Սպիտակ

Քաղաք Հայաստանի Լոռու մարզում։ Սպիտակը գտնվում է Վանաձոր-Գյումրի և Վանաձոր-Երևան ավտոմոբիլային մայրուղիների խաչմերուկում, Փամբակի հովտում, Փամբակ գետի և դրա վտակ Ջրաշենի ափերին, ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա: Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ է, իսկ մայրաքաղաքից` 97 կմ:

Քաղաքի վարչական տարածքը 6066.75 հա է, բնակչությունը պաշտոնապես 13.000 մարդ: Համայնքի գործող ղեկավարը Գագիկ Սահակյանն է։

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար |fip.am|

ՔՊ-ն, այլ համայնքների վարչական ռեսուրսն օգտագործելով, ձայներ է հավաքում Ավինյանի համար |fip.am|

fip.am: Եթե շտապում ես․ համառոտ՝ նյութի մասին «Անկախ դիտորդ» դաշինքը ստացել է տեղեկատվություն, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունից ստացված հրահանգով Սպիտակի համայնքապետը հանդիպել է համայնքի վարչական ղեկավարներին և հրահանգել կապ հաստատել Սպիտակի հետ կապ ունեցող, բայց Երևանում գրանցված քաղաքացիների հետ և «ձայներ հավաքել» Տիգրան Ավինյանի ու ՔՊ օգտին Երևանի ավագանու ընտրություններում։ Նրանց բաժանվել են համապատասխան ձևաթղթեր։  «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքապետի տեղակալին, ներկայացել որպես ՔՊ-ական պատգամավորի օգնական և ապացույցներ հավաքել, որ համայնքում համակարգված ձևով աշխատում և ձայներ են հավաքում ՔՊ թեկնածուի համար։  Վարչական ղեկավարներից ոմանք հայտնել են, որ տեղյակ չեն կամ հրաժարվել են հեռախոսով տեղեկություն փոխանցել։ Վարչական ղեկավարներից ոմանք հրաժարվել են «պատժիչ գործողություններ» իրականացնել Ավինյանի օգտին քվեարկելուց հրաժարվողների նկատմամբ։ «Անկախ դիտորդը»  նմանատիպ գործընթացների մասին տեղեկություններ ունի Ալավերդի, Տաշիր, Գյուլագարակ, Վեդի և Մասիս համայնքներում: «Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ ունեցող և Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ իրազեկողի, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին։  Հայտնի դարձած տեղեկություններից հնարավոր էր անել տարբեր ենթադրություններ, և հաշվի առնելով ՔՊ կուսակցության նման «քարոզարշավի» ծավալման ոչ հանրային գործելակերպը՝ այդ ենթադրությունները հնարավոր չէր ստուգել ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ո՛չ էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:  Խախտման բնույթը հասկանալու համար կարևոր է գնահատել, թե արդյո՞ք համայնքի աշխատակազմն այս գործընթացում ներգրավվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու հարկադրանքով, թե՞ միայն կուսակցական համերաշխությունից դրդված։ Արդյո՞ք ընտրողներին հավաքագրելու գործընթացը ենթադրել է միայն օրինական քարոզչական հնարքներ, թե՞ սպառնալիքներ կամ խոստումներ եղել, որոնք կարող են քրեական հանցագործության տարրեր պարունակել։ Այսինքն, փաստացի, պիտի գնահատվեին վարչական ռեսուրսի չարաշահման կամ կուսակցական քարոզչության և հորդորի կամ սպառնալիքի կիրառման վարկածները։ Այս վարկածները ստուգելու նպատակով «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկեր «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին: Ձայնագրությունները Վարչական ղեկավարներից երեքը նշել են, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ նրանցից մեկը հայտնել է, որ թեև տեղյակ չէ, սակայն չի քննարկելու այդ հարցը հեռախոսով անծանոթ զրուցակցի հետ՝ մինչև համայնքի ղեկավարի հետ խոսելը: Մնացածի մոտ որևէ տարակուսանք չհարուցեց այն, որ Գևորգ Պապոյանի «օգնականն» իրենց զանգում է այս հարցով:  Վարչական ղեկավարներից առնվազն 6-ը (Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Ջրաշեն, Կաթնաջուր, Լեռնավան գյուղերի ղեկավարները) հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-ից մինչև 15-ական ընտանիք-ընտրող պարունակող ցուցակներ, որոնք տվել են Ավինյանի օգտին քվեարկելու հավաստիացում։ Երկուսը նշել են, որ պատրաստվում են մոտ օրերս այդ նպատակով գնալ Երևան, և ՔՊ-ից ներկայացող մեր գործընկեր-թղթակցին խնդրել են զանգել դրանից հետո:  Չնայած բնակավայրերի ղեկավարների խոսքում հիշատակված պոտենցիալ քվեարկողների հանրագումարը մոտ 100-ի կարգի էր, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն:  Վերջինիս հետ զրույցից (որն այս դեպքում իրականացվում էր «ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակցի» անունից) պարզ է դառնում նաև, որ իսկապես, համայնքապետին իջեցված հրահանգը եղել է կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կողմից, որը Սպիտակի համայնքային ծառայողներ հանդիսացող համայնքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին փոխանցվել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի միջոցով: Ձայնագրություններից նաև պարզ է դառնում, որ վարչական ղեկավարներն այս ցուցակագրումներն արել են աշխատավայրից: Այսպես, օրինակ, Ծաղկաբեր գյուղի ղեկավար Արամ Իգիթյանը հայտնեց․ «Ախպեր, ես հիմա տանն եմ, աշխատավայրում ա էլի ցուցակը»: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:47 - 21 հուլիսի, 2023
Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցն է |armtimes.com|

Այսօր Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցն է |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցն է: 1988թ. դեկտեմբերի 7-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյանին, տեղական ժամանակով 11:41-ին ցնցվեց Հայաստանի հյուսիսը: Սպիտակի երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում գնահատվեց 10 բալ, իսկ, ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի, մակրոսեյսմիկ ինտենսիվությունը եղել է արտասովոր կործանարար:  Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմեց 8 բալ և ավելին, ընդգրկեց երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Անօթևան մնաց 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացավ մոտ 20.000 մարդ, որոնցից հոսպիտալացվեցին  12.500-ը: Զոհվեց 25.000 քաղաքացի: Զոհեր շատ եղան հատկապես Գյումրիում՝ մոտ 15-17 հազար մարդ:  Սպիտակում մահացավ 4 հազար մարդ: Ավերվեց ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարեց  գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս կրեցին նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձանները: Ամբողջությամբ կամ մասամբ ավերվեցին մեքենաշինական, քիմիական, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկությունները, որոնք տարեկան շուրջ 2 մլրդ ռուբլի համախառն արտադրանք ունեին։ Հանրապետության տարածքի 1/3–ի արտադրական և սոցիալական ենթակառուցվածքը դադարեց  գործելուց։ Անմիջական նյութական վնասը 1988թ–ին գնահատվեց 10 մլրդ ռուբլի: Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան դեկտեմբերի 7-ին հաջորդած 2-ից 3 օր հետո միայն: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից, զոհված կամ կենդանի, հանվեց ավելի քան 45.000 մարդ: Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալի: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։ Լիովին ավերվել են Սպիտակ քաղաքն ու հարակից 58 գյուղ, չափազանց տուժել է ներկայիս Գյումրի քաղաքը, Ստեփանավանը, ներկայիս Վանաձորն ու ավելի քան 300 բնակավայր:  Ավերված շրջանների վերականգնմանը մասնակցեցին ԽՍՀՄ–ի բոլոր հանրապետությունները, 111 երկիր: Օգնության ձեռք մեկնեցին նաև  Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան: Աղետի գոտի եկան մասնագետներ, տրամադրվեց  փրկարարական սարքավորումներ, սննդամթերք և դեղորայք։ Աղետի գոտում տեղադրվեց  50 հազար վրան և 200 դաշտային խոհանոց։ Փրկարարական աշխատանքներին բացի տեղաբնակներից եւ կամավորներից, մասնակցեց մոտ 20 հազար զինվոր ու սպա, փլակատների մաքրման աշխատանքներում ներգրավվեց 3 հազար միավոր ռազմական տեխնիկա։
09:22 - 07 դեկտեմբերի, 2022
ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների

ՀՀ, ՌԴ և Ճապոնիայի պաշտոնյաները մասնակցել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի միջոցառումների

Սպիտակի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Գյումրի են այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՌԴ ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Կառավարության, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները, ՌԴ պատվիրակության անդամները մասնակցել են Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղի ունեցած հոգեհանգստի կարգին, ծաղկեպսակ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ «Իսկ 88-ի երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում արհավիրքի զոհերի հիշատակին իրենց խոնարհումն են բերել ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրանց ուղեկցել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Սպիտակի համայնքապետի ժ/պ Քաջայր Նիկողոսյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցները»,- հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Ծաղկեդրման արարողությունը կայացել 2011 թ.-ին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի ու 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: «Ինչպես Հայաստանն, այնպես էլ Ճապոնիան երկրաշարժավտանգ երկրներ են և մեզ համար կենսական խնդիր է աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների կանխարգելման ուղղությամբ ջանքերի գործադրումը, և մենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ենք հղում Ճապոնիայի կառավարությանը»,- ասել է Արմեն Գասպարյանը: Ֆուկուշիմա Մասանորին էլ իր հերթին ընդգծել է երկու երկրների նմանությունն ու կառուցողական գործընկերային հարաբերությունների կարևորությունը: Դեսպանի խոսքով՝ թե´ Հայաստանը և թե՛ Ճապոնիան բազում արհավիրքներ են տեսել, սակայն շարունակում են ապրել՝ պայքարելով և ոտքի կանգնելով: «Երկրաշարժից տուժած քաղաքներում Հիշատակի արարողությունների մասնակիցներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված՝ անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
21:33 - 07 դեկտեմբերի, 2021
Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Աղետի գոտում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում. փոխվարչապետ

Դեկտեմբերի 7-ը Սպիտակի երկրաշարժի 33-րդ տարելիցն է, ինչի կապակցությամբ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ուղերձով է հանդես եկել: Ինչպես  տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ոգեկոչում ենք 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր, բեկեց հարյուր հազարավոր ճակատագրեր և իրենից հետո թողեց աղետի գոտի: Ծնված և մեծացած լինելով Գյումրիում՝ ինքս անմիջականորեն զգացել եմ երկրաշարժի ծանր բեռը, սեփական աչքով տեսել մարդկանց կրած զրկանքներն ու դառնությունները: Անձնականի վերածված հանրային այդ ցավը չի կարող լքել որևէ անհատի, որն ազդվել է այդ արհավիրքից կամ գոնե իր աչքով է տեսել աղետի գոտին: Ամեն տարի դեկտեմբերի 7-ին մենք վերապրում ենք աղետին զոհ դարձած մեր հայրենակիցների առջև ունեցած պարտքի զգացումը՝ ստեղծելու բարեկեցիկ և առողջ միջավայր բոլորի, առաջին հերթին՝ նրանց սերունդների համար: Ուզում եմ շեշտել, որ աղետի գոտու բնակավայրերում ապրող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծումը շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթությունների շարքում՝ ապրուստի պատշաճ պայմաններ ստեղծելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար: Վերստին արտահայտելով իմ խոնարհումը նահատակված մեր հայրենակիցների հիշատակի առաջ՝ վերահաստատում եմ հանձնառությունս՝ ջանք չխնայել երկրաշարժի հետևանքների վերացման հարցում, որովհետև նրանց հիշատակի արժևորումը, կարծում եմ, առաջին հերթին պետք է լինի գործով՝ հանձին Սպիտակի, Գյումրու և մյուս տուժած բնակավայրերի վերածննդի:
10:49 - 07 դեկտեմբերի, 2021
Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի |1lurer.am|

Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի |1lurer.am|

1lurer.am:  Լոռու մարզի Սպիտակ համայնքի 22/21 ընտրատեղամասում ընդհանուր առմամբ գրանցված է 1507 ընտրող։ Ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 82 քաղաքացի։ Սպիտակում, հիշեցնենք, ընտրապայքարին մասնակցում է քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Իմ հզոր համայնք», «Հայրենիք» և ՀՅԴ։ ՔՊ֊ի ընտրացուցակը գլխավորում է Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Քաջայր Նիկողոսյանը, «Իմ հզոր համայնքի» ընտրական ցուցակի առաջին համարը ՀՀԿ֊ական նախկին քաղաքապետ Գագիկ Սահակյանն է, «Հայրենիք» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Կարեն Թեմուրյանը, Իսկ ՀՅԴ-ինը՝ Սասուն Ասատրյանը։ Սպիտակում 31 ընտրատեղամաս կա։ ՏԸՀ նախագահ Մկրտիչ Ավետիսյանը «Լուրերի» թղթակցին հայտնել է՝ ժամը 11.00֊ի դրությամբ բոլոր տեղամասերում ընտրական գործընթացն ընթացել է բնականոն հունով և որևէ ահազանգ չի ստացվել։
11:41 - 05 դեկտեմբերի, 2021
Սպիտակի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը |armtimes.com|

Սպիտակի քաղաքապետարանի մոտ մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը |armtimes.com|

armtimes.com: Գլխավոր լուսանկարն armtimes.com-ի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի համայնքապետարանի առաջ վաղ առավոտից հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում են քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը: Քաղաքացիների այս պահանջը պայմանավորված է քաղաքապետի եւ ավագանու մի շարք անդամների կողմից ՀՀ վարչապետի հրաժարականի մասին օրերս արված հայտարարության հետ: Այս պահին քաղաքապետարանի շենքի դիմաց մոտ 50 մարդ կա հավաքված: ՀԺ-ի հետ զրույցում քաղաքապետ Գագիկ Սահակյանը հայտնեց, որ ցուցարարները մեծ հաշվով իրավունք չունեն իր հրաժարականը պահանջելու, որովհետեւ նրանց մի մասը եկել է այլ շրջաններից, մյուսներն էլ տարատեսակ օգնություններ են ստացել: Ցուցարարների շարքում, ըստ Սահակյանի, կան նաեւ այնպիսի քաղաքացիներ, որոնք մի քանի անգամ բնակարաններ են ստացել:  «Ցույցի բոլոր մասնակիցների դեմքերը ֆիքսված են, նրանց անցյալը հատ-հատ ներկայացվելու է»,- նշեց քաղաքապետը: Քաղաքապետի հրաժարականի պահանջով ցույցը շարունակվում է, տարածքում կան ոստիկանության աշխատակիցներ։
11:14 - 10 դեկտեմբերի, 2020
Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի

Սպիտակի բժշկական կենտրոնն այսօրվանից միացել է համավարակի դեմ պայքարին. իսկ Վանաձորի ԲԿ-ի հարակից տարածքում ինֆեկցիոն բաժանմունք կկառուցվի

Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նա այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, որը նույն օրը միացել էր համավարակի դեմ պայքարին՝ իր թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։ Այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 հիվանդ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ հիվանդներ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։ Նախարարը և մարզպետը շրջել են տարածքում, ծանոթացել և իրենց գոհունակությունը հայտնել ստեղծված պայմաններից: Այնուհետ նրանք ժամանել են Վանաձոր, այցելել Վանաձորի ԲԿ-ին հարակից տարածք, որտեղ, ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է նախարարը, նախատեսվում է կառուցել 30+15 մահճակալային ֆոնդով ինֆեկցիոն բաժանմունք։ Կառուցումն իրականացվելու է Կայունացման և զարգացման եվրասիական հիմանդրամի միջոցներով, ում հետ այս պահին բանակցություններ են ընթանում  
13:15 - 03 հուլիսի, 2020
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել |armtimes.com|

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ժամը 13։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։ Հրդեհը բռնկվել է նիստերի չօգտագործվող դահլիճում։ Կրակը տարածվել է մեծ արագությամբ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել։ Դատարանի կարգադրիչներն ու շենքում գտնվողները փորձել են կրակմարիչներով, սեփական ուժերով պայքարել կրակի դեմ՝ մինչ կժամանեին հրշեջները։ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը շենքի մյուս հատվածներում։ Շենքը լուրջ վնասներ է կրել ոչ միայն այրված դահլիճում՝ դրա գույքով, այլ նաեւ շենքի մյուս հատվածներում։
11:12 - 12 ապրիլի, 2019
Պաշտոնատար անձի կողմից կաշառք տալ, կաշառք ստանալ ու կաշառքի միջնորդություն. քրեական գործեր ՀԺ-ի հրապարակման հիման վրա |armtimes.com|

Պաշտոնատար անձի կողմից կաշառք տալ, կաշառք ստանալ ու կաշառքի միջնորդություն. քրեական գործեր ՀԺ-ի հրապարակման հիման վրա |armtimes.com|

Armtimes.com-ում մարտի 18-ին հրապարակված «Կոլեկտիվով 21 հազար դրամ ենք հավաքել տվել, որ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ չանի. Սպիտակի մշակույթի տան աշխատակից» հոդվածի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով: Հոդվածը Լոռու դատախազությունն ուղարկել էր ոստիկանության Սպիտակի բաժին՝ նյութեր նախապատրաստելու. «Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-֊ի 311֊ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, քրեական օրենսգրքի 312 հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով), ինչպես նաեւ 313 հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդություն (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
11:46 - 09 ապրիլի, 2019
21 000 դրամ ենք տվել նախագահի վերահսկողությանը, որ ստուգումներ չանեն. Սպիտակի մշակույթի տան աշխատակից

21 000 դրամ ենք տվել նախագահի վերահսկողությանը, որ ստուգումներ չանեն. Սպիտակի մշակույթի տան աշխատակից

Սպիտակի մշակույթի տան երգի խմբավար Ինգա Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ահազանգ է հնչեցրել մշակույթի տանը տիրող լարված մթնոլորտի, աշխատակիցներից գումարներ հավաքելու, ինչպես նաեւ իրենց աշխատանքից ազատվելու դիմումներ պարտադրելու վերաբերյալ: «Խնդիրը սկսվեց 2018թ-ի ֆինանսական խնդիրներից, երբ փոփոխված օրենքով պետք է 5 տոկոսի փոխարեն պահում արվեր 3.5 տոկոս՝ հուլիսի 1-ի դրությամբ, մեր մինիմալ աշխատավարձը 55 հազարից դարձավ 57 հազար դրամ, հուլիս-սեպտեմբեր ամիսները նորմալ ստացանք, հոկտեմբեր ամսին տնօրենը հայտարարեց, թե 3 ամիսը սխալ են հաշվարկել ու խնդրեց ավել 2000 դրամները հետ վերադարձնել, ես էլ թուղթ պահանջեցի, թե ինչու է սխալ հաշվարկ արվել եւ ինչու պետք է հետ տամ այդ գումարները: Տնօրենն ասաց, որ որեւէ թուղթ չի կարող տալ, բայց գումարները պարտավոր ենք հետ վերադարձնել, առաջարկեցի նաեւ հետգանձում անեն, բայց մերժեցին»,-պատմեց Ինգան՝ նշելով, որ տնօրենը զանգահարել է իր բնակարան ու պահանջել, թե որտեղից ուզում ես ճարի, բեր տուր. «Տնօրենն ասում էր, թե աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը էդ գումարները հետ ա պահանջում, թե իբր բյուջեին վնաս ենք տալիս, մինչեւ էսօր հին գումարով ենք վճարվում՝ 55000 դրամ, որը էլի օրինական չի»: Ինգայի պատմելով՝ գումարը չվերադարձնելու պատճառով կոնֆլիկտ է առաջացել, ինքը դիմել է մարզպետարան՝ ասվածի օրինականությունը ճշտելու նպատակով, որն էլ ըստ իր խոսքերի, իրեն դարձրել է «ազգի դավաճան»: Մշակույթի տան խմբավարը հայտնեց, որ դեռ 2016թ-ին նախագահի վերահսկողական ծառայությունը պետք է ստուգումներ իրականացներ, սակայն իրենք աշխատակիցներով գումար են հավաքել-տվել, որ ստուգումների չգան՝ գումարը տվել են, ստուգումները՝ չեն արվել. «Նախագահի վերահսկողությունից եկել էին մեզ մոտ աուդիտի, մեզ վախացրեցին, թե գիտեք՝ էն ժամանակն ինչպես էր… որպեսզի ձեզ մոտ չմտնեն, եղած խախտումները չգտնեն, ձեզ էլ գործից չհանեն, բոլորդ 21000 դրամ մի մարդու նման հավաքեք, որպեսզի տանք վերահսկողությանը, որ իրենք մշակույթի տուն չմտնեն: Հավաքեցինք, տվեցինք ամբողջ կոլեկտիվով, միայն հավաքարարը չտվեց, ում հաջորդ ամիս գործից հեռացրեցին»: Ավելին՝ armtimes.com-ում
11:14 - 18 մարտի, 2019