ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |hetq.am|
10:09 - 23 սեպտեմբերի, 2021

ԱԳՆ-ն հրաժարվում է պատասխանել` արդյոք ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը |hetq.am|

hetq.am: Արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե արդյոք 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը քննարկել են այդ երկրի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը։ Այդ մասին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է «Հետք»-ի հարցմանն ի պատասխան։

Երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ որևէ խոսք չկար այն մասին, որ կողմերը քննարկել են այդ հարցը, ուստի մենք ԱԳՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք հայկական կողմն այս հանդիպման ժամանակ Սլովակիայի հետ քննարկել է այն, ինչ ուղերձներ էին փոխանցվել մյուս կողմին ու ինչ արձագանք էր տվել սլովակական կողմը։ 

Որպես տեղեկատվության տրամադրման մերժման պատճառաբանություն ԱԳՆ-ն նշում է, որ չի կարող հրապարակել կողմերի առանձնազրույցի բովանդակությունը՝ ելնելով «ՀՀ ԱԳՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված ցանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԳ նախարարի 2017 թվականի հունիսի 16-ի թիվ 1002-Ն հրամանի հավելվածի 4-րդ կետից («Տեղեկատվություն միջազգային պայմանագրերի և պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնց գաղտնի լինելու մասին առկա է պայմանավորվող կողմերի համաձայնությունը կամ ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան ենթակա չեն բաց հրապարակման»)։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին սլովակական Dennik N թերթի լրագրող Վլադիմիր Շնիդլը հոդված էր հրապարակել Ադրբեջանի կողմից Սլովակիայից Dana ինքնագնաց հաուբիցի և RM-70 ՀԿՌՀ-ների ձեռք բերման մասին: Լրագրողը պարզել էր, թե ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։ Սլովակիայի կառավարությունը հաուբիցների և հրթիռային համազարկերի համակարգերի արտահանման լիցենզիա էր տրամադրել, իսկ դրանք տարանցել էին Իսրայելով և հայտնվել Ադրբեջանում։ Լիցենզավորման որոշումը կայացրել էր այդ երկրի էկոնոմիկայի նախարարությունը: 

Սլովակիայում այդ ժամանակ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հրապարակայնորեն քննադատության էր ենթարկել Սլովակիայի գործելակերպը։ «Այս զինատեսակներն իսկապես վտանգավոր են: Նրանց արտահանումը լուրջ խնդիր է, որը կարող է խաթարել ոչ միայն իմ երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն, այլև Սլովակիայի հետ մեր բարեկամական հարաբերությունների պատկերը»,- նշել էր Սեյրանյանը:

Զենքի արտահանման ետևում կանգնած էր եղել սլովակյան MSM ընկերությանը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի Czechoslovak Group-ին: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը դրան լիցենզիա է տրամադրել արդիականացված RM-70 հրթիռային համազարկային կայանքներ և արդիականացված Dana հաուբիցներ Իսրայել արտահանելու համար: Չեխ լրագրողները մի շարք ապացույցներ էին ձեռք բերել, որ Իսրայելը պարզապես տարանցիկ կայան է եղել, մինչդեռ զենքի իրական գնորդն Ադրբեջանն էր, որը նույնիսկ չէր էլ ժխտում այդ փաստը` ցուցադրելով զինատեսակներն ադրբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ:

Սլովակիայի կառավարությունը, սակայն, ամեն կերպ հերքում էր այդ երկիր զինտեխնիկայի արտահանման համար իր պատասխանատվությունը: Սլովակիան նշում էր, որ համաձայնություն է տվել դա միայն Իսրայել արտահանելու համար, բայց ոչ Ադրբեջան, որը 90-ական թվականներից ի վեր սպառազինության էմբարգոյի ենթարկված երկիր է:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել