունները կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն․ ՆԳՆ-ն՝ ֆինանսական զեղծարարություններից տուժածների խնդրի մասին

Բանկերի նկատմամբ պարտավորությունները կսառեցվեն, տոկոսները կզրոյացվեն․ ՆԳՆ-ն՝ ֆինանսական զեղծարարություններից տուժածների խնդրի մասին

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների խնդրին լուծում տալու նպատակով Ներքին գործերի նախարարությունը ինտենսիվ քննարկումներ է իրականացրել Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Քննչական կոմիտեի ու Կենտրոնական բանկի գործընկերների հետ։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնց անունով խաբեությամբ ձևակերպվել են վարկեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ Քաղաքացիների պարտավորությունները բանկերի նկատմամբ համապատասխան պայմանագրի կնքմամբ կսառեցվեն մինչև քրեական վարույթի ավարտը, ու վարկերի գծով տոկոսներ չեն հաշվեգրվի, իսկ մինչև սույն որոշման կիրառումը տվյալ վարկերի հետ կապված հաշվարկված տոկոսները կզրոյացվեն և ժամկետանցումները կվերացվեն (կճշգրտվեն)[ «սև ցուցակում» քաղաքացիները չեն հայտնվի]։ Հարկ է նաև նշել, որ նկատվում է նշված հանցագործության նվազման միտում․ 2025 թվականի մարտին արձանագրվել է 85, ապրիլին՝ 52, իսկ մայիսից առ այսօր՝ 22 դեպք։ Դրական միտումը պայմանավորված է իրավապահ մարմինների և ֆինանսական հաստատությունների կողմից համատեղ իրականացված արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներով, որոնց առանցքը իրազեկիչ միջոցառումներն են։ Ներքին գործերի նախարարությունը համագործակցում է շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ՝ նման հափշտակությունները կանխելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ: Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգերի, նամակների կամ գովազդների դեպքում անմիջապես կապ հաստատեք տվյալ բանկի հետ:
10:58 - 30 հունիսի, 2025
ՆԳՆ համակարգային և նպատակային քայլերը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ

ՆԳՆ համակարգային և նպատակային քայլերը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ

Հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն ընդգծում է համաշխարհային հանրության հանձնառությունը՝ կանխարգելելու թմրամոլությունը և կասեցնելու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: ՀՀ ներքին գործերի նախարարությունը համակարգային և նպատակային քայլեր է ձեռնարկում՝ կանխելու ինչպես թմրամիջոցների անօրինական շրջանառությունը, այնպես էլ դրանից բխող հանրային վտանգները։ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են օրեցօր ուժեղացնել վերահսկողական մեխանիզմները՝ հանցավոր ցանցերի բացահայտման և կանխարգելման ուղղությամբ։ Չափազանգ կարևոր էր, որ այս տարվա մայիսին Կառավարությունը հաստատեց Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, դեռևս 2024 թվականին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 67-րդ բարձր մակարդակի նիստում, Հայաստանի անունից հանդես էր եկել հանձնառությամբ՝ մշակելու թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարություն: «Հարգելի՛ գործընկերներ, Թմրամիջոցների դեմ պայքարի քաղաքականության միջազգային բոլոր պարտավորությունների կատարումն ընդլայնելու և թմրամիջոցների չարաշահման, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի մշակման և արտադրության, ինչպես նաև այդ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ռեկորդային ծավալների մարտահրավերներին դիմակայելու նպատակով, ինչպես նաև 2019 թվականի նախարարական (թիվ 2) Հռչակագրի ընդգծմանը համապատասխան՝ ես պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության անունից մշակել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը»,- նշել է Արփինե Սարգսյանը։ Ռազմավարության ընդունմամբ սկիզբ է դրվել նոր քաղաքականության՝ հիմնված կանխարգելման, բուժման, վերահսկողության և վերաինտեգրման սկզբունքների վրա։ 2025 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 173 կգ տարբեր տեսակի թմրամիջոց՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 134 կգ-ով ավելի։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում ՆԳ նախարարությունը շեշտը դրել է արտադրության և ներմուծման շղթաների վրա, ինչը հնարավորություն է տալիս իրավիճակն առավել վերահսկելի պահել։ Այս համատեքստում ՆԳՆ ոստիկանությունն առանձնահատուկ կարևորում է հանրապետության սահմանային հատվածներում մեծաքանակ թմրամիջոցների մաքսանենգ ներկրման դեպքերի բացահայտումները, ինչի շնորհիվ կանխվում է հետագայում թմրամիջոցների փոքր չափաբաժիններով տարածումը հանրապետությունում։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում ՆԳ նախարարությունը սերտորեն համագործակցում է ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ներպետական այլ իրավապահ մարմինների հետ՝ ապահովելով համադրված և համակարգված մոտեցում։ Ապօրինի թմրաշրջանառության դեմ արդյունավետ պայքարը հանրային անվտանգության հարց է, քանի որ այս հանցատեսակը ուղիղ հարվածում է բնակչության առողջությանը։ ՆԳ նախարարությունը ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը՝ թմրամիջոցներից զերծ, անվտանգ և առողջ հասարակություն ձևավորելուն։
18:53 - 26 հունիսի, 2025
Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

Փաշինյանը առաջարկել է երեկ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման

ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է երեկվա գործողությունների ժամանակ «առավել արդյունավետ գործած իրավապահներին» ներկայացնել պարգևատրման։ Նրա խոսքով՝ իրավապահները ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցներ են։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, բացահայտվել է պետականության, ՀՀ կայունության և անվտանգության դեմ նախապատրաստվող հանցագործություն․ «Բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը», - նշեց Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ պարգևատրման հարցը քննարկել է նաև Հանրապետության նախագահի հետ։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։ Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
11:36 - 26 հունիսի, 2025
ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում

ՆԳՆ ոստիկանության պետը օպերատիվ խորհրդակցություններ է անցկացրել Լոռու և Տավուշի մարզերում

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոռու և Տավուշի մարզեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում նա անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, որին մասնակցել են ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Վարդանյանը և Արթուր Խուդինյանը, ինչպես նաև Լոռու մարզի քրեական և համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և պետական պահպանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Ներկայացնելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի կողմից ոստիկանության ծառայության վերաբերյալ սահմանված սկզբունքային մոտեցումները՝ Արամ Ղազարյանն ընդգծել է դրանց համահունչ նախանշված քայլերով առաջ շարժվելու անհրաժեշտությունը։ Ոստիկանության պետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել կարգապահության և մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը, ինչպես նաև ակտիվացնել կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների, ապօրինի թմրաշրջանառության կանխարգելման ու բացահայտման, զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև քրեական ենթամշակույթին հակազդելու ուղղությամբ իրականացվող միջոցառուները: Արամ Ղազարյանը նշել է, որ անհրաժեշտ է գործադրել առավելագույն ջանքեր հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում՝ կանխելով ճանապարհատրանսպորտային պատահարները: Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Լոռու մարզի իրավապահ այլ կառույցների ղեկավարների հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։ Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ժամանակ, ոստիկանապետ Ղազարյանը Տավուշի մարզում ևս խորհրակցության մասնակիցներին ներկայացրել է ծառայության վերաբերյալ նախարարի սկզբունքային մոտեցումները։ Անդրադառնալով ամենօրյա ծառայողական գործունեությանը՝ Արամ Ղազարյանը հանձնարարականներ է տվել պարտականությունների պատշաճ և օպերատիվ կատարման վերաբերյալ։ Կարևորվել է հանցավորության դեմ պայքարի բոլոր ուղղություններով աշխատանքների ակտիվացումը, ներառյալ՝ անտառահատման դեպքերի կանխարգելումը և բացահայտումը։ Անդրադառնալով կադրային քաղաքականությանը՝ ոստիկանապետն ընդգծել է, որ մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացումը հաջողակ և պրոֆեսիոնալ ոստիկանության հիմքն է։ Խորհրդակցությունից հետո Արամ Ղազարյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ ծաղիկներ է խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին։
18:46 - 25 հունիսի, 2025
ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

ՆԳ նախարարության համակարգմամբ՝ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի քննարկումներն ակտիվ փուլում են

Հունիսի 24-ին Ներքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությանը՝ Միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։  Քննարկվել է Սահմանների համալիր կառավարման (IBM) հայեցակարգի մշակման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են նաև ռիսկերի գնահատման, տեղեկատվության փոխանակման, տեխնիկական արդիականացման ու մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացմանն ուղղված քայլերը։ Որպես սահմանային և միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման հիմնական նախապայման՝ կողմերն ընդգծել են իրավապահ և պետական այլ մարմինների համակարգված ու շարունակական համագործակցությունը։ Անդրադառնալով քաղաքացիության տրամադրման գործընթացի արդիականացմանը՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը կարևորել է միգրացիոն քաղաքականության ռազմավարության մշակման աշխատանքները։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցագործությունների դեմ պայքարին միտված ռազմավարությունները։ Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության համակարգային բարեփոխումները՝ փոխնախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև Ոստիկանության հենասյունային ուղղություններում արձանագրված ձեռքբերումներին։ Արմեն Մկրտչյանը կարևորել է ՆԳՆ կրթահամալիրի ձևավորումը, ինչը միտված է ապահովելու թե՛ ծառայողների շարունակական վերապատրաստումը, թե՛ ոստիկանների մասնագիտական կրթությունը։ Նա հավելել է, որ այդ ուղղությամբ իրականացվում են երկարաժամկետ ռազմավարական պլանավորում և միջնաժամկետ գործողությունների մշակում՝ համադրելով միջազգային փորձն ու կարիքները։ Պավել Բուսիակիևիչը հայտնել է, որ առաջիկա օրերին Եվրոպական հանձնաժողովը Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը համաձայնեցման կուղարկի ԵՄ անդամ պետություններին։ Ակնկալվում է, որ աշնանն արդեն ծրագիրը պաշտոնապես կփոխանցվի հայկական կողմին։ Քննարկումների ընթացքում պատվիրակության անդամները ուշադրություն են դարձրել թրաֆիքինգի ենթարկված անձանց, ինչպես նաև վկաների պաշտպանության ու վերաինտեգրման համակարգի բարելավման հնարավորություններին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի նպաստ Հայաստան-ԵՄ գործընկերության արդյունավետ և համապարփակ զարգացման։ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի մշակման շուրջ քննարկումները շարունակվում են ակտիվ ձևաչափով՝ ներառելով ոլորտային հանդիպումներ, արդյունավետ համագործակցություն եվրոպական գործընկերների հետ։Ներքին գործերի նախարարության գլխավորությամբ ու համակարգմամբ՝ և՛ միջազգային գործընկերների հետ, և՛ միջգերատեսչական մակարդակով սերտ համագործակցությամբ՝ իրականացվում են շարունակական աշխատանքներ՝ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի առաջընթացն ապահովելու և ոլորտային բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով։
12:59 - 25 հունիսի, 2025
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը: Գելա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները: Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման: Մանրամասներ են ներկայացվել Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարների քննարկումների վերաբերյալ: Տեղեկացվել է, որ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում փոխգործակցությանը, հանցավորության և ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին:
19:12 - 23 հունիսի, 2025
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։ Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։ Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով գործընկերոջը, շնորհավորել է նրան Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Գելա Գալաձեի այցը ևս մեկ կարևոր քայլ է գործընկերության ամրապնդման առումով։ Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող համակարգային բարեփոխումները, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ այս համատեքստում ընգծելով Վրաստանի փորձի կարևորությունը։ Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության մի շարք, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերի։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է։ Նախարար Գալաձեն ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը՝ վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։ Գելա Գալաձեն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ՆԳ նախարարությունն ու նախարարը կունեն իր լիակատար աջակցությունը։ Վրաստանի ՆԳ նախարարը ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կառույցում ընթացող բարեփոխումները։ Գելա Գալաձեն անդրադարձել է նաև Հայաստանի ՆԳ նախարարությունում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի փորձը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։ Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, համագործակցությունը խորացնելու համատեքստում, Արփինե Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերն ու արձանագրել, որ պատասխան այցը ևս միտված է հարաբերություններն առավել զարգացնելուն։ Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակել են երկկողմ ձևաչափով։
18:41 - 23 հունիսի, 2025
Նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով․ ՆԳՆ նախարար

Նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով․ ՆԳՆ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 21-ին Ոստիկանության զորքերի կենտրոնական վարչակազմում մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 33-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ներքն գործերի նախարարության տարածած հայտարարությունից։ «Ներկա էին Ոստիկանության պետը, ՆԳ նախարարի տեղակալները, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, ոստիկանության ծառայողներ։ Նախարարության ղեկավարությանն է ներկայացվել զորքերի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը։ Շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ Ոստիկանության զորքերը Հայաստանի պետականության ամրապնդման, հասարակական կարգի և անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանադրական կարգի պահպանման գործում ունեցել և շարունակում են ունենալ լրջագույն ներդրում։ Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով ծառայության համար՝ դիմել է ոստիկանության զորքերի ծառայողներին և նշել, որ նրանց համազգեստը ոչ միայն աշխատանքի կամ ծառայության նշան է, այլև մեր քաղաքացիների և պետության հանդեպ վստահության ու պատասխանատվության խորհրդանիշ։ Նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես Ոստիկանության զորքերի կայացման, այնպես էլ պետականաշինության գործում անգնահատելի դեր են ունեցել երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանները, որոնք դա ապացուցել են կյանքի գնով՝ սերունդներին ժառանգելով նվիրական ծառայության օրինակ։ Նախարարի խոսքով՝ կարևոր ու խորհրդանշական է, որ զորքերի կազմավորման 33-ամյակը համընկել է ոստիկանության ոլորտում իրականացվող արմատական բարեփոխումների փուլին, որն ուղղված է հանրային անվտանգության ապահովման նոր չափանիշների ձևավորմանը։ Բարեփոխումների համատեքստում Արփինե Սարգսյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ՝ ընդգծելով օրենսդրական դաշտի կարգավորման, ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, շարունակական վերապատրաստման և սոցիալական երաշխիքների ապահովման կարևորությունը։ Նախարար Սարգսյանի խոսքով՝ գվարդիայի ստեղծմամբ հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործընթացը կընդլայնվի նոր մեթոդներով ու մոտեցումներով՝ այս ուղղությամբ կարևորելով ծառայողների ամենօրյա ինքնակատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նա վստահեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ոստիկանության գվարդիան կներկայանա նոր ոճով, նոր տեսքով և նոր մոտեցումներով, ինչը քաղաքացիներին կապահովի հասարակական կարգի պահպանման ավելի բարձր որակ։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ են հանձնել մի խումբ ծառայողների։ Միջոցառման շրջանակում ոստիկանության զորքերը հանդես են եկել ցուցադրական վարժանքներով։ Տոնական միջոցառումը եզրափակվել է Ոստիկանության զորքերի երգի և պարի համույթի կատարումներով», - նշված է հայտարարությունում։
17:26 - 21 հունիսի, 2025
Կուտակումներից խուսափելու համար նույնականացման քարտերի տպիչ երկու սարք է գործարկվել

Կուտակումներից խուսափելու համար նույնականացման քարտերի տպիչ երկու սարք է գործարկվել

Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ «Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։Հերթագրման համակարգում սպասում է 52 160 քաղաքացի, որից 40 645-ը՝ Երևանում: 2024 թվականին նույնականացման քարտ ստացել է 161 000 անձ։ Սա երկուսուկես անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից։ Ստացվում է՝ 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։ «Նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք մեզ թույլ կտային թողունակությունը ավելի ընդլայնել նույնականացման քարտերի տպագրության և կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին։ Այսօրվա կտրվածքով օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվն արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, քանի որ ձեռք ենք բերել երկու նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի և բարձրացնել թողունակությունը»,-նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այդ թվում՝ օրենքով սահմանված ժամկետների պահպանման համար Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայումս աշխատում է առանց հանգստի։ Կարող ենք արձանագրել, որ կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է։ ՄՔԾ անձը հաստատող փաստաթղթերի թողարկման վարչություն պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ծառայության տեխնիկական պատասխանատուները ուսումնասիրել են հերթագրումների օնլայն հարթակը և հայտնաբերել նույնականացման քարտի ստացման հերթագրում այն դեպքում, երբ տվյալ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ։ «Հորդորում ենք մեր քաղաքացիներին չեղարկել հերթագրումը, եթե չեն կորցրել վավեր նույնականացման քարտը։ Պետք է արձանագրել նաև, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային բոլոր ստորաբաժանումներում կան նույնականացման քարտեր, որոնք թողարկվել են, բայց շարունակում են մնալ ստորաբաժանումներում»,- նշում է Աննա Մակարյանը։
11:10 - 20 հունիսի, 2025
ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը |armenpress.am|

ՆԳՆ-ն հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին. ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նրանց մեջ է Սամվել Կարապետյանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է մի խումբ անձանց բերման ենթարկելու մասին: «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով գործարար, «Տաշիր գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի բերման ենթարկվելու մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները՝ ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց. «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ»:  «Արմենպրես»-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ:  Նշենք՝ այսօր News.am-ի զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Մայր Աթոռի վերաբերյալ հայտարարություններին՝ «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ասել է. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Սամվել Կարապետյանի եղբայրը հայտնեց՝ Սամվել Կարապետյանին չեն ձերբակալել, «չեն հասցրել, նա տանն է, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին Կարեն Կարապետյանն ասաց լրագրողների հետ զրույցում, որոնք հավաքվել են Կարապետյանների առանձնատան դիմաց։  
18:45 - 17 հունիսի, 2025
ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

ՆԳ նախարարի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև հունիսի 15-ի ժամը 11։45-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու, հորդառատ անձրևի և տեղացած կարկուտի հետևանքով գրանցված դեպքերի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանձնարարությամբ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության, հայտարարվել է անձնակազմի հավաք:Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից սահմանված կարգով սպասարկվել են բոլոր դեպքերը: Աշխատանքները համակարգել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Մասնավորապես՝ փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժման, անձրևատար խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Արագածոտնի մարզում՝ 3, Լոռու մարզում՝ 1, Շիրակի մարզում՝ 33 դեպք։ Ուժեղ քամուց պատճառված վնասների արդյունքում զոհեր և տուժածներ չկան: Հունիսի 14-ի ժամը 19։30-ից մինչև 21։40-ը Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում տեղացել է կարկուտ, վնասվել են 4 տրանպորտային միջոց», - նշված է գրառման մեջ։
13:52 - 15 հունիսի, 2025
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ նախարարության մոտեցումներն ու քայլերի հաջորդականությունը: Հաջա Լահբիբը, գերազանց գնահատելով երկկողմ համագործակցությունը, առանձնակի կարևորել է Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև ոլորտի ռազմավարության ընդունումը։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու փրկարար ծառայության արդիականացման ուղղությամբ ցուցաբերվող աջակցությունը: Հաջա Լահբիբը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Նախարար Սարգսյանը շեշտել Հայաստանի գործադրած ջանքերը նաև բնակչության պաշտպանության ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցության ինտենսիվացման հարցում: Հանձնակատար Լահբիբը, կարևորելով փոխգործակցությունը, պատրաստակամություն է հայտնել նպաստել Հայաստանում բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը: Հանդիպմանը քննարկվել են նաև փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և այլ առանցքային հարցեր:
22:03 - 13 հունիսի, 2025
Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

Բելգիան աջակցում է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականցման հարցում. ՆԳ նախարարը հանդիպել է Բելգիայի ապաստանի և միգրացիայի նախարարի հետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 11-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Ապաստանի, միգրացիայի և սոցիալական ինտեգրման, խոշոր քաղաքային քաղաքականության նախարար Աննելին Վան Բոսսյուին:Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Աննելին Վան Բոսսյուն ողջունելով Արփինե Սարգսյանին՝ կարևորել է հարաբերությունները զարգացնելուն միտված երկկողմ քայլերը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ ընդգծել է, որ Բելգիայի Թագավորության հետ գործընկերային հարաբերություններ են ձևավորվել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ-ի շրջանակներում: Արփինե Սարգսյանը ընդգծել է նոր ֆլամանական դաշինք կուսակցության կարևոր դերակատարությունը հայ-բելգիական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է Գործողությունների ծրագրի արագ կենսագործման ուղղությամբ Հայաստանի քայլերը, ինչպես նաև նոր կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը: Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծման և ռազմավարության մշակման ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Աննելին Վան Բոսսյուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի իրականացման, բիոմետրիկ համակարգի, ինչպես նաև սահմանային կառավարման նոր էլեկտրոնային լուծումների (e-gate համակարգ և այլն) ներդրման ոլորտում փորձի փոխանակման հարցերում: Քննարկվել են նաև անօրինական միգրացիայի, փախստականների իրավունքների պաշտպանության և ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
18:29 - 12 հունիսի, 2025