Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետի գործող առաջին տեղակալն է։

Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին: 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ: 2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ: 2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ: 2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ: 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը

Երևանի քաղաքապետը Լիոնում մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացմանը

Պաշտոնական այցով Լիոնում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Լիոնի մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի, Ֆրանսիայի հանրապետությունում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ու Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ մասնակցել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողությանը: Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից, համաժողովին մասնակցելու նպատակով Լիոն են այցելել նաև պատվիրակություններ ՀՀ տարբեր մարզերից ու համայնքներից: Նշվում է, որ գումարվող երկօրյա նիստերի ու սեմինարների շրջանակում քննարկումներ կծավալվեն «խելացի և կայուն» քաղաքների զարգացման, զբոսաշրջության խթանման ու քաղաքային տնտեսության այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կնախանշվեն ապակենտրոնացված համագործակցության գերակա ուղղությունները: Երևանյան պատվիրակության անդամները կմասնակցեն «Խելացի և կայուն քաղաքներ» աշխատախմբի կլոր սեղան-քննարկմանը:
19:20 - 29 հունիսի, 2022
Կարևորում ենք գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում. Հրաչյա Սարգսյան

Կարևորում ենք գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մարսել այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել եմ տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը:Երևանը, ևս մտել է տրանսպորտային համակարգի բարեփոխումների մեծ փուլ և մենք առանձնակի ենք կարևորում գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում: Մարսելում հանդիպում եմ ունեցել նաև հայ գործարարների հետ, որի շրջանակում էլ հայ-ֆրանսիական արդյունաբերության պալատի անդամներին եմ ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, առկա խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը: Քաղաքային տնտեսության զարգացման առումով մենք կարևորում ենք գործարար շրջանակների ներգրավվածությունը, և Երևանը բաց ու պատրաստակամ՝ քննարկելու ցանկացած առաջարկ և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը»:
11:26 - 29 հունիսի, 2022
Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ

Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Խոսելով տրանսպորտային համակարգի Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում: Այնուհետև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է հայ գործարարների հետ, ովքեր հայ-ֆրանսիական արդյունաբերության պալատի անդամ են: Հրաչյա Սարգսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, առկա խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը: Քաղաքային տնտեսության զարգացման առումով կարևորելով գործարար շրջանակների ներգրավվածությունը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու ցանկացած առաջարկ և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Հայազգի գործարարները ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել և նշել, որ իրենց համար անչափ կարևոր է մասնակցել Երևանի զարգացմանը միտված նախաձեռնություններին:
15:51 - 28 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին:   Կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի դերը՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ վերջինները պետք է մշտական կապի մեջ լինեն բնակիչների հետ ու տեղերում հասկանան առկա խնդիրները: «Քաղաքում նախաձեռնված լայնածավալ նախագծերին զուգահեռ՝ վարչական շրջաններից յուրաքանչյուրն էլ իր հերթին է ծրագրեր իրականացնում: Շատ կարևոր է, որ դուք մշտական շրջայցերի ընթացքում տեղերում ծանոթանաք վարչական շրջանների խնդիրներին, ու բնակիչների հետ միասին կարողանանք գտնել արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետը:   Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:   Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրեն Ղամբարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:
19:00 - 22 հունիսի, 2022
Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

 |armenpress.am|

Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և թվով 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար: Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման տասը տարին լրանում է այս տարի, և տեխնիկական խնդիրները լուծելու համար  Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան: «Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և  մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին  87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երևանում:  
17:32 - 21 հունիսի, 2022
«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

news.am: Խողովակների փոխարինման միակ նորմալ կազմակերպողը ձեր կազմակերպությունն էր. ուզում էի հասկանալ՝ բա՞ն է փոխվել. Կիեւյան-Օրբելի խաչմերուկից ավազը բերած, լցրած է, վրեն ոչ մի ծածկ չկա ընդհանրապես, նշանները գետնին տապալված է, քամին էլ ավազը այս ու այն կողմ է տանում. ես երեկ երեկոյան եմ տեսել, ենթադրում եմ՝ ուրբաթ բերել, թողել են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Վեոլիա ջուր»-ի ներկայացուցչին: Վերջինս տեղեկացրել էր, որ մեկ շաբաթում գրանցվել է 505 վթար, քանդվել է 256 քմ ասֆալտ, որից 155-ը վերականգնվել է, մնացածը կվերականգնվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագրեր ՀԷՑ-ի «Վեոլիա Ջուր»-ի, «Գազպորմ Արմենիա»-ի և կապի հետ, որոնք վերաբերում են վթարա-վերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին: Նրա խոսքով՝ այդ պայմանագրերում գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի պահանջները և շինհրապարակի կահավորումը. «Պարոն քաղաքապե՛տ, ես խնդրում եմ ձեր հանձնարարականները, որպեսզի վարչական շրջանի ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պարտականություններն այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ»,-ասաց Արեյանը: Քաղաքապետի խորհրդականը հավելեց, որ պայմանագրի վերահսկողությունն վարչական շրջանների ղեկավարների վրա է, վարչական պատասխանատվություն կրում են շինարարական աշխատանքներ կատարողները, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավասությունը կրկին վարչական շրջանների ղեկավարներինն է: «Պետք է խիստ վերահսկողություն լինի մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Խնդրում եմ, որ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունն ևս ամբողջությամբ վերանայի իր աշխատանքները: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը»,-հայտարարեց Կամո Արեյանը:    
12:01 - 20 հունիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

  Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Կատարի կառավարությունների միջև փոխգործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կհասնի: Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետը կարևորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը և Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Ընդգծվել է վերը նշված բոլոր ուղղությունների կապերը զարգացնելու լայն ներուժը, որի իրացման նպատակով երկու երկրների վարչապետները կառավարությունների համապատասխան ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին տվել են կոնկրետ հանձնարարականներ: Հանդիպման արդյունքներով, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայութամբ, երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին ստորագրել են Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կատարի առողջապահության նախարար տիկին Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են ՀՀ և ԿՊ միջև առողաջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։ Վարչապետ Փաշինյանն այսօր հանդիպում կունենա նաև Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։
13:50 - 13 հունիսի, 2022
Փլուզման հետևանքով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ կբացվի 4-5 օրից |armenpress.am|

Փլուզման հետևանքով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ կբացվի 4-5 օրից |armenpress.am|

armenpress.am: Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից և այն ամբողջությամբ կբացվի: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ճամփեզրին կատարվող շինարարությանը՝ քաղաքապետն ասաց. «Որպես այդպիսին, այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել: Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով  փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է այդ ճանապարհն իր միջոցներով: Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր էր»: Խոսելով շինարարից՝ քաղաքապետն ասաց, որ քաղաքացին սեփական հող ունի այտեղ, դիմել է քաղաքապետարան, շինթույլտվություն է ստացել, որպեսզի շինարարությունն իրականացնի: Նա չբացառեց, որ մեկ այլ շինարարի հետ ևս նման բան կարող էր լինել: «Մոտ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի: Երկու հերթափոխով աշխատանք են անում, առավոտյան ժամը 6-ից աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Սարգսյանը:
15:56 - 03 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների ու ռեգիոնների հետ և այս համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի: «Տիկին Իդալգո, տեղյակ եմ, որ բազմիցս եղել եք Երևանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ձեր առանձնահատուկ վերաբերմունքը մեր մայրաքաղաքի ու երկուստեք հարաբերությունների հարցում: Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) հետ գործակցության շրջանակում ունենք առաջընթաց և առաջիկայում նախանշում ենք նոր ծրագրերի իրագործում: Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած աջակցությա համար: Մենք մեծապես կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, և հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, մասնակցություն կունենամ նաև ես»,- ընդգծել է Երևանի քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցը նոր թափ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցության ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր հերթին նկատել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա է՛լ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը: «Երևանի և Փարիզի հարաբերությունները չափազանց սերտ են, և սա իմ երրորդ այցն է Երևան: Մենք արդեն իսկ ունենք շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն. Երևանի ներշնչմամբ կարողացել ենք «Թումո» կենտրոն բացել նաև Փարիզում: Այսօր մենք նախանշում ենք նաև ավելի ընդլայնված գործակցություն, մասնավորապես՝ ժառանգության պաշտպանության հարցերով, և այս ուղղությամբ աշխատանքներին Երևանի մասնակցությունը ևս կլինի համապարփակ: Ես շատ եմ սիրում այս քաղաքը և երջանիկ եմ, որ այսօր մենք Երևանի հետ նոր ծրագրերի հիմքեր ենք դնում»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրերի և նախանշված աշխատանքների իրականացման շուրջ:
16:57 - 28 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին, որը Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնքւմ են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ «Երևանի ու Պոդգորիցայի միջև գործակցության հիմքեր են դրվել դեռևս 1974թ.-ին, սակայն այս տարիների ընթացքում համատեղ ծրագրեր չեն իրականացվել: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է երկուստեք կապերի ամրապնդման ու գործակցության հաստատման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Պոդգորիցան առաջիններից է, որ դարձել է Երևանի գործընկեր քաղաք, մեր բարեկամությունը շուրջ 50 տարվա պատմություն ունի: Կարծում եմ՝ Ձեր այցը լավ հնարավորություն է՝ նոր թափ հաղորդելու երկու քաղաքների միջև հաստատված գործակցությանը: Վստահ եմ, որ մեր թիմերի համատեղ ջանքերով կկարողանանք զարգացնել մեր հարաբերությունները՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ու ուղղություններ»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչն իր հերթին կարևորել է երկուստեք կապերի հաստատումը և նշել, որ համատեղ ծրագրերի իրականացման համար կա լայն դաշտ: «Կարծում եմ, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակում մենք կարող ենք արդյունավետ ու փոխշահավետ գործընկերություն ծավալել։ Մեզ համար ևս շատ կարևոր է կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում»,- նշել է Իվան Վուկովիչը: Նշվում է, որ պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն ու Պոդգորիցայի քաղաքապետն այցելել են Էրեբունի վարչական շրջանում գտնվող Տիտոգրադյան փողոց, որն անվանակոչվել է 1984թ.-ին:
22:02 - 26 մայիսի, 2022