Հետծննդաբերական դեպրեսիայի նախահիմքը [Challenge 17.3 | Վարդուհի Մարգարյան]
21:09 - 07 օգոստոսի,2021

Հետծննդաբերական դեպրեսիայի նախահիմքը [Challenge 17.3 | Վարդուհի Մարգարյան]

Վարդուհի Մարգարյան

Challenge նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ընթերցողի և հոդվածագրի միջև։

 

Հետծննդաբերական դեպրեսիա... Հաճախ ենք լսում այս բառը, կարդում բազմաթիվ նյութեր։ Այն հանդիպում է գրեթե բոլորի մոտ։ Մարդիկ կան` հաղթահարելու համար դիմում են հոգեբանի, մարդիկ կան` այն քարշ տալով` ապրում են, որոշ մարդկանց մոտ էլ այնքան աննկատ է լինում, որ չեն էլ ֆիքսում, որ դրա միջով անցել են, մինչև այդ մասին չեն կարդում։

Բայց այսօր ես չեմ ցանկանում խոսել հետծննդաբերական դեպրեսիայի, նրա հաղթահարման ուղիների և այլնի մասին։ Ես ցանկանում եմ խոսել նախքան հղիությունը հանդիպող մի երևույթի մասին, որն ուղիղ կապված է հետծննդաբերական դեպրեսիայի խորացման հետ։

Չգիտեմ՝ մյուս հասարակություններում ինչպես է, բայց մեր հասարակությունում հաճախ են որևէ խնդրի լուծում տեսնում կա՛մ ամուսնության, կա՛մ երեխա ունենալու մեջ։ Իհարկե, որոշ մարդիկ կարող են պնդել, որ դա իրենց օգնել է, բայց այդ դեպքում պարզապես գործել է ինքնաներշնչանքը, կամ էլ ամուսնու/երեխայի հետ շփվելը նպաստել է ինքնահասկացմանը, ինքնաճանաչմանը, ինքնազարգացմանը: Մինչդեռ, դա ժամանակավոր բնույթ է կրում, և հին հոգեվիճակը պարբերաբար կրկին արտահայտվելու է։  

Պատկերացրեք մարդու, որը չի գտնում կյանքի իմաստ, որը դեպրեսիայի, ինքնահասկացման խոր գորընթացների մեջ է․․․ Ու մեկ էլ՝ հոպ․ հայտնվում է մի մարդուկ, որը կարիք ունի մշտական խնամքի, հոգատարության, ուշադրության, սիրո, որը կարող է «պատճառ» դառնալ անքուն գիշերների, որը չի հարցնում՝ դու հավես ունե՞ս, թե՞ չէ․․․ Այս պարագայում էլի որոշ մարդկանց մոտ կարող է գործել իրենցից վերացարկվելու էֆեկտը և արդյունք տալ, այսինքն՝ ուշադրությունը նրանց ներսից տեղափոխվի դուրս, ու նրանց խնդիրները որոշ ժամանակով քնեն, բայց դա կարող է լինել այն դեպքում, երբ խնդիրներն այդքան էլ շատ խորացած չեն, և այս «լուծում»-ը սովորաբար ունենում է ժամանակավոր բնույթ։

Մարդիկ հաճախ ընկնում են այդ ծուղակի մեջ՝ թունավորելով իրենց և երեխաների կյանքը։ Երբեք ու երբեք մի՛ խաբվեք նրան, որ ամուսնանալը կամ երեխա ունենալը կարող է լուծել ձեր խնդիրները։ Եթե սիրում եք ձեզ, ձեր ապագա ամուսնուն/կնոջը, երեխային, ապա լուծե՛ք ձեր խնդիրները, հետո որոշումնե՛ր կայացրեք՝ ավելի խոր անդունդում չհայտնվելու համար։

Սեփական խնդիրներից փախչելու կամ հարաբերությունները բարելավելու նպատակով երեխա ունենալը և՛ Ձեր կյանքն է դժոխք դարձնում, և՛ երեխայի։ Երեխայի վզին փաթաթվում են մեղադրանքներ․ «Դու ծնվեցիր, ամեն ինչ վատացավ»։ Ինքնակառավարվել չկարողանալով՝ երեխան ենթարկվում է ծեծի, ստորացման։ Երեխան չպետք է խնդիրների հաղթահարման միջոց լինի։

Հետծննդաբերական դեպրեսիան այցելում է գրեթե բոլորին տարբեր դրսևորումներով, տևողությամբ և ուժգնությամբ, բայց երբ դրան էլ գումարվում են նախկին չլուծված խնդիրները, դառնում է մի մեծ փաթեթ, որտեղ, բացի ձեզնից, տուժում է նաև երեխան։ Դրա արդյունքում էլ ծնվում են հետևյալ արտահայտությունները․ «ինչպե՞ս է հնարավոր՝ երեխային գոնե մեկ անգամ խփած չլինես», «երեխան հասցրեց նրան, որ խփեցի» (ո՛չ, սիրելի՛ս, երեխան ինչ էլ անի, մեղավոր չէ քո ներքին գործընթացների համար, որոնք չես կարողանում կառավարել, որովհետև խնդիրների մեծ կույտ ես հավաքել ներսումդ), «երեխայի ծնվելուց հետո հարաբերությունները վատացան»։

Այս ամենը վերաբերում է ինչպես կնոջը, այնպես էլ տղամարդուն։ Պետք է երկուսն էլ պատրաստ լինեն այդ պատասխանատվությանը և իրար աջակցելով՝ անցնեն այս փուլով։ 

Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավեր եմ նետում Լիդիա Խաչատրյանին, Լուսի Քոչարյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:

 


Նվիրաբերել Ինչպե՞ս է աշխատում համակարգը

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել