Ուկրաինան լքած հայերը, որ տոմսի հնարավորություն չունեն, անվճար կարող են տեղափոխվել Հայաստան. Զարեհ Սինանյան |azatutyun.am|
12:54 - 29 մարտի, 2022

Ուկրաինան լքած հայերը, որ տոմսի հնարավորություն չունեն, անվճար կարող են տեղափոխվել Հայաստան. Զարեհ Սինանյան |azatutyun.am|

azatutyun.am: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը վերջին մեկ ամսվա ընթացքում ստացել է հայրենադարձության խնդիրներով 1500 դիմում: Այս մասին հայտնեց գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում` հավելելով, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում 3 հազար դիմում է ստացել:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

1500 դիմում մեկ ամսում

«Մարդիկ, որոնք Ուկրաինայից գալիս են Հայաստան, ունեն այնպիսի կենցաղային խնդիրներ, որ ունի ցանկացած մարդ, ով գալիս է այստեղ` կացարանի հարց կա, երեխեաների դպրոց, մանկապարտեզ, աշխատանք, եթե գալիս են ընտանիքով», - ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Անցյալ տարի գրասենյակը հայրենադարձության խնդիրներով ընդունել է մոտ 3 հազար դիմում, այս տարվա վերջին մեկ ամսվա ընթացքում` Ուկրաինայում ռազմական գործողություններից սկսած, արդեն եղել է 1500 դիմում` մեծամասնությունը Ուկրաինայից ու Ռուսաստանից` 50 տոկոսից ավելին:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատել ենք եվրոպական մի շարք երկրների համայնքային կառույցների հետ` Լեհաստանի, Չեխիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Հունգարիայի, որոնք կարևոր դեր են խաղացել, փակել են այն բացը, որ պետությունը չէր կարող բավարարել: Օրինակ` երբ մեր հայրենակիցներն անցել են սահմանը Լեհաստանում, իսկ անցումային կետեր եղել են մի քանի տասնյակ, մեր դիվանագիտական կազմը, լինելով շատ սահմանափակ, համայնքային կառույցները լիովին լծված են եղել մեր հայրենակիցներին օգնելու գործում` դիմավորելուց մինչև փոխադրամիջոց հատկացնել, կացարան գտնել և այլն», - մանրամասնեց նա:

Ինչո՞ւ Հայաստանն ինքնաթիռ չի ուղարկում

Զարեհ Սինանյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու Հայաստանը ինքնաթիռ չի ուղարկել Ուկրաինա իր քաղաքացիների տարհանման համար:

«Երբ ճգնաժամը սկսվեց, մենք փորձեցինք պահանջների գնահատում անել և ըստ այդմ առաջարկել կառավարությանը, թե ինչ է պետք անել: Մենք ֆիզիկական ներկայություն չունենք այնտեղ, մեր ինֆորմացիան հիմնված էր կա՛մ համայնքային կառույցների մեզ հասցված ինֆորմացիայի վրա, կա՛մ դիվանագիտական կառույցների: Մենք համայնքային կառույցներից լսում էինք, որ հոսքը շատ մեծ է, և Հայաստան գալու ցանկությունն է մեծ, դիվանագիտական գերատեսչության գործընկերներն ասում էին, որ Հայաստան գալու ցանկություն ունեցողների կրիտիկական մասա չկա:

Որպեսզի թնջուկը լուծվի ի վերջո, դիմեցինք համայնքային կառույցներին` դեսպանատներին զուգահեռ ցուցակ կազմեք այն անձանց, ովքեր ուզում են գալ Հայաստան», - պատմեց Զարեհ Սինանյանը` հավելելով, որ արդյունքում ինչ-որ թվեր ստացել են. «Այն մարդիկ, ովքեր արձագանքեցին այն հայտարարությանը, որը տրվել էր համայնքային կառույցների կողմից, այդ մարդիկ հնարավորություն ունեցել են կամ հնարավորություն կունենան ձրիորեն Հայաստան տեղափոխվելու: Խոսքը գնում է վերջին մեկ շաբաթվա մասին. այն մարդկանց համար, որոնք Ուկրաինան ստիպված լքել են ու հնարավորություն չունեն տոմս գնելու, ցանկություն ունեն Հայաստան գալու, և որոնց մասին մենք տեղյակ ենք: Սա ամենակարևորն է»:

Ըստ նրա` խոսքը 50-ից ավելին չէ:

«Ուկրաինայից եկած մեր հայրենակիցները ՊՇՌ թեստի համար որևէ գումար չպիտի վճարեն»

Այս պահին Ուկրաինայից եկող մեր հայրենակիցները ՊՇՌ թեստի համար որևէ գումար չպիտի վճարեն, նրանք տեղ հասնելով պիտի մաքսակետում հայտնեն, որ Ուկրաինայից են եկել, նրան կուղղորդեն համապատասխան վայր` անվճար թեստ հանձնելու:

«Ես ընդունում եմ միանշանակ, որ արձագանքը շատ դանդաղ էր, շատ ավելի արագ պետք է լիներ: Սա էլ հայրենադարձության, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համակարգերի անկատարության հետևանք է», - նշեց Սինանյանը:

Շարունակությունը՝ azatutyun.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել