Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ում շրջանցում են գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը
13:18 - 31 օգոստոսի, 2024

Ըստ Փաշինյանի՝ ՌԴ-ում շրջանցում են գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշելով, որ դրանում կարեւորագույն դրույթներից մեկը վերաբերում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձին։ 

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կառարած վերջին այցի արդյունքներով Կրեմլի հրապարակած հաղորդագրության մեջ նշվում էր․ «ՌԴ-ն պատրաստ է շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Առանցքային խնդիրները մնում են խաղաղության պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանազատման գործընթացի խթանումը, ենթակառուցվածքների ապաշրջափակումը ամենաբարձր մակարդակով 2020-2022 թթ. ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի հիման վրա»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել էր, որ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գործող փաստաթուղթ է, և դրա այլընտրանքը չկա»։

Ըստ Փաշինյանի՝ շատ դեպքերում, երբ ՌԴ գործընկերները խոսում են եռակողմ հայտարարության վերաբերյալ, իր համար ցավալի է տեսնել, որ նրանք գերիների, պատանդների, այլ պահվող անձանց հարցն, ըստ էության, շրջանցում են․ «Որովհետեւ նաեւ եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը եւ մենք ուզում ենք դրանք արժեւորել, կարեւորել, պետք է գնանք, առաջին հոդվածից կարդանք, տեսնենք՝ ով ինչ աշխատանք պետք է իրականցներ, որ չի իրականացրել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ գերիների, պատանդների, այլ պահվող անձնանց հարցը իրենց շատ մտահոգում է։ 

Նրա խոսքով այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք են իրականացնում, այդ աշխատանքը չի երեւում, եւ դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է։

«Էն ընկալումներով, որոնցով ԼՂ մեր մի խումբ հայրենակիցներ փորձում են ձեւակերպել [վերադարձի] հարցը, ես դա իրատեսական չեմ համարում։ Երբ աշխատանքային այցով Վայքում էի, ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին մոտեցավ, ինձ ասաց՝ ուզում եմ անկեղծ ասեք՝ ինչքանով է իրատեսական վերադարձի հարցը, եւ ես էլի նույնը պատասխանեցի՝ էն ընկալումներով, ինչ ընկալումներով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցի բովանդակությունը փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում եւ չեմ կարող խաբել, էն նույն պատճառներով, ինչ պատճառներով այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ լուծարման հրամանագիրը եւ րոպե առաջ լքեցին Լեռնային Ղարաբաղը»,- ընդգծեց Փաշինյանը։

Ապա վարչապետը հիշեցրեց 2023-ի սեպտեմբերի իրադարձությունները, երբ, նրա խոսքով, սոցցանցերում, մամուլում, ընդդիմության կողմից կար մեղադրանք, թե ինքը թույլ չի տալիս, որ ԼՂ ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից․ «Հիմա էլ ասում են՝ ես թույլ չեմ տալիս՝ վերադառնա, կամ չենք բարձրաձայնում։ Ասացի՝ ինչու, որովհետեւ այն բովանդակությունը, այն փաթեթավորումը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ հակասում է ՀՀ պետական շահերին։ ՀՀ պետական շահը չափում եմ ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներով եւ իրավազորությամբ»։

Փաշինյանը ընդգծեց, որ իր համար ակնհայտ է, որ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո, առաջ, ընթացքում ԼՂ-ի հարցը չի եղել ԼՂ-ի հարց, եղել է ՀՀ-ի հարց, ՀՀ պետականությունը զրոյացնելու հարց․ «Եվ ես ժամանակի մեջ դրանում ավելի եմ համոզվում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել