Վաշինգտոնը շարունակում է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին դուրս հանել ՄԱԿ-ի կառույցներից և վտարում է վերջին ռուս սպային, որը պաշտոնապես գործուղված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ չորեքշաբթի օրը տարածված մեկնաբանությունում։
«Միացյալ Նահանգները, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ընդունող երկրի հետ համաձայնագրով նախատեսված բոլոր համաձայնությունները և ստանձնած պարտավորությունները, շարունակում է բառացիորեն դուրս մղել Ռուսաստանի ներկայացուցիչներին ՄԱԿ-ի կառույցներից։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունից վտարելով 12 դիվանագետների՝ ամերիկացիները վտարում են մեր վերջին սպային, ով պաշտոնապես գործուղված էր Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ռազմական գործերի վարչություն։ Ընդ որում, նրանք մուտքի արտոնագրեր չեն տրամադրում ՌԴ պաշտպանության նախարարության մյուս թեկնածուներին, որոնք վաղուց հաստատվել են համապատասխան պաշտոնները զբաղեցնելու համար»,- նշել է դիվանագետը։
«Մոսկվան, ՄԱԿ-ի քարտուղարության ռուս աշխատակցին ԱՄՆ-ից վտարելուց հետո, չէր ցանկանա դիմել ամերիկացի դիվանագետների արտաքսմանը, սակայն Վաշինգտոնի գործողությունները մեծ ընտրություն չեն թողնում», - հավելել է նա։
«Մենք չենք պատրաստվում հաշտվել դրա հետ և ուղիղ ասում ենք, որ կպատասխանենք երկկողմանիորեն։ Եվ դա կարող է ազդել օրինակ՝ Մոսկվայում դիվանագիտական ներկայության ամերիկյան քվոտայի վրա, որը դեռևս ձևավորվում է Նյու Յորքում մեր առաքելության անդամների քանակին համապատասխան, - նշել է Զախարովան։ Խոսք կարող է գնալ նույնիսկ ԱՄՆ դիվանագետների արտաքսման մասին, չնայած որ մենք չէինք ցանկանա այդ քայլին դիմել։ Բայց Վաշինգտոնի ցուցաբերած լկտիությունը, բանակցելու նրա չկամությունը կամ անկարողությունը պարզապես այլ ելք չի թողնում»։
Այս կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ամերիկյան կողմին ցուցաբերել խոհեմություն, չգնալ հետագա էսկալացիայի»։
comment.count (0)