Անգամ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը կարող է երկարատև պատերազմ վարել Ուկրաինայում․ Reuters
22:11 - 13 ապրիլի, 2022

Անգամ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը կարող է երկարատև պատերազմ վարել Ուկրաինայում․ Reuters

Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ երկարատև պատերազմ վարել Ուկրաինայում՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, որոնք միտված են դրան խոչընդոտելուն, գրում է Reuters-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․

«Ռուսաստանի ներխուժումն [Ուկրաինա] հանգեցրել է նրա արտահանած նավթի, գազի և հացահատիկի գների աճի, ինչը նրան զգալի միջոցներով է ապահովում՝ «հատուկ ռազմական գործողության» ֆինանսավորման համար։ Այդ «գործողությունն» այժմ նոր փուլ է մտնում, քանի որ Մոսկվան կենտրոնանում է Արևելյան Դոնբասի վրա այն բանից հետո, երբ չի կարողացել կոտրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի դիմադրությունը։

Պատերազմը շարունակվում է, և աճող կորուստներն ու մարտի դաշտ նոր զորքեր մտցնելու կարիքը կարող են ավելի մեծ մարտահրավերներ լինել, քան ֆինանսական ծախսերը։

«Այս տիպի ցածր տեխնոլոգիական պատերազմը կարող է գրեթե ամբողջությամբ ֆինանսավորվել ռուբլով, ինչը նշանակում է, որ նրանք կարող են շարունակել զորքեր և ծանր տեխնիկա մտցնել Ուկրաինա, համենայնդեպս, մինչև որ ավելի մեծ տնտեսական անկում չլինի», - ասում է տնտեսագետ Ջեյկոբ Քիրքեգարդը։

Պաշտպանական հետազոտությունների շվեդական գործակալության ավագ վերլուծաբան Յոհան Նորբերգն ասում է․ «Պատժամիջոցներն այս պատերազմի վրա չեն ազդելու կարճաժամկետ հեռանկարում, քանի որ ռուսական զորքերը կռվում են իրենց սարքած տանկերով և իրենց մարզած զինվորներով»։

Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ այս տարի պատժամիջոցները կհանգեցնեն [Ռուսաստանի] տնտեսության ավելի քան 11% անկման, սակայն, էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտները փաստացի աճում են։ ՌԴ ֆինանսների նախարարությունն ապրիլի 5-ին հայտարարել է, որ Մոսկվան նախատեսում է միայն ապրիլին $9,6 մլրդ լրացուցիչ եկամուտ ստանալ էներգակիրների վաճառքից՝ նավթի բարձր գների շնորհիվ, որոնք պահպանվում են բարելի դիմաց $100 մակարդակում։

Սակայն ոչ մի կասկած չկա, որ Ռուսաստանի գովաբանված ռազմական մեքենայի վրա պատժամիջոցները թանկ են նստել։

ԱՄՆ ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչի պնդմամբ՝ ԱՄՆ տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման ընթացքում կորցրել է իր մարտական հզորության շուրջ 15-20%։

 

Կորցրած տանկեր

Ռազմական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող Oryx բլոգի տվյալներով, որը հաշվում է երկու կողմերի կորուստները վիզուալ ապացույցների հիման վրա, երեկվա դրությամբ՝ Ռուսաստանը կորցրել է ոչ պակաս, քան 2770 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ոչ պակաս, քան 476 տանկ, որոնք ոչնչացվել են, վնասվել, լքվել կամ գրավվել։

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (ՌՀՄԻ) ներկայացուցիչ Յոհան Միշելի խոսքով՝ դա գերազանցում է ՆԱՏՕ անդամ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի տանկերի ընդհանուր քանակը՝ համապատասխանաբար 222 և 227։

ՌՀՄԻ-ի տվյալներով՝ Ռուսաստանը պատերազմից առաջ ունեցել է շուրջ 3,000 տանկ, սակայն դրանցից որոշներն, ամենայն հավանականությամբ, հին են, վատ վիճակում են կամ պահեստամասերի համար են պահվում, այնպես որ, դրանց մարտունակ քանակն ավելի քիչ է։

 

Պաշտպանության ոլորտի ծանրաբեռնվածությունը

Ռուսաստանի ռազմական ծախսերը կարիք կլինի ավելացնել ինչպես Ուկրաինայում պատերազմի պատճառով, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում լարվածության կտրուկ աճի պատճառով, քանի որ ՆԱՏՕ-ն Արևելյան Եվրոպա է ուղարկել լրացուցիչ թվով զինծառայողներ, ասում է Լոնդոնի Պաշտպանության և անվտանգության թագավորական ինստիտուտի գիտաշխատող Ռիչարդ Կոնոլին։

Նրա խոսքով՝ պաշտպանական ոլորտի ծախսերը կարող են զգալիորեն աճել՝ ներկայիս շուրջ 4%-ի համեմատ և կրկնապատկվել հետագա մի քանի տարում։

Կոնոլին ասում է, որ հասարակ ռուսաստանցիները զգալու են դրա հետևանքները, սակայն պետությունը կարող է հանգսիտ ֆինանսավորել ռազմական գործողություններն, անգամ, եթե տնտեսությունը սկսի հետընթաց ապրել։

Նրա խոսքով՝ առավել հրատապ է կորուստների հարցն ու պատերազմի ընթացքն ապահովելու դժվարությունը, որին միաժամանակ մասնակցում է մինչև 150 հազար զինծառայող։

Ռուսաստանը մինչ օրս հայտարարել է 1 351 զոհի և 3 825 վիրավորների մասին, թեև Ուկրաինան ու արևմտյան երկրները կարծում են, որ այդ թվերը մի քանի անգամ ավելի մեծ են։ Ռուսաստանի բանակի և ավիադեսանտային ուժերի ընդհանուր քանակը կազմում է շուրջ 325 000 մարդ։

Ի վերջո, Ռուսաստանը պետք է քաղաքական առումով ոչ պոպուլյար որոշում կայացնի և օգտագործի իր պահեստազորը, որը, ՌՀՄի-ի տվյալներով, մինչև 50 տարեկան շուրջ 2 միլիոն մարդ է ներառում, որոնք զինվորական ծառայություն են կրել վերջին հինգ տարում։

«Եթե 150 հազար մարդ Ուկրաինա եք ուղարկել, ապա ձեր գործող բանակի կեսը ներկա պահին ներգրավված է մարտական գործողություններում, որը զգալի կորուստներ է կրել», - ասում է Կոնոլին։

«Այդ պատճառով էլ կորուստները պետք է փոխարինել։ Ըստ էության, նրանք օգտագործում են իրենց ողջ բանակը կամ օգտագործելու են, եթե այս ամենը դեռ շատ երկար տևի»»։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել