Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ավարտվել է ուկրաինական և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումը։
«Ուկրաինան դարձել է Եվրամիության էներգետիկ համակարգի մաս (միացել է ENTSO-E համակարգին-խմբ․,): Ուկրաինայի և եվրոպական էներգետիկ համակարգերի միավորումն ավարտված է: Այժմ մեր էլեկտրաէներգիան հոսում է ԵՄ, իսկ եվրոպական էլեկտրաէներգիան՝ Ուկրաինա», - գրել է Զելենսկին Twitter-ում:
Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բոլոր եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնց շնորհիվ ԵՄ-ն ու Ուկրաինան «այժմ ունեն միասնական էներգետիկ համակարգ»։
Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր Ռուսաստանի և Բելառուսի հետ միասնական էներգետիկ համակարգ վերադառնալու մտքից հրաժարվելու որոշման մասին։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոյի խոսքով՝ փետրվարի 24-26-ին ուկրաինական էներգահամակարգի ինքնավար աշխատանքի փորձարկումը հաջող է անցել և ապացուցել է «մեկուսացված ռեժիմով աշխատելու ունակությունը»։
2021 թվականի փետրվարին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Կիևը նախատեսում է մինչև 2023 թվականի վերջ անջատվել Բելառուսի և Ռուսաստանի էներգետիկ համակարգերից և ինտեգրվել եվրոպականին։
Ավելի վաղ Naftogaz-ի ղեկավար Յուրի Վիտրենկոն նույնպես նշել էր, որ Ռուսաստանից և Բելառուսից էլեկտրաէներգիայի ներկրումը դադարեցնելու համար Ուկրաինայի միասնական էներգահամակարգը պետք է համաժամանակացնել (սինխրոնիզացնել) Էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատորների եվրոպական ցանցի (ENTSO-E) հետ։
comment.count (0)