Պայքարը չի դադարելու, մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի. Գեղամ Մանուկյան
 |azatutyun.am|
15:31 - 28 ապրիլի, 2022

Պայքարը չի դադարելու, մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի. Գեղամ Մանուկյան |azatutyun.am|

azatutyun.am: Իշխանության հեռացման պահանջով բողոքի ակցիաներ սկսած ընդդիմության պայքարը չի դադարելու, հայտարարում է խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով այսօրվանից համակիրների հետ Սարդարապատից քայլերթով գալիս է Երևան։

«Այս պայքարը դադար չի ունենալու, որովհետեւ մենք հասկանում ենք, որ հետո, անկախ այն բանից՝ ես քայլում եմ, մյուսը քայլում է, եթե մենք արդյունքի չհասանք, իմ թոռները իմ մասին հիշելու են որպես որևէ բան հայրենիքի փրկության համար չարած մարդու։ Մենք պետք է հասնենք վերջնական արդյունքի։ Մենք պետք է պաշտպանենք Արցախը, պետք է պաշտպանենք Հայաստանը, մեր անվտանգությունը վերականգնենք՝ այս իշխանությանը հեռացնելով, որովհետև այս իշխանությունն այլևս որևէ բանի ի վիճակի չէ», - հայտարարեց Մանուկյանը։

4-րդ օրն է՝ «Հայաստան» խմբակցությունը մայրաքաղաքում իրազեկման ակցիաներից զատ, նաև մարզերից քայլելով է գալիս Երևան։ Մի խումբը Իջևանից է սկսել, մյուսը՝ Տիգրանաշենից, 3-րդ և 4-րդ խմբերն այսօր՝ Ապարանից ու Սարդարապատից։

«Բոլորի մոտ կա Արցախի հարցով անհանգստությունը, որովհետև նույն այս Սարդարապատ գյուղում՝ նույն այս հատվածից առնվազն պատերի պատմելով՝ նրանք գիտեն այն բոլոր վտանգները, որ մեր հայրենիքի գլխին կանգնել են, և հիմա էլ զգում ենք այդ վտանգները և բնականաբար չեն կարող ճհամագործակցել», - նկատեց պատգամավորը։

Միաժամանակ մայրաքաղաքում շարունակվում են ընդդիմադիր թե՛ «Պատիվ ունեմ»-ի, թե՛ «Հայաստան» խմբակցության բողոքի տարբեր ակցիաները։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցում են՝ բողոքի գործողությունների ընթացքում այսօր արդեն 24 հոգի է բերման ենթարկվել։ 2 օր առաջ էլ Երևանում 3 ձերբակալված անձինք ազատ են արձակվել, «Ազատությանը» հայտնեց նրանց փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նա ասաց՝ խուլիգանության կասկածանքով 3 դաշնակցական երիտասարդների ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել։ Փաստաբանն ընդգծեց նաև՝ իրավապահները այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչ գործողություններ են կատարվել, որը դիտարկվել է որպես խուլիգանություն. «Մեզ չի պարզաբանվել կասկածանքը, չեն ասում՝ ինչ գործողություններ է կատարել անձը»։

Ոստիկանությունը ևս չի հստակեցրել, թե ինչ արարքի համար էին ձերբակալվել երիտասարդները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել