Անդառնալիության կետը, ըստ էության, անցել ենք. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասով հայտարարությունների մասին
|1lurer.am|
1lurer.am: Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ (մենք գործընկերներ ենք և աշխատում ենք միասին)՝ այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ-ի վրա հարձակում չի եղել, նաև հայտարարել է, որ ՀՀ-ն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր փաստաթղթերին:
Փաշինյանը հիշեցրեց՝ ՀՀ-ի նկատմամբ 2021, 2022 թվականներին եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա, հարցը քննարկվել է դաշնակիցների հետ, և հայկական կողմը ստացել է պատասխան՝ նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են, բայց սահմանը դելիմիտացված չէ:
«Ասել ենք՝ շատ լավ, ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք՝ որտեղով է անցնում, իրենք մեզ դա ցույց չեն տվել, և ես իմ ռեակցիան հրապարակայնորեն ասել են՝ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, գոյություն չունի, և դա է եղել պատճառը, որ 2022 թվականի աշնանը երևանյան գագաթնաժողովին ես հրաժարվել եմ ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը: Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի: Մենք ՀԱՊԿ-ի հետ մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»,- ասաց նա:
Անդրադառնալով փաստաթղթերի ստորագրման մասին հայտարարությանը՝ Փաշինյանը հիշեցրեց՝ ՀՀ-ն հայտարարել է՝ սառեցվում է ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ինչը նշանակում է, որ հայկական կողմը չի մասնակցում ոչ մի փաստաթղթի մշակման, քննարկման, առաջարկ տալու գործընթացներին:
«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև, ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են, թող որոշեն: Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, ասենք՝ վայ դե յուրե այստեղ վետո դնելու իրավունք ունենք. դա էլ՝ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ:
Բայց, էլի եմ ասում, այդ թվում այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ: Եվ ես կարծում եմ՝ այդտեղ մենք անդառնալիության կետը, ըստ էության, անցել ենք»:
17:39 - 04 դեկտեմբերի, 2024