Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Փոխնախարար Կոստանյանի այցն Անկարա հայ-թուրքական կարգավորման շրջանակներում էր. Ռուբինյան
 |azatutyun.am|

Փոխնախարար Կոստանյանի այցն Անկարա հայ-թուրքական կարգավորման շրջանակներում էր. Ռուբինյան |azatutyun.am|

azatutyun.am: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, խորհրդարանում լրագրողներին հայտնեց կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը: «Գիտեք, ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլև ԱԳՆ մակարդակում կան շփումներ, տարբեր նախարարների մակարդակում», - ասաց ԱԺ փոխխոսնակը: Կոստանյանը նախօրեին Անկարայում Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջի հետ քննարկել էր տարածաշրջանային հարցեր, երկկողմ օրակարգը: Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ Ռուբեն Ռուբինյանը չներկայացրեց: Ինչ վերաբերում է առաջիկայում վարչապետի Թուրքիա մեկնելուն, ապա նա հորդորեց սպասել կառավարության պաշտոնական հաղորդագրությանը: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ «Ազատության» հարցին ի պատասխան չէր հերքել, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չէր բացահայտել: Ռուբեն Ռուբինյանը նաև ասաց, որ այս պահին իր և Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդեր Քըլըչի հանդիպման համար հաստատված ժամկետ չկա: Վերջին անգամ բանագնացները հանդիպել էին ապրիլին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։ Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսին և ներկա գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը:
14:43 - 17 հունիսի, 2025
Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք |armenpress.am|

Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում. Ջոշուա Հաք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքը հանդիպել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայացուցիչ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։  «Ուրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին արդյունավետ զրույց ունեցա Ազգային ժողովի փոխնախագահ և հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ»,- հանդիպումից հետո Ջոշուա Հաքի խոսքերը փոխանցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ Ջոշուա Հաքը մայիսի 29-ին Երևանում հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։  
14:59 - 30 մայիսի, 2025
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Ստոկհոլմում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի և ՇԹ Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը և Գառնիկ Դանիելյանը: Շվեդական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը Շվեդիայի Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է: Ծրագրի նպատակն է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջև փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:
17:57 - 29 ապրիլի, 2025
Ռուսական կողմը պատրաստակամ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Գալուզինը՝ Ռուբինյանին

Ռուսական կողմը պատրաստակամ է նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Գալուզինը՝ Ռուբինյանին

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Զրույցի մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր գործոն է Հարավային Կովկասի կայունության և կայուն զարգացման համար։  Ռուբինյանը տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։ Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա): Մտքերի փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- նշված է հայտարարության մեջ։
16:37 - 18 ապրիլի, 2025
Ժողովուրդը կտա այս հարցի պատասխանը 2026 թվականին․ Ռուբեն Ռուբինյանը՝ իշխանափոխության հավանականության մասին |news.am|

Ժողովուրդը կտա այս հարցի պատասխանը 2026 թվականին․ Ռուբեն Ռուբինյանը՝ իշխանափոխության հավանականության մասին |news.am|

news.am: Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ 2026 թվականին կլինեն ընտրությունների, ժողովուրդը կտա Ձեր հարցի պատասխանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում  հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե արդյո՞ք իշխող «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը մտահոգված է իշխանափոխության հավանականության կապակցությամբ։ Նա նաև նշեց, որ ժողովրդին չի հաջողվի համախմբվել ընդդիմության շուրջ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու նպատակով։ «Որովհետև ժողովուրդը, մեղծ ասած, լավ կարծիք չունի Ձեր նշած անձի մասին»,- ասաց Ռուբինյանը՝ նկատի ունենալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը նախօրեին իր ելույթի ժամանակ սուր քննադատություն էր հնչեցրել գործող իշխանությունների հասցեին։ «Եվ կրկին, այդ հարցի պատասխանը  2026 թվականին կստանաք»,- հավելեց նա։
14:03 - 15 ապրիլի, 2025
Հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան |factor.am|

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա. Ռուբեն Ռուբինյան |factor.am|

factor.am: «Թուրքիայի ներկայացուցչի հետ քննարկել ենք կարգավորման գործընթացն իր ամբողջ սպեկտրով, քննարկել ենք բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով իր և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ հետ հանդիպմանը։ Նա ընդգծեց, որ որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունների մի մասն իրագործված է, բայց մի մասը կատարված չէ։ «Որոշ գործընթացներ կան Անիի պատմական կամրջի վերականգնման շուրջ, վերջերս Ստամբուլում հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների, այս սպեկտրն էլ ենք քննարկել»,- փոխանցեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացը։ Ինչ վերաբերում է «Մարգարայի» անցակետի բացմանը Ռուբինյանն ասաց, որ Հայաստանն իր անելիքն արել է: «Դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել և Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել։ Մենք սպասում ենք, որ Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը»,- ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում նորություն չկա։ Ռուբեն Ռուբինյանը նաև հայտարարեց՝ Հայաստանը պնդում է, որ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի։ Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի ստորգրմանը՝ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:27 - 14 ապրիլի, 2025
Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի հիմք ու առիթ չկա. Ռուբեն Ռուբինյան
 |news.am|

Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց պատերազմի հիմք ու առիթ չկա. Ռուբեն Ռուբինյան |news.am|

news.am: Պատերազմի վտանգ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, այնպես էլ վաղը կա, պատերազմի առիթ չկա և հիմք չկա: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը նման միջոցներով փորձում է ճնշել, որպեսզի հավելյալ նախապայմաններով պայմանագիրը ստորագրվի, նա պատասխանեց. «Ես չեմ ուզում հիմա մենք քաղաքագիտական վերլուծության մեջ մտնենք: Հարցնում եք՝ վտանգ կա՞, վտանգ միշտ էլ կա: Չէինք ասի, որ վտանգը ավելի շատ է, քան երեկ, բայց այդ վտանգը կա, քանի դեռ խաղաղության գործընթացը չի հասել իր ավարտին: Բայց մենք ի՞նչ ենք անում, մենք շարժվում ենք խաղաղության ուղղությամբ, սա է պատճառը նաև, որ այդ թվում մեր ջանքերով խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է իր ստորագրմանը»:
16:59 - 26 մարտի, 2025
Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին. Ռուբեն Ռուբինյանի հարցազրույցը՝ թուրքական հեռուստաալիքին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը կարգավորման գործընթացի մեկնարկից մինչ այս պահը չի փոխվել. Հայաստանն ամբողջովին  պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։  «Ակնկալում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, որը ներառում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և Հայաստանի ցամաքային սահմանի ապաբլոկավորում։ Հայաստանը պատրաստ է սրան առանց որևէ նախապայմանի։ Հայաստանը պատրաստ է ամբողջական կարգավորման և, եթե Թուրքիան էլ նման քաղաքական կամք ունենա, այս ամենը շատ արագ կիրականանա։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և սպասում է Թուրքիայի քայլին»,- ասել է Ռուբինյանը։  Նա  նաև նշել է, որ չկա որևէ պատճառ, որ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունենան և երկրների սահմանները բաց չլինեն։  Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ մինչև այսօր երկու երկրների միջև ամենակարևոր պայմանավորվածությունը եղել է սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացելը, որը ձեռք է բերվել 2022 թվականին։ «Մեր կողմում Մարգարա անցակետը վերանորոգվել է և պատրաստ է։ Ակնկալում ենք, որ մեր թուրք գործընկերները կատարեն պայմանավորվածությունը»,- ասել է Ռուբինյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Թուրքիան նաև պայմանավորվել են վերակառուցել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը։   Թուրքական հեռուստաալիքը Ռուբեն Ռուբինյանի հետ հարցազրույցն անցկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված մեդիատուրի շրջանակներում։ Մեդիատուրի շրջանակներում թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցազրույց են անցկացրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հանդիպումներ ունեցել այլ պաշտոնյաների, ինչպես նաև փորձագետների հետ։ 
16:59 - 12 մարտի, 2025
Տուգանային միավորների չափը կփոխվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
 |civilnet.am|

Տուգանային միավորների չափը կփոխվի․ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ |civilnet.am|

civilnet.am: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց, որ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվող 9 միավորը դառնա 13: Մարտի 5-ին նիստին խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին։ Առաջարկվող փոփոխությամբ տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարվա համար հատկացվելու է 13 միավոր: Այս նախագիծը օրակարգ են մտցրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, և ՔՊ-ական պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արմեն Խաչատրյանը։ Ըստ իշխանական պատգամավորների՝ շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Արմեն Խաչատրյանը երեկվա նիստին ներկայացրեց նաև ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ: Ըստ Խաչատրյանի՝ վարորդին մեկ տարի ժամկետով տրվող միավորների ավելացումը կթեթևացնի վարորդների սոցիալական բեռը: Նախագիծը դեռ պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ ու ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2025 թվականի մայիսի 1-ից:
12:29 - 05 մարտի, 2025
Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Վարորդներին տրվող միավորները 9-ից կդառնան 13. օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Արմեն Խաչատրյանի հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց մեկ տարվա համար տրվող միավորների շեմը 9-ից դարձնել 13: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:  Հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղևորափոխադրմամբ և բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների առաջացմանը, սոցիալական բեռի ավելացմանը և քաղաքացիների արդարացի դժգոհությանը: Ներքին գործերի նախարարությունից ստացված վիճակագրական տվյալների համաձայն՝ 2020 թվականից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը 14.365 վարորդի տուգանային միավորները լրանալու հիմքով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցվել է, իսկ նույն տարում կրկնակի կասեցմամբ վարելու իրավունքից զրկվել է 628 անձ: Նախատեսված փոփոխությունները նպատակ են հետապնդում թեթևացնելու վարորդների սոցիալական բեռը: Մի շարք իրավախախտումների համար նախատեսվում է տուգանային միավորների խստացում, որոնք բնութագրվում են մարգինալ վարքագծի շարժառիթներով և որոնց կատարումն ակնհայտորեն չունի սոցիալական համատեքստ, օրինակ՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, անվտանգության գոտիները չամրակապած վիճակում վարելը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար պատասխանատվության ենթարկվելուց հետո 1 տարվա ընթացքում նույն արարքը կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը և այլն: Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով օրենքի նախագիծը մեծամասամբ վերաբերում է տաքսու վարորդներին, որոնք աշխատանքի բերումով օրվա մեծ մասն անցկացնում են մեքենայի ղեկին: Նա հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին: Հարակից զեկուցող, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի խոսքով Կառավարությունը ներկայացվող նախագծին դեմ չի և սկզբունքորեն առաջարկներ չունի: Գործադիրը, մասնավորապես, առաջարկում է օրենքի դրույթների համար նախատեսել մեկ միասնական ուժի մեջ մտնելու ժամկետ: Պատգամավորներն իրենց ելույթներում նշել են, որ կան իրավախախտումներ, որոնց պարագայում նախատեսված տուգանքները պետք է խստացվեն: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և կից ներկայացված հարակից օրենքներին: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
16:10 - 27 փետրվարի, 2025